ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԵՆ ԶԻՆԳՐՔՈՒՅԿՆԵՐ

Հունվարի 21- ին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին դիմել էր ՀՀ- ում “Եհովայի վկաներ” կրոնական կազմակերպության խորհրդի նախագահը` հայտնելով, որ նշված կրոնական կազմակերպությանը հարող, ազատազրկման ձևով պատիժ կրած անձինք տարածքային զինկոմիսարիատների կողմից ստեղծվող խոչընդոտների պատճառով մինչ օրս չեն հաշվառվում: Ըստ դիմումատուի, նրանք չեն կարողանում գրանցվել իրենց բնակության վայրերում, անձնագրում ունենալ օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականությունը հավաստող կնիք, ինչպես նաև զինվորական գրքույկ:

Այս խնդիրների կապակցությամբ Արմեն Հարությունյանը պաշտոնական գրությամբ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարին` առաջարկելով ներկայացնել պարզաբանումներ նշված դիմում- բողոքի վերաբերյալ:

ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Պաշտպանի գրությանն ի պատասխան նշել է, որ վերոնշյալ խնդիրները քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ գլխավոր դատախազության կողմից: Նախարարը նշել է. “հաշվի առնելով խնդրի վերաբերյալ ՀՀ օրենսդրության պահանջները, ՀՀ Գլխավոր դատախազությունն առաջարկել է վերը նշված կարգավիճակ ունեցող անձանց հաշվառել ՀՀ ԶՈՒ պահեստազորում, ինչի առընչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը առարկություն չունի”: Նախարարը հայտնել է նաև, որ ՀՀ զինվորական կոմիսարին ցուցում է տրվել կազմակերպել նշված անձանց ՀՀ ԶՈՒ պահեստազորում հաշվառելու և զինգրքույկ տրամադրելու գործընթացը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
16:21:03 - 26/05/2008
http://http://lragir.am/src/index.php#top