Դու խոսում ես, բայց կարծես,
Դու չես, գիշերն է երգում.
Այնպես նուրբ ես և այնպես
Մեղմ ես, մեղմ ես ինձ գրկում...
Լուսեղեն է խոսքերիդ
Իմաստը պարզ ու խորունկ,
Որպես մեղմ ու անառիթ
Գարնան անուշ մտորմունք...
Եվ անդորր է ձայնը քո,
Հաշտ է թախծոտ իր շեշտով,
Որպես անուշ երեկո`
Լիքը սիրով ու վշտով:
Դու չես, դու չես.-հեռավոր
Վարդենիներն են շրշում,
Ծովն է երգում լայն ու խոր
Ոսկեպայծառ մշուշում...
Իմաստուն է և արդար
Օրերի երգն անընդհատ, -
Դառը տանջանք ու դադար,
Եվ սեր, և վիշտ, և հեքիաթ...
Գիշեր, գիշեր, լռություն,
Անուշ թախծի լուսե երգ.
Փռվիր, փռվիր իմ հոգում,
Խաղաղություն անեզերք...
Էջանիշներ