Օրաթերթն անդրադառնում է ԱԺ-ի կողմից ընդունված «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու կառավարության ներկայացրած նախագծի փաթեթին։
Նախագծի ընդունումը կանխատեսելի էր շատ վաղուց, նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ չէր ուղարկվել խորհրդարան։ Մի առիթով գրել էինք, որ այն նախագծերը, որոնք չեն հակասում քաղաքական մեծամասնության շահերին, որպես կանոն, ընդունվում են։ Ընդունվում են անգամ այն պարագայում, երբ կա հասարակական դժգոհություն՝ քննարկվող նախագծի նկատմամբ։
Օտարալեզու դպրոցների վերաբացման մասին կառավարության ներկայացրած նախագիծն ասվածի թարմ օրինակներից է։ Չնայած այն հանգամանքին, որ հայ հասարակության, ընդ որում, հասարակության կրթված հատվածի, եթե ոչ ողջ, գոնե մեծ մասը դեմ էր օտարալեզու դպրոցների վերաբացման նախագծին, այն ընդունվեց, ընդ որում ընդունվեց, այսպես ասած, երկակի լրամշակված տարբերակով։ Լրամշակումն իրականում, որևէ լուրջ փոփոխություն չմտցրեց նախագծում, փոփոխվեցին բացառապես երկրորդական հարցերը։ Այստեղ «երկրորդականը» հենց կրթության և գիտության նախարարի որակավորումն է, քանի որ հենց Աշոտյանը խորհրդարանական քննարկումների ժամանակ նշեց, որ հիմնականը «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն իրականացնելն է, որն է «ՀՀ-ում կրթությունն իրականացվում է գրական հայերենով» հոդվածում ավելացնել «բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» արտահայտությունը։ Մնացածը, Աշոտյանի բնորոշմամբ, երկրորդական խնդիրներ են...
... թերևս ժամանակն է, որ իրենց նժդեհական կոչող հանրապետականները փոխեն իրենց գաղափարախոսությունը և նժդեհականության փոխարեն, օրինակ, հայտարարեն` մեր սկզբունքը սկզբունք չունենալն է:
Tert.am
Էջանիշներ