Այսօր ArmeniaNow.com–ում կարդացի Արմեն Շեկոյանի «Հայկական ժամանակ»–ի մասին մի հոդված։ Վերջը հետաքրքրեց։ Մի օր կկարդամ։
Այստեղ էլ դնեմ այդ հոդվածը։
Արձակ` հանպատրաստից. վիպասանն ու օրաթերթը գտել են գեղարվեստական երկի հաջողության բանաձևը
Վերջին 1,5 տարվա ընթացքում «Առավոտի» ամեն շաբաթօրյա համարում տպվում է Արմեն Շեկոյանի «Հայկական ժամանակ» վեպի մի գլուխ:
Ի՞նչն է պատճառը, որ այդ ամբողջ ընթացքում լուրերի կողքին վեպի գլուխները ներդաշնակ են երևում, մանավանդ որ այս վեպը պատմում է խորհրդային անցյալը միախառնված ներկայի հետ:
Գրող Միլան Կունդերան գրում է, որ ի տարբերություն պատմության, որ մարդուն պարտադրված է որպես օտար ուժ, վեպի պատմությունը ծնված է մարդու ազատությունից, նրա խորը անձնական ստեղծագործականությունից, նրա ընտրությունից, և վրեժ է պատմության նկատմամբ:
Եթե այդպես է, ապա Հայաստանը բաց է թողել մի հսկա հատված որպես վեպի պատմություն:
Իհարկե, խորհրդային տարիներին տպվում էին վեպեր, բայց դրանք Կունդերայի ասած պարտադրված դրսի օտար ուժի պատմության նմանակումներն էին, որտեղ հերոսները հարմարեցված էին գրաքննության պատկերացրած ստերիլ կերպարներին: Միայն գյուղի թեմայով գրականությանն էր որոշ ազատություն տրված, քանի որ բրեժնևյան Սովետը ստալինյանի հետևանքով ճնշված ու ավերված գյուղը փրկելու քաղաքականություն էր տանում: Խորհրդային քաղաքի մասին արձակը և իրական կյանքը այն զուգահեռներն էին, որ երբեք չէին կարող հատվել:
Ու եթե Կունդերայի միտքը շարունակվի, որ իրական պատմությունը ոչ թե դասագրքերինն է, այլ վեպերինը, ապա սովետահայ իրականությունը զրկված է պատմությունից: Շեկոյանը գրում է մյուս զուգահեռը, անհայտը, որ մնացել է միայն հիշողություններում, որ Սովետի ժամանակ երբեք չէր կարող տպվել, և որն այսօր «Առավոտի» էջերում դառնում է նորություն: Սա այն հազվագյուտ գրական գործերից է, որի տպագրվելով երևում է խորհրդային գրաքննության վերանալը:
53-ամյա Շեկոյանը 11 բանաստեղծությունների գրքերի հեղինակ է: Վերջին ժողովածուները` «Անտիպոեզիա» և «Երևան» հյուրանոց», քանդում էին պոեզիայի վերաբերյալ պատկերացումները (տես`Անտիպոեզիա հարակից հոդվածը): 50 տարին լրանալուց հետո որոշեց միայն արձակ գրել: Հրատարակեց «Մետաքսի ճանապարհը» պատմվածքների ժողովածուն:
Վեպի չորրորդ գլուխը սկսվում է «Ես իմ արևին ինքնակենսագրական վեպ եմ սկսել» տողով: Այդ ինքնակենսագրությունը մի ամբողջ խորհրդային սերնդի կենսագրությունն է դառնում: Վեպի առաջին հատորի հիմնական չորս հատվածները` պատանեկություն, ուսանողություն, ծովափ և բանակ, երևանցի երիտասարդ տղայի կյանքի անբաժան մասերն են, ու էլի հակապատկերը սովետահայ վեպերի իդեալական ինտելիգենտ կամ բանվոր հերոսների: Այդ տղան դպրոցին զուգահեռ մի այլ` փողոցի կրթություն էր ստանում (ֆուտբոլի մարզադաշտում ջուր ու տոմս ծախող տղաները հակապատկերն են իրականում դասագրքերում ներկայացվող ծերունիներին փողոց անց կացնող գոյություն չունեցող պիոներների):
Միօրինակ կյանքում ստալինյան ռեժիմից հետ բրեժնևյան լճացման տարիներին մարդիկ փոքրիկ խախտումների հնարավորություն էին ստացել, որ նրանց երջանիկ էր դարձնում: Վեպն այդ երջանկության պատմությունն է, ու նրա փնտրտուքը մեր առօրյայում: Այդ որոնումների ժամանակ հեղինակը վեպից ազատորեն ներսուդուրս է անում, չենթարկվելով պատումի ընդունված կանոններին, որ նորություն է հայ գրականության մեջ: Օրինակ` բանակի առաջին օրը խոհարար Մացոյի սարքած «տուշոնկայով» ընթրիքը նկարագրելիս հեղինակը պատումից դուրս է գալիս, որ գտնի «տուշոնկայի» համը ու հետո այդ որոնումն էլ վեպի պատումի մեջ մտցնում. «Երբ վեպիս հենց էս հատվածն էի գրում ու վերապրում էի Մացոյի էն «տուշոնկայի» համն ու հոտը, հանկարծ որկրամոլությունս բռնեց ու տանից արագ-արագ դուրս եկա, վազեցի «Փեթակ» և մի քանի բանկա տավարի «տուշոնկա» առա ու շտապ-շտապ վերադարձա տուն, և երբ էդ «տուշոնկան» տապակած կարտոֆիլով ու տոմատով կերանք, պարզվեց, որ մեր էն խորհրդային «տուշոնկան» միանգամայն ուրիշ էր»:
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանն ասում է, որ վեպը ամենաբևեռային արձագանքներն է ստանում. մի մասը` լեզվի պուրիտանները, բողոքում են, թե ինչպես կարելի է երևանյան լեզվով վեպ գրել, մյուսներն էլ համեմատում են Չարենցի «Երկիր Նաիրիի» հետ:
Շեկոյանի վեպը ակամա քանդում է գրականության մասին նաև այլ պատկերացումներ:
Մի գրող` բողոքելով «Հայակական ժամանակից» ասաց` վեպը պիտի մարմին ունենա, Շեկոյանինը չունի: «Հայկական ժամանակը» ներկայացնում է մի մարմին, որին սովոր չէ հայ գրողը, այս մարմինը տարածվում է անցյալի, ներկայի և ապագայի մեջ: Վեպի ամեն հաջորդ գլուխ գոյություն ունի ապագայում, և դեռևս ինքը հեղինակն էլ չգիտի, թե ինչ պիտի լինի այնտեղ: Դեպքերից և հրապարակված գլխի արձագանքներից, որոնք ապագայում են, կախված է հաջորդ գլխի բովանդակությունը:
Վեպը ամենից շատ համովացնում է նրա գլխավոր համեմունքը` հումորը: Հումորը ներծծված է նաև պատումի ամբողջ տարածքում, որի համը զգալ առանձին մեջբերումով հնարավոր չէ: Սակայն սա մի հումոր է, որ չի ծաղրում ինչ-որ բարոյական դիրքերից, որ այսօր ընդունված է հայ արձակում, այլ մի հումոր, որով ընթերցողին սիրել է տալիս բազմատեսակ հերոսներին` փոխգնդապետ Կարավանին ու նրա կնոջը` Լարիսա Իվանովնային, Լենուղի գյուղի աշակերտ մի քանի տարի նույն դասարանում մնացած թզուկ Բենյամինը, Հանրային հեռուստատեսության հաղորդավար Նազելին, որին գրքից դուրս տեսնում ենք եթերում ու համաձայնում Շեկոյանի հետ, որ նա իրոք գեղեցկուհի է…
Եվ ընթերցողը սկսում է հետաքրքրվել վեպից դուրս նրանց ճակատագրով, ինչպես մեկն է հետաքրքրվում իր տարիներ առաջ ունեցած ծանոթների ճակատագրով:
Մի քանի ամիս առաջ լույս տեսավ վեպի առաջին հատորը: Վերնագրի տակ թեև գրված է «Անավարտ վեպ», սակայն առաջին հատորը հստակ ֆինալ ունի, երբ հեղինակը մի տարի ծառայելուց հետո գալիս է «Պապլավոկ» սրճարան, տեսնում է դագաղ, թաղումն է բանաստեղծ Չիլոյի:
Ու երբ «Առավոտում» շարունակվում է վեպի երրորդ հատորը, պատրաստ է հրատարակության երկրորդ հատորը: Աբրահամյանն ասում է, որ կշարունակի տպագրել վեպը այնքան ժամանակ, քանի դեռ Շեկոյանը գրում է:
Վահան Իշխանյան
Էջանիշներ