Կրկին Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակման
և Կարսի պայմանագրի հետևանքների հնարավոր ճանաչման մասին
Վերջին շրջանում թուրքական լրատվամիջոցները հետևողականորեն լուրեր են տարածում
Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Կարսի պայմանագրի ճանաչման
կամ նախկին սովետա-թուրքական սահմանի հայաստանյան հատվածը որպես հայ-թուրքական
սահման ճանաչելու վերաբերյալ: Ներկայումս Ախուրյան և Արաքս գետերով անցնող
բաժանարար գիծը չունի հայ-թուրքական պետական սահմանի կարգավիճակ, քանի որ չկա
դրա վերաբերյալ որևէ օրինականորեն ուժի մեջ մտած և գործող միջազգային պայմանագիր:
Ենթադրենք, շեշտում եմ ենթադրենք, Հայաստանի Հանրապետության իշխանությունները
այս կամ այն ձևակերպմամբ ներկայումս de facto բաժանարար գծին տալիս են de jure
միջպետական սահմանի կարգավիճակ: Ինչքանո՞վ այն կլինի օրինական՝ միջազգային
իրավունքի և սահմանադրական իրավունքի տեսանկյուններից:
Հայ-թուրքական սահմանը, բնականաբար նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության և
Թուրքիայի Հանրապետության միջև գոյություն ունեցող միակ de jure սահմանը, այսինքն՝
վիլսոնյան սահմանը, չի հաստատվել երկկողմ պայմանագրով, որպեսզի հնարավոր լիներ այն
բեկանել կամ փոփոխության ենթարկել միայն երկու կողմերի համաձայնությամբ: Հայ-թուրքա-
կան սահմանը կայացել է օրինապես ուժի մեջ մտած իրավարար վճռով (arbitral award), որը
պարտադիր իրավական որոշում է ավելի քան մի քանի տասնյակ երկրների համար, այդ թվում
նաև Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության համար: Այսինքն,
վիլսոնյան իրավարար վճիռը, որն անշրջելիորեն ուժի մեջ է մտել 1920թ. նոյեմբերի 22-ին, ոչ
միայն ճանաչում է Հայաստանի Հանրապետության իրավունքներն ու տիտղոսը որոշակի
տարածքի վրա, այլև Հայաստանի Հանրապետության համար ստեղծում է ստանձնած
միաջազգային հանձնառություններին հավատարիմ մնալու անսակարկ պարտավորություն:
Տվյալ իրավարար վճռի անբեկանելիության ամենավառ վկայությունը ԱՄՆ Սենատի կողմից
1927թ. հունվարի 18-ին ԱՄՆ-ի և Թուքիայի de facto իշխանության միջև 1923թ. օգոստոսի 6-ին
կնքված պայմանագրի մերժումն էր, քանի որ հավանությունը կհակասեր ԱՄՆ-ի արդեն իսկ
ստնաձնած պարտավորություններին, որոնք բխում էին իրավարար վճռից:
Հետևաբար Հայաստանի Հանրապետության իշխանությունները որևէ ձևակերպմամբ չեն
կարող օրինապես ճանաչել Կարսի պայմանագրի հետևանքով առաջացած իրավիճակը,
քանի որ նման քայլը կհակասի ՀՀ միջազգային պարտավորություններին:
Կարսի պայմանագրի հետևանքների ճանաչումը, չեմ ասում Կարսի պայմանագրի, քանի
որ այն ստորագրման իսկ օրից անօրինական էր, կլինի նաև Հայաստանի Հանրապետության
գործող սահմանադրության ոտնահարում: Ըստ ՀՀ սահմանադրության 49-դ հոդվածի
ՙՀանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության անկախության,
տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է՚: Այսինքն, քեմալա-
բոլշևիկյան անօրինական գործարքի ճանաչումը և օրինականացման փորձը կհանգեցնի
Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման, քանի որ
անկախ այն բանից, որ Թուրքիան 1920թ.-ից ի վեր բռնազավթել է de jure Հայաստանի
Հանրապետությանը պատկանող տարածքի մի զգալի մասը, այնուհանդերձ բռնազավթումը
չի կարող հիմք լինել որևէ տարածքի օրինական իրավատիրության համար, առավել ևս
հանգեցնել տվյալ տարածքի տիտղոսի փոխանցմանը:
Արա Պապյան,
«Մոդուս վիվենդիե հասարակագիտական հետազոտությունների կենտրոնի ղեկավար,
4 մայիսի 2009թ.
Էջանիշներ