<<ԲԱԺԱՆԻՐ, ՈՐ ՏԻՐԵՍ>> ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Աղանդնե՞րը, թե՞ մենք ենք տերն այս երկրի
Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի տնօրեն ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԻ կարծիքով, աղանդներից եկող մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ է, որ բուհերում, առանց հապաղելու, պատրաստվեն իրավաբան-կրոնագետներ, հոգեբան-կրոնագետներ, որոնք կկարողանան փորձագիտական եզրակացություն տալ, թե աղանդների հետ կապի առումով կասկածելի տվյալ հանցագործությունը կամ ինքնասպանությունը կրոնական շարժառիթներո՞վ է կատարված, թե՞ ոչ։
-Ինքնասպանությունները շատացել են տասնապատիկ, եթե առաջ մենք ցուցակի ամենավերջին շարքերում էինք, հիմա կարծեմ եկել ենք ամենասկիզբ,- ասաց կենտրոնի տնօրենը։ -Մեզ մոտ ինքնասպանությունները տարեկան 50-ից դարձել են 500-ից ավելի։
Ինչո՞ւ մեր երկրում չեն խոսում քայքայիչ եւ ամբողջատիրական աղանդների գործած չարագործությունների թեկուզ տասը տոկոսի մասին, ինչո՞ւ ոմանք, որ թաքնված են հասարակական կազմակերպությունների ղեկավարների, ներկայացուցիչների կամ իրավապաշտպանների դիմակի տակ, ամեն ջանք գործադրում են աշխարհով մեկ տարածելու եւ աշխարհին ապացուցելու, թե մեզ մոտ կրոնական ազատություն չկա, որովհետեւ ճնշում են։ Եւ ինչպե՞ս չասել, որ այդպիսիները Հայաստանում հենց հինգերորդ շարասյուն են։
Հետաքրքիր է, ազգային անվտանգության ծառայությունում, կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչությունում գոնե ստուգում, ուսումնասիրո՞ւմ են աղանդավորական կազմակերպությունների «կրոնական» գրականությունը, որ պարբերաբար հրատարակվում, Հայաստան ներկրվում ու լայնորեն տարածվում է։ Հիշյալ պետական կառույցները պարզե՞լ են՝ այդ գրականությունը ժողովրդի համար վտանգավո՞ր է, թե՞ ոչ։ Մինչդեռ...
-Օրինակ, Եհովայի վկաները քարոզում են, թե ձեր պետությունը ոչ մի բանի պետք չէ, միայն մի պետություն կա եւ այն վերեւում է, միայն այնտեղ դուք ձեզ լավ կզգաք եւ կազատվեք ձեր բոլոր պրոբլեմներից,- ասաց Ա.Ամարյանը։
Նրա հավաստմամբ, այսօր մեր ժողովրդի մի ստվար հատված առանց այն էլ հոգեբանական ճգնաժամի մեջ է՝ պայմանավորված նաեւ սոցիալ-տնտեսական իրավիճակով, մինչդեռ որոշ աղանդների կողմից, ուղղակի թե անուղղակի, հասկացվում, ակնարկվում է, թե գնացեք այն աշխարհ եւ ամեն ինչից կազատվեք։ Հոգեպես անհավասարակշիռ կամ ստրեսային վիճակում գտնվող շատ մարդիկ, կարդալով այդ գրականությունը, ինքնասպանության, օրինակ, կամրջից ցած նետվելու եւ միանգամից ամեն ինչից պրծնելու ցանկություն, համենայն դեպս, մտքեր են ունենում։
-Եթե այսօր պատրաստում ենք իրավաբաններ՝ ուժային կամ իրավապահ կառույցներում աշխատելու համար, եւ որոնք, սակայն, ընդհանրապես պատկերացում չունեն, թե կրոնական կազմակերպությունն իրենից ինչ է ներկայացնում, ինչպե՞ս կարող են բացահայտել կրոնական շարժառիթներով կատարված ինքնասպանությունները, սպանությունները եւ այլ հանցագործություններ, կամ, նույնիսկ բացահայտելու դեպքում, դատարանում հաջողությամբ պաշտպանել առաջադրած մեղադրանքը,- ասաց հիշյալ կենտրոնի տնօրենը։
Ի դեպ, մեր հոգեբանները նույնպես, չնչին բացառությամբ, չեն կարող ասել՝ ինքնասպանությունը կրոնական շարժառիթներո՞վ է կատարվել, թե՞ ոչ։ Ա.Ամարյանի հավաստմամբ, Եհովայի վկաներն այսօր նույնիսկ դասավանդում են մեր դպրոցներում եւ, ամեն ինչից զատ, երեխաներին արգելում են միասին հավաքվել եւ որեւէ մեկի ծնունդը նշել։ Ավելին՝ մեր բուհերից մեկի հոգեբանության ամբիոնի ղեկավարը, ըստ նրա, շտայներական է, իսկ նրա պատրաստած հոգեբաններն արդեն որոշակի ուղղվածություն ունեն դեպի վալդորֆյան ուսմունք, շտայներականություն։
Կառավարության աշխատակազմի վարչության նախկին պետ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը վերջերս հարցնում էր, թե մեր երկրի միջնակարգ դպրոցներում հայոց եկեղեցու պատմությունն ինչո՞ւ պետք է առանձին առարկայի ձեւով դասավանդվի (ի դեպ, տվյալ առարկայի դասավանդումն ամենեւին չի նշանակում հոգեւոր ուսուցում, դաստիարակություն կամ քարոզչություն, այն միանգամայն աշխարհիկ առարկա է)։ Այս կապակցությամբ կենտրոնի տնօրենը ցավալի է համարում, որ Հ.Խառատյանին չի հետաքրքրել, թե ինչու թիվ 29 դպրոցին կից շտայներական ուսմունքով վալդորֆյան դպրոցը կատարում է երեխաների ուսուցում եւ վերջում՝ ավարտելուց հետո, նրանց տալիս ավարտական վկայական։
Խարիզմաթները, նրա հավաստմամբ, նույնպես զբաղվում են երեխաների ուսուցմամբ։ Չէ՞ որ մեր պետությունը եկեղեցուց անջատ է, հետեւաբար ինչո՞ւ է դա թույլ տալիս։ Ա.Ամարյանը հարցնում է նաեւ՝ ինչո՞ւ ոմանց չի հետաքրքրում, որ «Կյանքի խոսք» կազմակերպությանը կից գործում է հղիների խնամքի, հոգածության կենտրոն, ի՞նչ կապ ունեն կրոնը եւ հղի կանայք։ Նրանք, ըստ հիշյալ կենտրոնի ղեկավարի, այսօր ծավալում են կրոնական, հոգեւոր արժեքներին հակասող գործունեություն։
-Թերեւս բոլորս էլ գիտենք, որ հղի կինը ստրեսի ենթակա անձնավորություն է, որին կարելի է շատ հեշտությամբ հոգեպես մշակել,- ասաց Ա.Ամարյանը։
Հայաստանում գրանցված ավելի քան 65 կրոնական կազմակերպությունների կեսից ավելին աղանդավորական է։ Չնայած դրան, կառավարության աշխատակազմի վարչությունը նրանց փորձագիտական եզրակացություն է տվել «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի «բ»-«ե» ենթակետերով սահմանված պայմաններին համապատասխանության վերաբերյալ։
Հենց այդ եզրակացություններն էլ հիմք են ծառայել, որ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունը գրանցի նրանց որպես կրոնական կազմակերպություն։
Ոչ պաշտոնական տվյալներով, Հայաստանում տարբեր կրոնական կազմակերպությունների անդամ են, ընդհանուր առմամբ, մոտ 300 000 մարդ, որոնց քանակը որոշ աղանդների կողմից ինտենսիվ շարունակվող հոգեորսությամբ գնալով աճում է։ Օտար ուժերի կողմից «Բաժանիր, որ տիրես» մարտավարությունն իրականացվում է մեր աչքի առջեւ։ Մեր ազգի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուրը պետությունից ակնկալում է համարժեք միջոցներ։
ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Էջանիշներ