•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
ԱՆՎԱՆ ՓՈԽՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 58. Անվան փոխումը
1. Տասնվեց տարին լրացած անձն իրավունք ունի սահմանված կարգով փոխելու իր անունը, որը ներառում է անունը, հայրանունը և ազգանունը:
2. Անվան փոխման պետական գրանցումը կատարվում է անունը փոխել ցանկացող անձի մշտական բնակության կամ ծննդի պետական գրանցման վայրի ՔԿԱԳ մարմնում՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համաձայնությամբ:
3. Տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձը իր անվան փոխումը կատարում է ծնողների, որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) գրավոր համաձայնության առկայության դեպքում, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա, բացառությամբ մինչև նրա` օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչվելու դեպքերի:
Տասնվեց տարին չլրացած անձի անվան փոխումը, ինչպես նաև ծնողի` նրան շնորհած ազգանվան փոխումը կարող է կատարվել ծնողների համատեղ (որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) դիմումի հիման վրա, իսկ համաձայնության բացակայության դեպքում` խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշմամբ:
4. Անվան փոխումը ենթակա է ՔԿԱԳ մարմնում պետական գրանցման:
5. Անվան փոխման գրանցումը ՔԿԱԳ մարմինների կողմից մերժվում է, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին, անունը փոխել ցանկացող անձի նկատմամբ հարուցված է քրեական գործ, կրում է քրեական պատիժ, ունի դատվածություն:
Անվան փոխման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(58-րդ հոդվածը լրաց., փոփ. 23.05.06 ՀՕ-64-Ն, փոփ. 25.05.11 ՀՕ-181-Ն)
Հոդված 59. Անվան փոխման մասին դիմումը
1. Անվան փոխման մասին դիմումը գրավոր ներկայացվում է ՔԿԱԳ մարմին:
2. Անվան փոխման մասին դիմումի մեջ պետք է նշված լինեն հետևյալ տեղեկությունները.
ա) դիմողի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, ազգությունը (դիմողի ցանկությամբ), բնակության վայրը, ընտանեկան դրությունը (ամուսնացած է, այրի է, ամուսնալուծված է, ամուսնացած չէ).
բ) դիմողի անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը.
գ) դիմողի և անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի վերաբերյալ նախկինում կատարված քաղաքացիական կացության ակտերի գրառումների տվյալները.
դ) անունը փոխել ցանկացող անձի ընտրած անունը, հայրանունը, ազգանունը.
ե) անունը փոխելու պատճառները.
զ) անհրաժեշտ այլ տեղեկություններ:
Անունը փոխել ցանկացող անձը ստորագրում է անվան փոխման մասին դիմումը և նշում այն ներկայացնելու ժամանակը:
3. Դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացվեն նաև հետևյալ փաստաթղթերը.
ա) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը.
բ) անունը փոխել ցանկացող անձի ծննդյան վկայականը, եթե դրանում կատարվելու են փոփոխություններ.
գ) դիմողի ամուսնության վկայականը, եթե դիմողն ամուսնացած է.
դ) ամուսնալուծության վկայականը, եթե դիմողը ցանկանում է վերականգնել իր մինչամուսնական ազգանունը.
ե) դիմողի անչափահաս երեխաներից յուրաքանչյուրի ծննդյան վկայականը.
զ) անհրաժեշտ այլ փաստաթղթեր:
Հոդված 60. Անվան փոխման պետական գրանցման կարգը
1. Անվան փոխման մասին դիմումը ՔԿԱԳ մարմինը քննության է առնում դիմում տալու օրվանից երկամսյա ժամկետում:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հարգելի պատճառների առկայության դեպքում դիմումի քննարկման ժամկետը ՔԿԱԳ մարմնի ղեկավարը կարող է երկարաձգել առավելագույնը մեկ ամսով, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը` առավելագույնը երկու ամսով:
2. Ընդունելով անվան փոխման մասին դիմումը՝ ՔԿԱԳ մարմինը դրանց պահպանման վայրի ՔԿԱԳ մարմիններից ստանում է քաղաքացիական կացության ակտերի այն գրառումների պատճենները, որոնցում անվան փոխման կապակցությամբ անհրաժեշտ է կատարել փոփոխություններ, ինչպես նաև ոստիկանության մարմինների եզրակացությունը: Ոստիկանության մարմինները պարտավոր են եզրակացություն տալ 15-օրյա ժամկետում:
3. ՔԿԱԳ մարմինը, ստանալով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, անվան փոխման վերաբերյալ կազմում է եզրակացություն ոչ ուշ, քան դիմումն ստանալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում, և համապատասխան գործի մյուս փաստաթղթերի հետ միաժամանակ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ գրանցման թույլտվություն ստանալու համար:
4. Եթե կորել են քաղաքացիական կացության ակտերի այն գրառումները, որոնցում անհրաժեշտ է կատարել փոփոխություններ, ապա անվան փոխման պետական գրանցումն իրականացվում է միայն սույն օրենքով սահմանված կարգով քաղաքացիական կացության ակտերի գրառումները վերականգնելուց հետո:
Եթե անվան փոխման մասին դիմումի հետ ներկայացված փաստաթղթերում և ստացված քաղաքացիական կացության ակտերի գրառումներում առկա է տեղեկությունների անհամապատասխանություն, ապա նման անհամապատասխանությունները պետք է վերացվեն քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարելու համար սույն օրենքով սահմանված կարգով։
Քաղաքացիական կացության ակտերի գրառումների վերականգնման, ուղղման, լրացման կամ փոփոխման անհրաժեշտության դեպքում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը չի հաշվարկվում մինչև քաղաքացիական կացության ակտի գրառման վերականգնում, ուղղում, լրացում կամ փոփոխում կատարելը:
5. ՔԿԱԳ մարմինը պարտավոր է դիմողի բնակության վայրի ոստիկանության մարմնին և զինվորական կոմիսարիատին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առնվազն մեկ վարկային բյուրոյին անվան փոխման մասին տեղյակ պահել այդ փոփոխության պետական գրանցումից հետո` առնվազն յոթ օրվա ժամկետում:
(60-րդ հոդվածը փոփ., լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն, լրաց. 22.10.08 ՀՕ-186-Ն)
Հոդված 61. Անվան փոխման ակտի գրառման բովանդակությունը
Անվան փոխման ակտի գրառման մեջ լրացվում են հետևյալ տեղեկությունները.
ա) մինչև անվան փոխումը անձի անունը, հայրանունը, ազգանունը, ազգությունը, ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, բնակության վայրը.
բ) անվան փոխումից հետո անձի անունը, հայրանունը, ազգանունը.
գ) դիմողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները.
դ) անվան փոխման ակտի գրառման ժամանակը, համարը և անվան փոխման պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).
ե) տրված անվան փոխման վկայականի սերիան և համարը.
զ) անհրաժեշտ այլ տեղեկություններ:
Հոդված 62. Անվան փոխման վկայականը
Անվան փոխման վկայականը պարունակում է հետևյալ տեղեկությունները.
ա) անունը փոխած անձի անունը, հայրանունը, ազգանունը (անվան փոխումից առաջ և հետո), ծննդյան վայրը և ժամանակը, քաղաքացիությունը, ազգությունը՝ անվան փոխման ակտի գրառմանը համապատասխան.
բ) անվան փոխման ակտի գրառման ժամանակը և համարը.
գ) անվան փոխման պետական գրանցման վայրը (ՔԿԱԳ մարմնի անվանումը).
դ) անվան փոխման վկայական տալու ժամանակը:
Հոդված 63. Անվան փոխման կապակցությամբ քաղաքացիական կացության ակտերի գրառումների փոփոխումը
1. Անվան փոխման ակտի գրառման հիման վրա անունը փոխած անձի վերաբերյալ նախկինում կատարված քաղաքացիական կացության ակտերի գրառումների մեջ սահմանված կարգով կատարվում են փոփոխություններ, և դրանց հիման վրա տրվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման նոր վկայականներ:
2. Ծնողների կողմից անվան փոխման դեպքում անչափահաս երեխայի ծննդի ակտի գրառման մեջ փոխվում են ծնողների մասին տեղեկությունները:
3. Չափահաս երեխայի ծննդի ակտի գրառման մեջ նրա ծնողների մասին տեղեկությունները փոխվում են տվյալ անձի դիմումի հիման վրա՝ քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարելու համար սույն օրենքով սահմանված կարգով:
4. Ծնողների կողմից ազգանվան և հոր կողմից անվան փոխման դեպքում տասնվեց տարին չլրացած երեխայի ծննդի ակտի գրառման մեջ փոխվում են երեխայի ազգանունը և հայրանունը:
5. Ծնողներից մեկի կողմից ազգանվան փոխման դեպքում նրանց` տասնվեց տարին չլրացած երեխայի ազգանունը կարող է փոխվել ծնողների համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշմամբ:
6. Ծնողների ազգանունների և հոր անվան փոխման կապակցությամբ չափահաս երեխաների ազգանվան և հայրանվան փոխումն իրականացվում է անվան փոխման պետական գրանցման համար սույն օրենքով սահմանված կարգով:
7. Անչափահաս երեխայի ծննդի ակտի գրառման մեջ կատարված փոփոխությունների հիման վրա տրվում է ծննդյան նոր վկայական:
(63-րդ հոդվածը լրաց. 23.05.06 ՀՕ-64-Ն)
Էջանիշներ