Ճգնաժամի պատմաքաղաքակրթական եւ քաղաքական պատճառները
Հայաստանի հիմնախնդիրների մի խումբը ծագում է պատմական խոր անցյալից, մյուսը՝ խորհրդային յոթանասնամյա տիրապետության շրջանից, եւս մեկն էլ վերջին տասնամյակի արդյունք է: Առավել մութ ու չպարզաբանված են մնում հայության ներկա ճգնաժամի ներքին խորքային պատճառները: Ուստի կենտրոնանանք ներքին խնդիրների վրա (թեեւ արտաքին խնդիրները պակաս կարեւոր չեն): Նախ՝ ճգնաժամին նպաստած պատմաքաղաքակրթական պատճառների մասին:
1. Ազգային-պետական կառույցների բացակայություն
1375 թ. Կիլիկյան Հայաստանի կործանմամբ՝ հիմնովին ոչընչացվեց հայկական պետության այդ պահին արդեն շուրջ երեքհազարամյա շարունակական ավանդույթներ ունեցող ճյուղավորված համակարգը՝ ներառյալ թագավորական հաստատությունը եւ հայկական բանակը (միակ ազգային-պետական կառույցը, որ շարունակեց գոյատեւել՝ հասնելով մինչեւ մեր օրերը, Հայոց եկեղեցին էր): Հետագա երեք հուժկու ազատագրական ելույթների ժամանակահատվածներում՝ 1722-35 թթ., 1885-1921 թթ., ինչպես նաեւ 1988-ից մինչեւ այժմ, վերստեղծված ազգային-պետական կառույցները հայկական քաղաքակրթության հետ իրենց կապը վերագտնելու բավարար ժամանակ չունեցան, այլ հիմնականում փոխառեցին ու նմանակեցին օտար տիրապետող ուժերի համապատասխան հիմնարկներն ու փորձը: Այնինչ, հայոց պետականության արդյունավետ կազմակերպումը հնարավոր է հայկական քաղաքակրթության բուն արմատներն ու սկզբունքները ճանաչել-ընկալելու եւ դրանց համաձայն առաջնորդվելու դեպքում: Ասվածն, իհարկե, չի նշանակում, թե մեզանում անհրաժեշտ է միապետություն հաստատել կամ վերադառնալ հին կացութաձեւերին եւ օրենսդրությանը: Ամենեւի՛ն: Խոսքը վերաբերում է ընդամենը հայկական աշխարհընկալման, ազգային բնավորության եւ վարքուբարքի հիման վրա կառուցվելիք ներհասարակական հարաբերություններին ու պետական մեխանիզմներին: Շատ դեպքերում այդ մեխանիզմներն արտաքնապես կարող են նմանվել մեր ընտրած այսօրվա արեւմտյան մոդելներին, սակայն դրանց ներքին ամբողջ բովանդակությունը պարտադիր պետք է հայկականացվի (ճիշտ այդպիսի մի օրինակ է ճապոնական փորձը): Այս գործն, ի թիվս այլ միջոցառումների, պահանջում է նաեւ ազգային հողի վրա դնել հասարակական գիտությունները եւ ապահովել դրանց զարգացումը:
Արտերկրում հայկական կառույցների վիճակն է՛լ ավելի ծանր է: Սառը պատերազմի՝ միջազգային քաղաքականությանը պարտադրած կանոններով՝ վերջին տասնամյակներում սփյուռքահայ կազմակերպությունները հայտնվել էին օտար պետությունների հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում՝ դառնալով նրանց նպատակային ներազդման առարկա: Իբրեւ հետեւանք՝ սփյուռքահայ կառույցների մի զգալի մասի գործունեությունը, հատկապես քաղաքական ասպարեզում, արդյունավետորեն վերահսկվում եւ ուղղորդվում է օտար ուժերի կողմից: Կարելի է բերել այս փաստը հաստատող բազմաթիվ հին, նոր եւ նորագույն օրինակներ:
2. Հայոց ցեղասպանության ռազմավարական հետեւանքները
Հասկանալու համար հայությանն այսօր հետապնդող խնդիրները, անհրաժեշտ է նաեւ պարզորեն պատկերացնել վերջին հարյուրամյակում մեզ պատուհասած աղետների ահավոր արդյունքները:
Գրեթե մեկ դար է անցել Մեծ եղեռնից: Սակայն այսօր էլ այդ հրեշավոր հարվածի հետեւանքները կրում են Հայաստանը, հայ ազգը եւ մեզանից յուրաքանչյուրը: Հայաստանի եւ հայության կազդուրումը դեռ շատ երկար ժամանակ է պահանջելու: Ի՞նչ էր ցեղասպանությունը հայ ազգի ապագայի համար, ինչպիսի՞ն է եղել մեր կորուստների ներգործությունն այսօրվա իրականության վրա: Այս հարցերը, որքան էլ զարմանալի է, մեզանում ըստ արժանվույն չեն հետազոտված: Ավելի ճիշտ` այս հարցերին մենք տվել ենք հիմնականում հուզական պատասխաններ՝ թերանալով գնահատել ցեղասպանության հետեւանքները քաղաքական ու ռազմավարական չափանիշներով:
Համառոտ գծերով ներկայացնենք ցեղասպանության պատճառած կորուստները եւ դրանց հեռահար` մինչեւ այսօր զգացնել տվող հետեւանքները:
2.1. Կենսատարածքի կորուստ
Մինչեւ 1915 թ. հայ ժողովրդի հինգհազարամյա գոյատեւման տարածքն ընդգրկում էր ամբողջ Հայկական լեռնաշխարհը, այսինքն` պատմական Հայաստանը: Աշխարհառազմավարական (geostrategic) առումով՝ այս մեծ՝ ավելի քան 350,000 կմ2 ունեցող տարածքը նմանվում է մի հսկա բերդի, որն ունի մի շարք պաշտպանական շրջաններ, որոնցից յուրաքանչյուրն ի վիճակի է ինքնուրույն ապահովել իր պաշտպանությունը: Օտար զավթիչի կողմից պաշտպանական շրջաններից մեկի կամ մի քանիսի գրավումը դեռեւս չէր նշանակում Հայաստանի գրավում, քանի որ մյուս շրջաններում կենտրոնացած հայկական ուժերը միշտ ի վիճակի էին լինում վերախմբավորվել եւ հարմար առիթը որսալով՝ հակահարձակման դիմել ու վերատիրանալ Հայաստանի զավթված տարածքին:
Ավելի ուշ` ամենածանր XV-XIX դարերում, երբ Հայաստանի պետականությունը կործանվել էր, իսկ ազգային զինված ուժերը հիմնականում ոչնչացված ու վերացված էին ասպարեզից (առանձին հայկական զորամիավորումներ էին պահպանվել միայն Հայաստանի լեռնային որոշ շրջաններում, Վրաստանում ու պարսկական զորքերի կազմում), Հայաստան երկրի գոյատեւման գլխավոր առհավատչյան ժողովրդագրական գործոնն էր՝ նրա տարածքում հայկական տարրի մեծամասնություն կազմելը: Երբ մոնղոլական ու թյուրքական արշավանքների կամ թուրք-պարսկական պատերազմների հետեւանքով Հայաստանի որեւէ շրջան ավերվում էր (երբեմն գրեթե անմարդաբնակ դառնում), շատ չանցած՝ Հայաստանի մյուս շրջաններում ապաստանած հայությունը, կարծես մագնիսական ձգողականություն ունենալով հայրենի, պապենական հողի նկատմամբ, դարձյալ վերադառնում ու յուրացնում էր այն՝ միշտ հուսալով, որ հայրենիքը վաղ թե ուշ ձեռք է բերելու ազատություն, անկախություն, տնտեսական եւ ռազմական հզորություն:
Հայաստանի նահանգներն ու գավառները սոսկ տարածք չէին, այլ հինգհազարամյա կենսատարածք ու հայրենիք: Ցեղասպանության առաջին ահավոր հետեւանքն այն է, որ հայերին օտարացրել եւ անջատել են իրենց կենսատարածքից: Ռազմավարական առումով՝ կենսատարածքի կորուստը զրկել է հայերին պաշտպանական մի քանի շրջան ունենալու նախկին հնարավորությունից. մնացել է մի բուռ Հայաստան` ընդամենը մի վերջին միայնակ ամրոց: Այն այլեւս նահանջելու, ուժերը վերախմբավորելու տեղ եւ հնարավորություն չունի: Հայաստանն այլեւս ռազմական ոչ մի պարտության իրավունք չունի: Այլապես` դա կլինի Հայաստանի ու, հետեւաբար, հայ ազգի վերջը:
2.2. Մշակութային կորուստներ
Ցեղասպանության նպատակը ոչ միայն հայության ֆիզիկական բնաջնջումն էր, այլեւ Հայաստանում հայկական քաղաքակրթության բոլոր հետքերի ոչնչացումը (նպատակ, որ թուրքական պետությունն այսօր էլ շարունակում է իրագործել): Անթիվ եւ անհամար են մեր մշակութային կորուստները: Դրանք ոչ միայն առանձին ու անջատ եկեղեցիներ են, ճարտարապետական անկրկնելի շինություններ ու կոթողներ, այլեւ հինգ հազար տարվա ընթացքում այդ հողի վրա ստեղծված ամրոցներ, քաղաքներ ու գյուղեր, այլեւ տասնյակ հազարավոր մատյաններ, որոնցում ամփոփված են եղել ժողովրդի հանճարն ու գիտելիքը: Միայն մեկ խոսուն փաստ. այսօր ամբողջ աշխարհում կա մոտավորապես այնքան հայերեն ձեռագիր մատյան, որքան ոչնչացվել է Եղեռնի ժամանակ: Անգին տեղեկություններ ու գաղտնիքներ են ոչնչացվել, կորել-գնացել՝ մեզ զրկելով մեր նախնիների ստեղծած հոգեւոր ժառանգությունից, մեզ կտրելով նրանց մտքից ու ոգուց:
2.3. Նյութական կորուստներ
Ցեղասպանության ենթարկված արեւմտահայության ամբողջ ունեցվածքի եւ գույքի բռնագրավումն ու թալանը ստիպեցին վերապրած զանգվածներին տասնամյակներ շարունակ զբաղվել ոչ թե ազգային հավաքական կյանքը հարստացնող եւ ամրապնդող ստեղծագործ աշխատանքով, այլ չարքաշորեն, անջատ-անջատ ճգնել՝ իրենց ընտանիքների տարրական ֆիզիկական գոյությունը ապահովելու համար:
[
Էջանիշներ