ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ ԱՌՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոն ՀԿ-ն սեպտեմբերի 17-ին հայցադիմում է ներկայացրել Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով «Կովկասի ինստիտուտին» պարտավորեցնել հերքել Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակումը¸ արգելել Ցեղասպանության բառի չակերտավոր կիրառումը և վնասի փոխհատուցում պահանջել:
Պատասխանող կողմը «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամն է¸ որը 2008-ին Երևանում հրատարակել է «Կովկասյան հարևանություն. Թուրքիան և Հարավային Կովկասը» վերնագրով գիրքը¸ գրքի խմբագիրը ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն է:
Գրքում զետեղված են թուրք¸ ադրբեջանցի¸ հայ¸ վրացի հեղինակների հոդվածներ: Թուրք հեղինակների հոդվածներում ցեղասպանությունը բառն առնված է չակերտների մեջ¸ բացի այդ¸ ինչպես այսօրվա ասուլիսում ասաց «Արարատ» կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը¸ գրքում առկա են բազմաթիվ ոչ հայանպաստ¸ անհաջող¸ ստի վրա հիմնված պնդումներ¸ որոնք կասկածի տակ են առնում Հայոց Ցեղասպանության փաստը: Կենտրոնի տնօրենի պնդմամբ¸ սա առաջին դեպքը չէ¸ երբ Ա. Իսկանդարյանը ոչ հայանպաստ դիրքերից է հանդես գալիս:
«Նա առաջին անգամ չէ¸ որ կեղծում է հայոց պատմությունը: Բազմաթիվ այլ դեպքեր կան»¸-կարծիք հայտնեց Ա. Այվազյանը:
Panorama.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանից¸ սակայն ինստիտուտից պատասխանեցին¸ որ պարոն Իսկանդարյանը Հայաստանում չէ ու Երևան կվերադառնա սեպտեմբերի 26-ին:
Ինչևէ¸ հայցադիմումը հանձնվել է դատարան¸ առայժմ պարզ չէ ոչ նախագահող դատավորի անունը¸ ոչ էլ լսումների օրը:
Հայցվոր կողմը մի քանի պահանջներ է ներկայացրել¸ քանի որ ըստ նրանց «Հիմնադրամը թույլ է տվել թե ազգային¸ թե միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների¸ ինչպես նաև նախադեպային և սովորութային իրավունքի մի շարք խախտումներ»¸ ինչպես նաև «Հայոց ցեղասպանությունը հերքող պնդումներն արատավորում են յուրաքանչյուր հայի պատիվն ու արժանապատվությունը»:
Իրավաբանական մի կազմակերպության հետ կենտրոնը հաշվարկել է¸ որ այդպիսով պատճառվել է բարոյական վնաս` 20 մլն դրամի: «Սա օդից վերցված գումար չէ: Այն հաշվարկված է ութ չափորոշիչների հիման վրա»¸-հավաստեց GPartners իրավաբանական ընկերության գործընկեր Սարգիս Գրիգորյանը:
Սակայն հայցվոր կողմն այդքան գումար չի պահանջելու հիմնադրամից: Դատարանին ներկայացված պահանջներն են` պատասխանողին պարտավորեցնել հրապարակավ հերքել վերոնշյալ գրքում վիճարկվող տեղեկությունները, մի քանի հեռուստաընկերությունների լրատվական գլխավոր թողարկումներում և մի քանի թերթերում¸ արգելել հետագայում Հայոց Ցեղասպանություն բառի չակերտավոր կիրառումը և պատասխանողի տիրապետման ներքո գտնվող նույն գրքի բոլոր օրինակների հետագա տարածումը¸ ինչպես նաև հասցրած բարոյական վնասի դիմաց հատուցել մեկ խորհրդանշական դրամ:
http://www.panorama.am/am/law/2009/09/23/ararat/
Էջանիշներ