Երթ՝ «Հանուն հայալեզու կրթության» կարգախոսով
13:37 • 03.09.10
Կիրակի` սեպտեմբերի 5-ին, ժամը 12:30 բազմաթիվ հասարակական կազմակերպություններ և քաղաքացիական նախաձեռնություններ կմիանան «Հանուն հայալեզու կրթության» կարգախոսով անցկացվելիք արտոնված երթին, որը կմեկնարկի Մատենադարանի հարթակից և Մաշտոցի պողոտայով կձգվի դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի։
«Այսօր, երբ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված տխրահռչակ նախագծով աննախադեպ սրությամբ վտանգվում է մայրենի լեզուն և հայ ինքնության արդիականացման հնարավորությունը, առավել քան կարևորվում է Մաշտոցի գործունեության խորհուրդը։
Հայոց լեզվով դպրության հազարվեցհարյուրամյա պատմությունը նրա պարբերական նորացման վկայությունն է։ Այսօր ևս այն ունի բավարար հիմքեր` համապատասխանելու իր ժամանակի պահանջներին և նորանալու, բայց ոչ երբեք օտարալեզու դառնալու գնով»,- ասվում է «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնության տարածած հաղորդագրությունում։
«Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» հասարակական նախաձեռնությունը միանում է երթին և կոչ է անում բոլոր մտահոգված անհատներին և կազմակերպություններին նունպես մասնակցել դրան։
Երթին կմիանան նաև մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք մինչև այդ կկատարեն ուխտագնացություն դեպի Օշականի սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, այդ թվում։
Tert.am
Էջանիշներ