Մեղքի մթին քարայրից,
Ուր հսկում ես դու անքուն,-
Մութ ցանկությամբ դյութիր ինձ
Եվ փայփայիր ինձ թաքուն:
Սև գիշերով ինձ կանչիր
Ամայի խուց ու այնտեղ
Հեզ մարմինս չար տանջիր
Գգվանքներում քո ահեղ:
Եվ մութ խորշում անձավի,
Ուր սարսափ է, ուր սոսկում,-
Արյունահոս թող ցավի
Իմ մարմինը քո գրկում:
Ես քեզ մերժել չեմ կարող,
Ես ամեն ինչ կտամ քեզ,
Սև խորհուրդը մեզ գերող
Ես գիտեմ, և դու գիտես...
Էջանիշներ