ԹԵՐԵՎՍ ԺԱՄԱՆԱԿՆ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԳՐԱՎԵԼ ԲՈՒՔՄԵՅՔԵՐՆԵՐԻՆ
«Ես գտնում եմ, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցն արդեն պատմություն է, որին այլևս անդրադարձ չի լինի։ Այն կասկածներին, որ Թուրքիան կարող է անտեսել Ադրբեջանի շահերը, վարչապետ Էրդողանի հանդիպումից հետո, դրվել է վերջ»: Այդ հայտարարության հեղինակը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն է, իսկ հեռարձակողը՝ CNNturk հեռուստաալիքը: Ալիեւն այդ հայտարարությունն արել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, որ տեղի է ունեցել Էրդողանի Բաքու կատարած այցի ընթացքում:
Հետաքրքիր է, թե ինչ է ասել Էրդողանն Ալիեւին, որ նա էլ համարում է հայ-թուրքական սահմանի հարցը պատմություն, որին այլեւս անդրադարձ չի լինի: Արդյոք Էրդողանն Ալիեւին խաբել է, թե Ալիեւն է խաբում իր հասարակությանը: Իսկ եթե նրանք ճիշտ են ասում, ապա ստացվում է, որ իր հասարակությանը խաբում է Հայաստանի իշխանությունը: Հավանական է նաեւ ինքնախաբեության տարրը: Այսինքն, կամ Թուրքիան, կամ Ադրբեջանը, կամ էլ Հայաստանը պարզապես զբաղված են ինքնախաբեությամբ: Կամ էլ նրանցից որեւէ մեկը պարզապես չի հասկանում, թե ինչ է կատարվում հայ-թուրքական գործընթաց ասվածի շրջանակում, ինչն ինչի համար է, ինչից առաջ եւ ինչից հետո, ու դրա համար էլ հնչում են իրարամերժ հայտարարություններ:
Չի բացառվում նաեւ, որ հասկանալու բան էլ չկա, եւ որեւէ մեկի հայտարարությունն էլ փաստացի չի հակասում իրականությանը: Այսինքն, թե Թուրքիան է ճիշտ ասում, որ մինչեւ ադրբեջանական տարածքները չվերադարձվեն՝ չի բացի հայ-թուրքական սահմանը, թե Ալիեւն է ճիշտ ասում, որ սահմանի բացումը պատմություն է, թե Սերժ Սարգսյանն է ճիշտ ասում, որ նախապայմանները բացառվում են: Բանն այն է, որ չկա հայ-թուրքական բանակցության առարկայականության որեւէ երաշխիք, որեւէ հավաստիացում: Կա ապրիլի 22-ի հայտարարություն, որտեղ Հայաստանը, Թուրքիան եւ միջնորդ Շվեյցարիան խոսում են փոխադարձ գոհություն առաջացնող առաջընթացի եւ ճանապարհային քարտեզի մշակման մասին, սակայն այդ քարտեզի մանրամասները բացահայտված չեն, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ քարտեզ, որպես այդպիսին, չկա էլ, իսկ ապրիլի 22-ի հայտարարության նպատակն էլ իսկապես արիլի 24-ն էր, ոչ ավելի:
Համենայն դեպս հայ-թուրքական հարաբերությունն արդեն դադարում է հետաքրքիր լինելուց: Անկասկած այն հետաքրքիր սկսվեց, քանի որ ուղեկցվում էր ֆուտբոլային խաղով, որը ցավոք մեզ համար ավարտվեց ոչ այնքան հաճելի ընթացքով ու ելքով, սակայն գոնե առաջացրել էր մեծ հետաքրքրություն: Մյուս խաղը հոկտեմբերին է եւ թերեւս միայն այդ ժամանակ է հնարավոր, որ հայ-թուրքական հարաբերությունը կրկին հետաքրքրություն առաջացնի հասարակության մոտ: Լավ է հետաքրքրության պակասը, թե վատ, դժվար է միարժեք ասել: Մի կողմից հասարակությունն իր էներգիան կարող է ուղղել ավելի օգտակար խնդիրների լուծմանը հետամուտ լինելուն, մյուս կողմից էլ հասարակական անտարբերությունն ու անուշադրությունը կարող են բանակցողների մոտ առաջացնել հանրության թիկունքում ինչ որ համաձայնությունների գայթակղություն:
Թերեւս լավագույն տարբերակը կլիներ այն, որ բուքմեյքերական գրասենյակները սկսեին խաղադրույքներ ընդունել հայ-թուրքական գործընթացի կապակցությամբ, սահմանելով գործակիցներ սահմանի բացման, կամ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ: Ասենք կարելի է գործակից սահմանել հունիսին, հուլիսին, օգոստոսին, եւ հաջորդ ամիսներին սահմանը բացելու հավանականության վերաբերյալ, կամ ընդհանրապես չբացելու, կամ կեսը բացելու: Հետո կարելի է գործակիցներ սահմանել, թե հատկապես ով է բացելու սահմանը, ով է սահմանով առաջինն անցնելու, ինչքան ժամանակ է սահմանը բաց մնալու: Դա հնարավորություն կտա միաժամանակ թե հասարակության հետաքրքրությունը վառ պահել գործընթացի հանդեպ, թե միեւնույն ժամանակ կարող է ավելի առարկայացնել գործընթացը, կողմերին մղել կոնկրետ քայլերի, կամ առնվազն ավելի կարեւոր դարձնել փաստերը, քան հայտարարությունները, որովհետեւ հասարակության համար փաստը այլեւս փող կլինի:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Էջանիշներ