Հայ-թուրքական սահմանին այրել են Սերժ Սարգսյանի նկարը
09:20 • 01.08.11
Թուրքիայում շարունակում են քննադատություններ հնչել նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին օրեր առաջ Ծաղկաձորում հայագիտական առարկաների համահայկական օլիմպիադայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ արած արտահայտությունների համար:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Դողան» գործակալությունը, այսպես կոչված «Հայկական պնդումների դեմ պայքարի միությունը» (ASİM-DER) ի նշան Սերժ Սարգսյանի խոսքերի դեմ բողոքի` ակցիա է կազմակերպել հայ-թուրքական սահմանի Ալիջանի անցակետում:
Ակցիային, որին մասնակցել են Իգդիրում բնակվող թուրքեր և ադրբեջանցիներ, հնչել են հակահայկական կոչեր: Ակցիայի ավարտին մասնակիցները պատռել և այրել են Սերժ Սարգսյանի լուսանկարը:
«Սերժ Սարգսյանի խոսքերը ևս մեկ անգամ ի ցույց են դնում նրա թշնամանքն ու ատելութունը… Մենք` որպես հասարակական կազմակերպությունների և կուսակցությունների պլատֆորմ, դիմում ենք Սարգսյանին` քանի դեռ այդ խոսքերի պատճառով Թուրքիայի Հանրապետությունից ներողություն չեք խնդրել, մեր խոսքն ավելի կոշտ, իսկ գործողություններն ավելի գլոբալ բնույթ են կրելու: Մենք մեր երկրից մի քար անգամ չենք տա: Ինչպես մեր պապերն են ուս-ուսի տված այս հողերը նման վատ նպատակներ հետապնդող մարդկանցից պաշտպանել և մեզ փոխանցել, մենք էլ այդ հողերը կյանքի գնով պահպանելու և փոխանցելու ենք հաջորդ սերունդներին: Դա Սարգսյանն ու նրա պես մարդիկ թող լավ իմանան»,- ասել է ASİM-DER-ի նախագահ Գյոքսել Գյուլբեյը:
Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի՝ օրեր առաջ Ծաղկաձորում հայագիտական առարկաների համահայկական օլիմպիադայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությունն իրարանցում է առաջացրել Թուրքիայում:
Այդ հանդիպման մասին հրապարակումներից անմիջապես հետո թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն սկսեցին լուրեր ատարածել, թե Հայաստանի նախագահն, իբր, բառացիորեն ասել է` «Ղարաբաղը մենք վերցրինք, Արարատ լեռն էլ թողնում ենք ձեզ»:
Հիշեցնենք, որ Ծաղկաձորում հուլիսի 23-ին Սերժ Սարգսյանը պատասխանել էր Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Ի պատասխան մասնակիցներից մեկի այն հարցին, թե «…Մեզ սպասվում է ապագա, որը հիշեցնելու է Բաթումի պայմանագի՞րը, որի ժամանակ մի գերմանացի դիվանագետի վկայությամբ՝ մեզ Սևանում լողանալու տեղ թողեցին, սակայն չորանալու տեղ չթողեցին, թե՞ ապագա, որը մեզ կվերադարձնի Արևմտյան Հայաստանը` Արարատով հանդերձ», Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Այդ ամբողջը կախված է քեզնից և քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջև դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որևէ մեկին կշտամբեմ: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, և այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու՝ լավ կատարել: Եթե դու և քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը: Հավատա, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, և սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին: Բոլորս մեր պարտքը պետք է կատարենք, բոլորս պետք է լինենք ակտիվ, պետք է լինենք աշխատասեր, կարողանանք բարիք ստեղծել: Իսկ մենք դրան կարող ենք հասնել, շատ հանգիստ կարող ենք հասնել, և մեկ անգամ չէ, որ պատմության ընթացքում հասել ենք դրան: Ես դրանում չեմ կասկածում և ուզում եմ, որպեսզի դու էլ չկասկածես: Մենք մի ժողովուրդ ենք, որ, այո՛, փյունիկի պես միշտ հառնում ենք»:
Tert.am
Էջանիշներ