-Չե՞ք կարծում, որ արտաքին գործերի նախարարի հրաժարականը ոչինչ չի փոխի, եթե կա ձախողում, նրա հրաժարականն ընդամենը քավության նոխազ գտնել ու հարցը փակել է նշանակում:
-Հասկանալի է, որ արտաքին քաղաքականության պատասխանատուն նախագահն է, բայց պահանջել նրա հրաժարականը որևէ կերպ չի նշանակելու, որ մենք կխուսափենք Թուրքիայի նկատմամբ ավանդաբար սխալ տարվող քաղաքականությունից: Նախագահի հրաժարականը համակարգային խնդիր է, և շատ բարդ է դրան հասնել` մեկ, երկրորդ` որևէ երաշխիք չկա, որ հաջորդ նախագահը չի շարունակի նույն գիծը: Փորձը ցույց է տվել, որ հայ-թուրքական հակամարտության հարցերում նրանց քաղաքականությունը մոտավորապես նույնն է` կոսմետիկ տարբերություններով: Երրորդ` նախարարի հրաժարականն աշխարհում ընդունված խորհրդանշական քայլ է, որը նշանակում է, թե փոխում ես քո քաղաքականությունը, և այդ կերպ առանց ցնցումների կարելի է շտկել կատարված սխալները: Եվ ընդհանրապես` ձախողումների համար պատասխանատվություն կրողներ պիտի լինե՞ն, թե՞ ոչ:
-Եթե նույնիսկ արտաքին գործերի նախարարին քավության նոխազ ենք դարձնում, իսկ Ձեր մեկնաբանությամբ` իսկապես այդ ենք անում, Դուք նաև խնդիր եք դնում հայ-թուրքական բանակցությունները դադարեցնել մինչև… և թվարկում եք կետեր, որոնք գուցե 1, գուցե 10 տարվա լուծման հեռանկար ունեն: Դա բխո՞ւմ է Հայաստանի շահերից:
-Դուք, ինչպես Հայաստանի քաղաքական վերնախավը, չեք ուզում ընդունել հիմնականը, որ Թուրքիան Հայաստանին թշնամի պետություն է և վարում է թշնամական քաղաքականություն իր հարևան ու ցեղասպանության զոհ երկրի նկատմամբ: Շարքային հայ քաղաքացու հոգեբանությունն էլ հաճախ այդպիսին է` տեսնում են հզոր Թուրքիա ու մտածում, որ այդ հզոր հարևանի հետ չեն կարող հարցերը լուծել, մնում է բանակցելը, բայց այդ բանակցությունը միայն վնասներ է բերում, որովհետև Թուրքիան զուգահեռաբար շարունակում է իրականացնել թշնամական քայլեր և ավելի ու ավելի է ուժեղացնում ճնշումը, իսկ Դուք ասում եք` չէ, արի ընկերություն անենք։ Չի անում ընկերություն, չի ուզում: Ժամանակն է հասկանալու` հակամարտողը Հայաստանը չէ, Թուրքիան է: Այս պայմաններում բանակցությունը ձեռնտու է միայն Թուրքիային, որովհետև աշխարհը տեսնում է բանակցությունների փաստը, իսկ Հայաստանը ոչ մի կերպ չի էլ փորձում պաշտպանվել թուրքական թշնամական գործողություններից, այլ հաճույքով խաղում է Թուրքիայի պարտադրած խաղը՝ թուրքական կանոններով։ Պաշտպանվելու միջոցներից մեկը բանակցություններից դուրս գալն է, աշխարհին իրականությունը ցույց տալը։ Մյուս միջոցներն են՝ Հայաստանի ներքաղաքական ու տնտեսական ծանրագույն խնդիրներին պատասխաններ գտնելը, անվտանգության ամուր համակարգ կառուցելը, տեղեկատվության և այլ ոլորտներում ակտիվ ինքնապաշտպանություն կազմակերպելը:
-Իսկ գուցե, ստիպված եմ կրկնել, սխալն այն է, որ այսքան ժամանակ ունենալով հանդերձ` իրականում անպատրաստ էինք Թուրքիայի հետ որևէ հարաբերության, որովհետև մեզ համար դեռ չենք բանաձևել` ի՞նչ ենք ուզում Թուրքիայից:
-Ճիշտ եք, դժվար խնդիր է, հայ-թուրքական հակամարտությունը բարդ կառուցվածք ունի` տարբեր շերտերով, որոնց պետք է խորությամբ ծանոթ լինի հայ պետական-քաղաքական գործիչը, այլ ոչ թե միամտաբար կարծի, թե երկու հարց լուծելով` դիվանագիտական հարաբերություններ հաստատելով և Հայաստանն ապաշրջափակելով, հայ-թուրքական հարաբերությունները նորմալանում են ու ստանում իրենց լուծումը:

http://idefacto.am