User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Թարմ հարցազրույցներ քաղաքական գործիչների հետ...

  1. #1
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Թարմ հարցազրույցներ քաղաքական գործիչների հետ...

    Այստեղ տեղադրում ենք հարցազրույցներ քաղաքական գործիչների հետ և քննարկում, վերլուծում։ Սկսենք...
    Անդրադարձեք և՛ հարցերին, և՛ պատասխաններին։ Վերլուծե՛ք, քննադատե՛ք...
    Բայց ամենակարևորը կխնդրեի նշել՝ որ հարցերի պատասխանները ձեզ չեն բավարարում...


    ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ԿՈՄԵՐՍԱՆՏ» ՕՐԱԹԵՐԹԻՆ – 06 Դեկտեմբեր, 2007

    «Պետք է կազմաքանդել իշխանության քրեական կառույցը»
    Ռուսաստանյան հեղինակավոր «Կոմերսանտ» պարբերականն իր դեկտեմբերի 6–ի համարում ծավալուն հարցազրույց է տպագրել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Հարցազրույցը ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամբողջությամբ:


    «Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, տասը տարի անց վերադառնալով քաղաքականություն, պարզաբանեց մեր թղթակից Վլադիմիր Սոլովյովին, թե երկրների նախկին ղեկավարներն ինչու են երբեմն որոշում ընդվզել իրենց իսկ սեփական հետնորդների դեմ:


    - Ինչո՞ւ Դուք հանկարծ որոշեցիք վերադառնալ քաղաքականություն:


    - Միանգամից ասեմ, ես որեւէ ամբիցիա չունեմ: Ես ոչինչ չեմ ստանալու նոր նախագահությունից: Ընդհակառակը, կկորցնեմ ազատությունս: Ինձ համբերությունից հանեց պետությունը, որ ստեղծել են Ձեզ հայտնի երկու անձինք: Դա վերից վար կոռումպացված վարչախումբ է: Գողապետություն, որտեղ ամեն ինչ ենթարկվում է քրեական աշխարհի օրենքներին: Երկրի ամբողջական թալան, արտաքին եւ ներքին քաղաքականության իմիտացիա, որի տակ թաքնված է միայն մեկ նպատակ՝ անձնական հարստացում: Նրանք մի մոդել են ստեղծել, որտեղ իշխանության հավասարակշռության մասին անգամ ակնարկ չկա, կա հստակ կառուցված բուրգ:



    - Ռուսաստանում դա անվանում են ուղղահայաց:

    - Ուղղահայացը գործադիր իշխանությունում կարող է եւ դրական լինել, բայց երբ այլ իշխանություն ուղղակի գոյություն չունի, դա արդեն բուրգ է, եւ դատարաններն իրականացնում են միայն այն գործառույթները, որ նրանց վրա դրել է նախագահը: Բուրգը սկսեց կառուցվել 1999թ. հոկտեմբերյան հայտնի դեպքերից հետո:

    - Դուք նկատի ունեք խորհրդարանում կատարված ահաբեկչությո՞ւնը:

    - Այո: Դրանից հետո իշխանությունները սկսեցին իրենց ձեռքում կենտրոնացնել բոլոր լծակները: Եւս հինգ-տասը տարի, եւ դա աղետ կլիներ բոլոր ոլորտներում՝ տնտեսական, սոցիալական, ԼՂ հարցի կարգավորման, Հայաստանի շրջափակման: Նույնիսկ ժողովրդագրական հարցերում, քանի որ արտագաղթը միայն կավելանա: Դա էլ ուղղորդեց իմ քայլը: Ես պատրաստ եմ դառնալ գործիք, որը թույլ կտա ազատվել այս իշխանությունից: Իսկ դրանից հետո կգնամ ու ժողովրդին հնարավորություն կտամ ընտրել նոր նախագահ:

    - Դուք ասացիք, որ հաղթանակի դեպքում ինքնակամ կհեռանաք երեք տարի հետո: Ի՞նչ կարող եք անել այդ ընթացքում:

    - Պետք է կազմաքանդել իշխանության քրեական կառույցը, վերականգնել օրենքների գործունեությունը, ապահովել դատարանների եւ խորհրդարանի անկախությունը, ստեղծել հավասարակշռություն իշխանության մարմինների միջեւ, վերականգնել ժողովրդավարական նորմերը, որ կային իմ ժամանակ: Պետք է լիակատար անկախություն տալ խոսքի ազատությանն ու ԶԼՄ-ներին: Արտաքին քաղաքականության մեջ անցնել հավասարակշռված ռազմավարության՝ առաջին հերթին ուղղված հարեւանների՝ Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի եւ Իրանի հետ հարաբերությունների կարգավորմանը:

    - Իսկ Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակությո՞ւնը:

    - Դա կար եւ իմ օրոք: Բոլոր կարեւորագույն պայմանագրերը կնքվել են իմ ժամանակ: Հայաստանն առաջինը միացավ ԱՊՀ-ի պայմանագրին: Համատեղ անվտանգության, սահմանների համատեղ պաշտպանության, ՀՕՊ միացյալ համակարգի, Գյումրիի ռազմակայանի, «Հայռուսգազարդի» ստեղծման պայմանագրերը կնքվել են իմ օրոք: Վերջապես, ռուս-հայկական քաղաքական մեծ պայմանագիրը ես եմ ստորագրել: Այս իշխանությունները ոչինչ չեն ավելացրել: Փորձեք հիշել նրանց կողմից ստորագրված մի պայմանագիր:

    - Ինչպե՞ս թե: Հայաստանի տարածքում գազատրանսպորտային ցանցի հանձնման վերաբերյալ «Գազպրոմի» հետ անցյալ տարի պայմանագիր է կնքվել:

    - Դա ուրիշ է: Այստեղ շատերը դատապարտում են Ռուսաստանին, բայց դրանում նրա մեղքը չկա: Պարզապես ներկայիս իշխանությունները սեփական կյանքը հեշտացնելու եւ ռուսական պարտքերի դիմաց տոկոսներ չվճարելու համար որոշեցին այս կերպ վարվել: Այդ հարյուր միլիոնանոց պարտքը կարելի էր լուծել այլ կերպ: Ինքը՝ Պուտինն է երկու անգամ ասել, որ դա ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի նախաձեռնությունն է:

    - Իսկ Գյումրիի ռազմակայա՞նը:

    - Մի գաղտնիք բացեմ: Երբ Ռուսաստանը խնդիրների հանդիպեց մեր տարածքում զինծառայողների տեղակայման հարցում, ես անձամբ առաջարկեցի Բորիս Ելցինին՝ ամրագրել, որ դա ռազմակայան է: Նա հանձնարարություն տվեց, պատրաստվեց փաստաթուղթ եւ ամեն բան հարթվեց: Բնականաբար, դա բխում էր թե՛ ՌԴ, թե՛ Հայաստանի շահերից: Նաեւ այսօր այդ շահագրգռվածությունը կա:

    - Համակարգը, որ այսօր Դուք քննադատում եք, Ձեր շնորհիվ է եկել իշխանության:

    - Ես արդեն ներողություն եմ խնդրել:

    - Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ կրկին չեք սխալվի:

    - Երաշխիք չկա: Կադրային քաղաքականության մեջ ոչ մի նախագահ ապահովագրված չէ սխալներից: Բայց նման ճակատագրական սխալներ չեն լինի:

    - Ձեր կառավարման տարիներն իշխանություններն անվանում են «90-ականների մութ ու ցուրտ տարիներ» եւ կոչ են անում թույլ չտալ Ձեզ ռեւանշ վերցնել:

    - Մութն ու ցուրտը Հայաստանում եղել են 1992-1994թթ.՝ պատերազմի տարիներին: Այդպես կարելի է ներկա ժամանակաշրջանը համեմատել 1913թ. հետ, եւ կպարզվի, թե նրանք ընդհանրապես հրաշք են գործել: Դա պարզունակ է:

    - Ընտրություներից առաջ Դուք փորձում եք պայմանավորվել նույնիսկ այն կուսակցությունների հետ, որոնք Ձեր կառավարման տարիներին հալածվել են: Ես նկատի ունեմ Դաշնակցությանը: Ինչո՞ւ այդպես փոխվեցին Ձեր հայացքները:

    - Անկախ այդ կուսակցության նկատմամբ իմ վերաբերմունքից՝ դա իրականություն է, որի հետ պետք է հաշվի նստել: Ես հանդիպել եմ իմ բոլոր մոլի քննադատների հետ: Որեւէ առեւտուր չի եղել: Եղել է խոսակցություն իրավիճակի եւ դրա շարունակման անթույլատրելիության մասին:

    - Կողքից այլ կերպ է ընկալվում: Երբ Տեր-Պետրոսյանն իշխանության ղեկին էր, նա արգելեց Դաշնակցությունը, իսկ այժմ հիշել է երկխոսության անհրաժեշտության մասին:

    - Իրենք էլ պատրաստակամությամբ արձագանքեցին հանդիպմանը, թեպետ չէին մոռոցել այն, ինչ եղել էր: Այնպես որ՝ ամեն ինչ ազնիվ է եւ կոռեկտ:

    - Սոցհարցումները Ձեր շանսերը ցածր են գնահատում:

    - Մենք անցկացնում ենք մեր հարցումները, եւ դրանք որեւէ նմանություն չունեն իշխանության հրապարակած թվերի հետ:

    - Ինչպե՞ս եք հաղթելու, երբ Ձեր լրատվական հնարավորություններն անհամեմատելի են իշխանության ռեսուրսների հետ:

    - Եթե ԶԼՄ-ները մեկ մարդու ձեռքում են, ուրեմն թույլ ԶԼՄ-ներ են՝ խորհրդային ԶԼՄ-ներ: Մարդիկ ԽՍՀՄ-ում հակառակն էին հասկանում՝ ինչ ցուցարդվում էր հեռուստացույցի էկրաններից: Իրենց քարոզչությունը եւ իմ անձի դիվայնացումն ինձ լիովին բավարարում է: Դա ինձ օգնում է, քանի որ ժողովուրդն ամեն ինչ հիանալի հասկանում է:

    - Դուք խախտումների սպասո՞ւմ եք:

    - Մենք անում ենք ամեն ինչ, որ խուսափենք դրանցից: Առաջարկել ենք քվեաթերթիկները տպագրել արտասահմանում, դիմել ենք եվրոպական կառույցներին, եւ նրանք լրջորեն զբաղվում են դրանով: Առաջարկել ենք քվեարկության ընթացքում օգտագործել թանաք, որով նշվելու են քվեարկողների մատները: Եթե դա անեն, նորմալ ընտրությունների հույս կլինի: Բայց իրենք կարող են այլ բան հորինել:

    - Ի՞նչ եք անելու այդ դեպքում:

    -Հեղափոխություն չի լինի: Ես մեր երկրում բռնություններ եւ օրինախախտումներ թույլ չեմ տա:


    - Եթե մարդիկ դուրս գան փողոց:


    - Այդ դեպքում կխնդրեմ, որ ժողովուրդն իր կամքն արտահայտի միայն խաղաղ ճանապարհով:


    - Դուք արդեն մի քանի հանրահավաք եք անցկացրել: Դա նմանվում է «գունավոր» հեղափոխութունների տեխնոլոգիային:


    - Այդպես չէ: Մենք մոբիլիզացնում ենք զանգվածներին: Առանց դրա չի լինում իշխանության նույնիսկ օրինական փոփոխություն: Այնպես որ, համեմատությունը տեղին չէ:


    - Դուք դիմում եք միջազգային հանրությանը, որ հետեւեն ընտրություններին, հանդիպել եք ԵՄ դեսպաններին, իսկ Ռուսաստանին դիմե՞լ եք:


    - Ես որեւէ պետության չեմ դիմել: Ես դիմել եմ կազմակերպությունների, որոնց առջեւ մենք ժողովրդավարական պարտավորություններ ունենք՝ ԵԽ-ին, ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին: Մենք մեկ բան ենք խնդրում, որ Հայաստանը կատարի պարտավորությունները:


    - Իսկ ԱՊՀ-ին եւ ՀԱՊԿ-ին դիմե՞լ եք:


    - ԱՊՀ-ում նման պարտավորություններ Հայաստանը չի վերցրել:


    - Բայց ԱՊՀ-ից դիտորդներ են գալիս:


    - Մեզ մտահոգում է, որ նրանց եզրակացությունները միշտ չի համընկնում ԵԱՀԿ, ԵԽԽՎ եւ այլ կազմակերպությունների հետեւություններին: Այդ պատճառով ԱՊՀ-ին դիմելն իմաստ չունի: Նույնիսկ արեւմտյան կազմակերպությունները չեն կարողանում օբյեկտիվ գնահատական տալ, եթե գալիս են քվեարկության օրը: Արդեն երեք ամիս ընտրապայքար է ընթանում. ես չեմ կարող ասել, թե գոհ եմ միջազգային դիտորդների աշխատանքից: Մեր իրավունքները կոպտորեն խախտվում են՝ ԶԼՄ-ներում միակողմանի լուսաբանում, իմ կողմնակիցների ձերբակալություններ:

    - Չե՞ք վախենում, որ Ռուսաստանն իշխանության կողմը կբռնի:


    - Կարող եմ վստահեցնել, որ Ռուսաստանն այստեղ չի անի այն, ինչ արել է Վրաստանում կամ Ուկրաինայում: Իմ դեպքում, երբ Սարգսյանին այլընտրանք հանդիսանում եմ ես, դա չի կրկնվի: Մեզ մոտ ուկրաինական եւ վրացական սցենարները չեն աշխատի: Այստեղ չկա բաժանում ռուսամետ եւ ամերիկամետ ուժերի:




    2007-12-06


    www. levonpresident.am
    Վերջին խմբագրող՝ Ծով: 02.01.2008, 03:04:

  2. #2
    Լիարժեք անդամ Che_Guevara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2007
    Գրառումներ
    131
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Թարմ հարցազրույցներ քաղաքական գործիչների հետ...

    Շնորհակալություն հաևցազրույցը աստեղ տեղադրելու համար: Շատ հետաքրքիր էր, ու հուսով եմ Լևոն Տեր-Պետրոսյանը այսուհետ ավելի շատ հնարավորություն կունենա` հարցազրույցներ տալու:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Աշխատանքի ընդունվելու հարցազրույցներ
    Հեղինակ՝ impression, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 90
    Վերջինը: 14.02.2023, 21:33
  2. Հարցազրույցներ Ռուբեն Հակոբյանի հետ
    Հեղինակ՝ Sevo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 23.08.2008, 18:17
  3. Գրառումներ: 5
    Վերջինը: 30.12.2007, 02:36
  4. Գրառումներ: 1
    Վերջինը: 04.12.2007, 15:38
  5. Էլեկտրոնային Հարցազրույցներ «Ազգի» կայքում
    Հեղինակ՝ Վազգեն, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 18.11.2006, 22:25

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •