Հայաստանում արդեն գործում է բջջային հեռուստատեսությունը
ՎիվաՍել-ՄՏՍ ձեռնարկությունը նոյեմբերից գործարկեց "Բջջային հեռուստատեսություն" ծառայությունը: Այդ ծառայության շնորհիվ 3G բջջային հեռախոս ունեցող բաժանորդները կարող են դիտել իրենց նախընտրած ամենասիրելի հեռուստահաղորդումների ամբողջական տարբերակները:
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ 3G և ՙԲջջային հեռուստատեսության՚ հնարավորությամբ հեռախոս ու ակտիվացրած ինտերնետ և գտնվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի 3G ծածկույթում:
Նախնական շրջանում ՎիվաՍել-ՄՏՍ-ի "Բջջային հեռուստատեսություն" ծառայությունը կառաջարկի հայաստանյան 12 հեռուստաալիք: Մասնավորապես` Հ1, Հ2, Արմենիա, Երկիր մեդիա, Կենտրոն, Շանթ, Հայ Թի Վի, Թի Վի 5, Ա Թի Վի, ԱրմՆյուզ, Արարատ և Դար 21 հեռուստաալիքների սպորտային, երաժշտական, զվարճալի հաղորդումները, սերիալները, վավերագրական հաղորդումներն ու նորությունները: Օգտվողներին հասու կլինի նաև առաջարկվող ծրագրերի ցանկը, որի շնորհիվ բաժանորդները կկարողանան ընտրել յուրաքանչյուր ալիքով դիտելիք հաղորդումները:
Բջջային հեռուստատեսությամբ հաղորդումներ դիտելու համար պետք է բջջային հեռախոսից մուտք գործել tv.vivacell.am կամ tv.mts.am կայքերը, հետևել "Դիտել ալիքները" հղմանն ու ընտրել հեռուստաալիքը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի ՙԲջջային հեռուստատեսություն՚ ծառայությունը նոյեմբերի 12-ին մեկնարկեց նախ փորձնական տարբերակով, բոլորի համար անվճար: Փորձնական 1 ամիսը լրանալուց հետո ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներին մատչելի գներով կառաջարկվեն նաև նախապես տեսագրված տեսանյութեր, հոլովակներ և այլն:
/Հ.Գ. Հարցրեք "Թի վի շաբաթ" շաբաթաթերթը և կտեղեկանաք հեռուստատեսային վերջին նորություններին/:
Էջանիշներ