User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 34 հատից

Թեմա: Երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին

    - Ծնողներս դեմ են մեր ամուսնությանը: Բայց գիտե՞ք, ես սիրում եմ նրան, նա` ինձ: Խոստացել է, որ հավատարիմ կլինի: Ես միամիտ եմ. շատերի սուտ խոստումներին եմ հավատում, բայց սա այդ դեպքը չէ: Նա ուրիշ է, մյուսների նման չէ: Չի խոսում, չի գոռում, զգացմունքներիս հետ չի խաղում: Պարզապես սիրում է ինձ, ուրիշ ոչինչ…
    - Ինչպե՞ս եք ծանոթացել:
    - Նա շատ փոքրիկ էր, երբ հայտնվեց իմ սենյակում: Անօգնական էր: Չգիտեմ, թե ինչպես էր մտել: Ես սկսեցի խնամել նրան: Ոչինչ չէր ուտում, միայն խմում էր: Շուտով մեծացավ, գեղեցկացավ… Ոչ մի թթու խոսք չեմ լսել նրա բերանից:

    Մերին զարմանալի աղջիկ էր: Եթե պատահական հայ տղամարդու բռնես ու խնդրես, որ նկարագրի կնոջ իր իդեալը, հաստատ Մերիի նման որևէ մեկը կստացվի. նա և’ գեղեցիկ էր, և’ արտակարգ խելք ուներ: Մերիի հետ կարելի էր զրուցել ցանկացած թեմայի շուրջ: Նաև համարձակ էր ու համառ. իր ուզածին հասնելու համար պատրաստ էր պայքարել մինչև վերջին վայրկյանը: Եվ ամենից շատ ազատություն էր սիրում (նայած` ով ինչ է հասկանում դրա տակ): Տղաները մեղվի պես բզզում էին նրա շուրջը, աղջիկները` նախանձում:

    - Մերին լքել է ընկերոջը,- սուրճի սեղանի շուրջ փսփսում էին աղջիկները:
    - Ի՞նչ եք զարմանում: Չգիտե՞ք, որ նա այդպիսին է,- ավելացրեց մյուսը:
    - Հա՛, նորություն չէ, որ փչացածի մեկն է:

    - Մերի՛, ես քեզ այլևս չեմ սիրում, հասկանու՞մ ես:
    - Տիգրա՛ն, բայց…
    - Ոչ մի բայց… Այստեղ ավարտվում են մեր հարաբերությունները: Մնաս բարով:
    - Ախր… Այսպես չի կարելի… Չեմ կարող:
    - Դա իմ գործը չէ: Դու քո ճամփով գնա, ես` իմ:

    Օրեր շարունակ Մերիի դեմքին ժպիտ չէր երևում. ծանր էր կորուստը: Նա համարձակվել էր սիրահարվել, նվիրվել, իսկ Տիգրանը մի օր հանկարծ որոշում է լքել: Բայց Մերին երբեք չէր հուսահատվում…

    - Մերին հղի էր: Անհաջող աբորտի է գնացել, դրա համար էլ տեսքն այսպես վատացել է,- խոսում էին աղջիկները:

    - Մերի՛, մենք քսանմեկերորդ դարում ենք ապրում, իսկ հիմա երիտասարդներն ազատ են… Արի՛ մենք էլ փորձենք,- առաջարկեց Վարդանը:
    - Խե՞նթ ես, ինչ է: Ես չեմ ուզում:
    - Խոստանում եմ` կպաշտպանվեմ:
    - Ո՛չ…
    - Բայց եթե նույնիսկ հղիանաս, կամուսնանամ քեզ հետ:
    - Ասում եմ` չէ…

    - Վա՜յ, Վարդանն է գալիս: Ու՞ր է կեսդ,- հետաքրքրվեցին աղջիկները:
    - Մերի՞ն… Այլևս կեսս չէ: Նման բաներ էլ չասեք, ամոթ է: Պարզեցի, որ փչացածի մեկն է. ում հետ պատահի, անկողին է մտնում:
    - Բայց էս տղաներն ի՜նչ միամիտ են: Մենք դրա մասին վաղուց գիտեինք, ուղղակի ոչ ոք մեզ չէր հավատում:

    - Մերի՛, ես քեզ սիրում եմ,- մի անգամ խոստովանեց Դավիթը:
    - Ցավում եմ, բայց ես քեզ չեմ սիրում:

    - Աղջիկնե՛ր, գիտե՞ք, թե ինչու է Մերին միշտ տղաներով շրջապատված,- պատմում էր Դավիթը,- նա բնավ էլ գեղեցիկ չէ. ամեն ինչ դնովի ու արհեստական է նրա վրա, էլ չեմ ասում, որ ինչ-որ տարօրինակ հմտությունների է տիրապետում, որոնցով հիպնոսացնում է տղաներին: Կարծեմ հինգ տարի դասընթացների է գնացել:

    Ամբողջ կուրսն անարդարացի կերպով քննությունից կտրվել էր (մանրամասնությունների մեջ չխորանանք. դա մեր պատմության հետ բացարձակապես կապ չունի ): Մերին վստահ էր իր գիտելիքների վրա: Նա առանց երկար-բարակ մտածելու հանձնաժողով հավաքեց, քննությունն այդպես հանձնեց ու գերազանց ստացավ:
    - Տեսնես` ո՞վ է Մերիի մեջքին կանգնած,- խորհում էին աղջիկները:
    - Երևի ինչ-որ նախարար կամ պատգամավոր:
    - Չէ՛, եթե սրա հախից կարողացավ գալ, նախագահից ցածր մարդ պետք է որ չլինի:

    - Մարկեսի «Հարյուր տարվա մենությունում»…
    - Լսի՛ր, հազար եմ ասել. ինձ հետ գրքերից մի՛ խոսիր:
    - Նարե՛կ, բայց ախր դա գլուխգործոց է: Դու պետք է անպայման կարդաս:
    - Ես քեզնից հեռանում եմ: Չեմ կարող ունենալ մի ընկերուհի, որն այդքան տարված է գրքերով:

    - Մերին կրծողի մեկն է,- հայտարարեց Նարեկը:
    - Բա ի՞նչ էիր կարծում… Ամբողջ օրը դաս է անում: Օրերով տնից դուրս չի գալիս: Թե չէ նրան որտեղի՞ց խելք: Եթե մենք նրա չափ սովորեինք, վունդերկինդներ կլինեինք,- իրենք իրենց հանգստացնում էին աղջիկները:

    - Ալո՛’, Մերիին կարելի՞ է:
    - Նա տանը չէ: Կեսգիշերին կվերադառնա:

    - Էրեխե՛ք, Մերիին երբ զանգում եմ, տանը չի լինում:
    - Որ ասում եմ փչացածի մեկն է…

    - Վա՜յ, չեք պատկերացնի` ինչ եմ տեսել: Երեկ Մերին աղջկա հետ էր համբուրվում… Լեզբի է դարձել,- առաջին ճշմարտությունը Մերիի մասին…
    - Չէ հա՜, ում հետ պատահի, ինչ պատահի, կանի: Չգիտե՞ք դրան: Կեղտոտի մեկն է: Սպիդ էլ կունենա:

    Բայց դա էլ երկար չտևեց: Եկե՛ք չխորանանք Մերիի ու նրա ընկերուհու հարաբերությունների մեջ. ինձ ոչինչ հայտնի չէ դրա մասին, իսկ գուշակություններ չեմ ուզում անել: Միայն կասեմ, որ շուտով դա էլ վերջացավ:
    Մերին դարձել էր չխոսկան, տարօրինակ: Երբ որևէ բան էին հարցնում, չէր պատասխանում: Երբ մի քանի անգամ էին հարցնում, միանգամից պոռթկում էր, գոռգոռում: Աչքերի տակ փոսեր էին գոյացել. երևի չքնելուց էր: Մերին օրեցօր տգեղանում էր:
    - Խելագարվել է,- երկրորդ ճշմարտությունը Մերիի մասին:

    - Ինչու՞ ծնողներդ չեն ուզում, որ ամուսնանաս նրա հետ:
    - Ինձ չեն հասկանում:
    - Իսկ նրան կարո՞ղ եմ տեսնել:
    - Ահա նա,- ասաց Մերին` ցույց տալով իր հետ բերած ծաղկամանի մեջ աճած փարթամ ծառը:
    Բժիշկը դուրս եկավ իր առանձնասենյակից և մոտեցավ Մերիի մորը:
    - Ցավում եմ, բայց Ձեր աղջիկը լուրջ հիվանդ է: Մենք չենք կարող նրան բուժել:

    Բոլորն ինչ-որ բան են ուզում քեզնից, բոլորը մի կտոր Մերի են ուզում… Կանաչ հագած փարթամ ձորը… Արդեն հասել է բերքահավաքի համար:
    Ես ուզում եմ քեզ այստեղից տանել: Դու ծառդ գրկած կգաս: Ա՜խ, երբ մտածում եմ, թե ինչ արեցին քեզ: Մերի՛, լսու՞մ ես ինձ:
    Մերի՛, լսու՞մ ես ինձ: Մերի՛, մի՛ վախեցիր: Մենք պարզապես արթնանում ենք, իսկ օգնությունը ճամփին է: Մերի՛, լսու՞մ ես ինձ: Նույնիսկ քամին է անունդ կանչում:*

    *Թորի Ամոսի «Մերի» երգի հիման վրա

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (15.10.2013), E-la Via (15.10.2013), Sambitbaba (02.11.2013), Srtik (19.10.2013), Vardik! (02.11.2013), Գեա (23.04.2012), Թամարա (16.02.2011), Նիկեա (15.10.2013), Ուլուանա (09.05.2012), Պիրիտ (30.12.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Թե ինչպես ճշմարտությունը կիսեցին
    Հեղինակ՝ Micke, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 19.06.2016, 21:25
  2. Ի՞նչ է ճշմարտությունը
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 153
    Վերջինը: 07.11.2014, 16:47
  3. Լեգենդ երկրորդ կեսի մասին
    Հեղինակ՝ ivy, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 33
    Վերջինը: 30.10.2013, 06:22
  4. Ասել ճշմարտությունը
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 90
    Վերջինը: 17.06.2010, 09:43
  5. Ակումբցիների [B]երկրորդ[/B] տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.03.2009, 17:44

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •