Փարպի և Ուշի գյուղերի 2500 բնակիչներ այժմ իրենց տներում ունեն խմելու ջուր
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է, որ Արագածոտնի մարզի Ուշի և Փարպի գյուղերում ավարտվել են խմելու ջրի մատակարարման ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները: Փարպի գյուղ մտնող մայր ջրատարի մոտ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ջանքերով կառուցվել է 50 գծամետր երկարությամբ մետաղական խողովակաշար: Բացի այդ, գյուղի համար կառուցվել է 1500 մետր երկարությամբ մետաղական խողովակաշար, ինչպես նաև 150 մետր երկարությամբ մետաղապլաստե խողովակներից պատրաստված ներքին ցանց` ներառյալ 15 տարբեր տրամագծերով փականներն ու 120 միացման հանգույցները: Ուշի գյուղի ներքին ջրամատակարարման նպատակով կառուցվել է 400 գծամետր երկարությամբ խողովակաշար:
Ջուրը կյանք է … Դժվար է հանգիստ վերաբերվել այն իրողությանը, որ մեր օրերում շատ մարդիկ դեռ շարունակում են զրկված մնալ այդ սովորական կենցաղային պայմանից: Արագած լեռան հարավ-արևելյան լանջին գտնվող Ուշի ու Փարպի գյուղերը` համապատասխանաբար մոտ 1565 և 2500 բնակչությամբ, չունեն խմելու ջրի մատակարարման համապարփակ համակարգ: Տներում խմելու ջրի բացակայության հետևանքով գյուղի ընտանիքների մեծ մասը կենցաղային կարիքները հոգալու նպատակով ստիպված է լինում օրվա մի զգալի մասը ջուր կրել: Խմելու ջրի բացակայությունը մեծ դժվարություններ է հարուցում հատկապես ցրտաշունչ ձմեռվա ամիսներին: Հիմնականում անասնապահությամբ և հողագործությամբ զբաղվող և խմելու ջրագիծ անցկացնելու համար բավարար ռեսուրսներ չունեցող այդ երկու գյուղերը երկար տարիներ են սպասել խնդրի լուծմանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ինչպես միշտ, իր որդեգրած սոցիալական պատասխանատվության քաղաքականությանը հավատարիմ, շարունակում է իրականացնել Հայաստանի մարզերի բնակչության կյանքի որակի բարելավմանն ուղղված խոշորածավալ ծրագրերի իրագործումը: Հաշվի առնելով այն, որ մաքուր խմելու ջրի հասանելությունը հանդիսանում է մարդու առողջության և արժանապատիվ ապրելու առավել կարևոր նախապայմաններից մեկը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը որոշեց ֆինանսական միջոցներ հատկացնել Ուշի և Փարպի գյուղերում խմելու ջրի խողովակաշար և ներքին ցանց կառուցելու համար:
Ընդհանուր առմամբ` Փարպի գյուղում իրականացված աշխատանքների համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը հատկացրեց 20 միլիոն դրամի, իսկ Ուշի գյուղում` 10 միլիոն դրամի աջակցություն, որի արդյունքում մեր օրերում կենցաղի տարրական պայման հանդիսացող խմելու ջուրը վերջապես հասանելի դարձավ շուրջ 100 ընտանիքների (500 մարդ) Ուշիում և 800 ընտանիքների Փարպիում (ավելի քան 2000 մարդ): Հայաստանի առաջատար բջջային օպերատորի առատաձեռնության շնորհիվ հազարամյակների պատմություն ունեցող Ուշին ու Փարպին վերջապես ստացան արժանապատիվ կյանք վարելու համար անհրաժեշտ կենցաղային պայմաններ:
www.vivacell.am
Էջանիշներ