* * *
Առաջին զինվորական կոչում ստացած լեյտենանտ Սերոյին ուղարկում են ծառայության մի հեռավոր, սահմանամերձ զորամաս: Սա մի մեկուսի վայր էր, ամբողջովին կտրված քաղաքկրթությունից: Բացի մոտակա գյուղից այլ բնակավայր շրջակայքում չկար: Զորամասում ծառայում էին, երևի, 200-ից 300 զինվորներ: Մշակույթն ու կյանքը մոռացել էին այս զորամասի մասին, այստեղ կար միայն զենք, միայն քրտինք, միայն տանջանք ու սննդի պակասություն: Զորամասի բոլոր զինվորներն իրենց մաշկի վրա զգում էին հայրենիքի պաշտպանի դժվար բեռը, զգում մարմնի ամեն մի բջիջով, բոլոր զգայարաններով, բռնված ոտքերով ու ձեռքերով, անլվա գլխով...
Դժվար տարիներ էին, դժվար էր ծառայությունը: Նրանք ստիպված էին ոչ միայն տանջվել, այլև ապրել պատերազմի վտանգները, թեև պատերազմի տարիներ չէին, պատերազմի դաշտում չէին: Դժվար էր այս ամենին դիմանալ, դիմագրվել դեռևս լրիվ չհասունացած, մանկությունից դեռ լրիվ դուրս չեկած, ծնողական խնամքի, քնշանքի կարոտ պատանիների համար: Դժվար էր փափուկ անկողնուց միանգամից դաժան կյանք մտած մարդկանց անմիջապես հարմարվելն ու տոկալը այդ ամենին:
Բացառություն չէր նաև Սերոն: Իսկ գուցե այդ իմաստով ամենախեղճն էր: Դեռ մանկուց ծնողները նրան պատմել էին զինվորական փառքի մասին, զինվորական պատվի մասին, զինվորական կեցվածքի մասին: Դեռ մանկուց Սերոն երազել էր հերոս, զինվոր, ապա գեներալ, մարշալ դառնալու մասին: Դա եղել էր Սերո՞յի երազանքը, թե՞ ծնողներն էին նրան աստիճանաբար համոզել ընտրել այդ ճանապարհը, կարևոր չէ, կարևորն այն է, որ 16 տարին լրացած պարմանին ցանկություն հայտնեց դպրոցն ավարտելուց հետո բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու փոխարեն ուսանել զինվորական ուսումնարանում, սովորել հայրենիքի պաշտպանի արվեստը:
Ընկերներին ու ուսուցիչներին շատ զարմացրեց Սերոյի ցանկությունը: Բոլորը կարծում էին, որ ուշիմ երիտասարդը կփորձի պատմաբան դառնալ, որովհետև պատմության դասատուն անգամ նրանից լավ չգիտեր այդ առարկան: Սերոն ընդհանրապես լավ աշակերտ էր, լավ էր սովորում և ոչ մեկը չէր կասկածում, որ նա կշարունկի իր ուսումը, կդառնա լավ մասնագետ:
Այդ առաջարկը կարծես տարօրինակ չէր միայն ծնողների համար, ովքեր խանդավառությամբ ընդունեցին առաջարկն, ու շուտով Սերոն կուրսանտ էր:
Հենց առաջին օրվանից նրան դուր չեկավ զինվորական ծառայությունը, նրան դուր չեկավ զինվորական համազգեստը, նրան դուր չեկավ զինվորական կարգապահությունը, զինվորական խստությունը, զինվորական բռիությունը և զինվորական ապագան: Բայց հիշելով մոր խանդավառված աչքերը, ով տեսնելով զինվորական համազգեստով տղային յոթերորդ երկնքում էր, որոշեց դիմանալ դժվարություններին, անցնել դժվար ճանապարհն ու դառնալ արհեստավարժ զինվորական: Չորս տարվա ուսում-ծառայության ընթացքում այդպես էլ չհարմարվեց իր զինվորական կերպարին, չսիրեց իր ընտրած գործը, բայց եղավ ամենակարգապահ կուրսանտներից մեկը, եղավ ամենաուշիմ, ամենապարտաճանաչներից մեկը:
Չորս տարի նրան լուրեր էին հասնում, թե որքան երջանիկ են իր դպրոցական և թաղի ընկերները, ի՜նչ հաճույքով են հաճախում իրենց ընտրած ուսումնական հաստատությունները, որ նոր ընկերներ են ձեռք բերել, մի մասը ընկերուհիներ ունեն, կազմակերպում են խնջույքներ, ուրախություններ, հաճախում դիսկոտեկներ և այլ ձևերով վայելում ազատ կյանքը:
Բայց ամենից շատ իր հին ընկերներին նախանձում էր մոր խնամքի կարոտ չունենալու համար: «Նրանք ամեն օր տեսնում են իրենց ծնողներին», - դառնացած մտածում էր տղան՝ նայելով ձեռքի ճմռթված ու արցունքոտված ընտանեկան նկարին՝ ինքը, հայրը, մայրն ու փոքր քույրը:
Անցան 4 կարոտով տարիները, որոնք լրիվ վայրենացրել էին Սերոյին, դարձնելով դաժան մի տղա, ով փողոց դուրս ելած ժամանակ ատելությամբ էր նայում ծնողի հետ ուրախ շաղակրատելով քայլող պատանիներին: Անցան չորս երկար տարիները ու արդեն արհեստավարժ զինվորին շնորհեցին լեյտենանտի կոչում: «Շուտով կհասնեմ ծնողներիս» - երանությամբ մտածում էր Սերոն, ով վստահ էր, որ որտեղ էլ որ իրեն ուղարկեն ծառայելու, ամեն օր ժամը վեցից հետո տուն է գնալու, պառկելու այն հին ու փափուկ անկողնում, խոսելու է մոր, հոր, քրոջ հետ, հեռուստացույց է նայելու, իջնելու է բակում իր լավ ընկերնրեի հետ զրուցելու...
Բայց բանակն անկանխատեսելի է, իսկ սպան պարտավոր է կատարել որոշումները: Ու բանակը որոշեց: Սերոն պետք է ծառայեր իր տնից շատ ու շատ հեռու, աշխարհից կտրված մի անկյունում, սահմանամերձ մի զորամասում:
Աշխարհի վրա դառնացած ու բարկացած Սերոն այդ զորամաս եկավ որպես կատաղած գազան:
Այս զորամասում չսիրեցին Սերոյին: Նրանից ավելի դաժան մեկը չկար: Նրան չէին սիրում ոչ սպաները, ոչ զինվորները: Նա խստապահանջ էր բոլորի նկատմամբ, նա չէր խուսափում իր ուժը գործադրելուց: Հատկապես տուժում էին այն զինվորները, ում ժամանակ առ ժամանակ այցելում էին իրենց հարազատները: Սերոն սրանց նայում էր ատելությամբ ու այդ ատելությունը չէր թաքցնում:
Անհնար է պատկերացնել, թե ինչպես կարելի է դժոխային ծառայությունն ավելի դժոխացնել, բայց Սերոյին դա հաջողվում էր: Նա տաքարյուն էր: Նա ուժեղ էր: Նա փորձառու էր: Նա գիտակ էր: Նրա հետ ոչ մեկը չէր կարող մրցել ոչ մի հարցում: Սերոն կարողանում էր իր բոլոր գործողություններին բացատրություն, արդարացում գտնել ու գործում էր աներևակայելի եռանդով:
Սերոյի վայրենի գործողությունները ավելի էին վայրենացնում վայրենի զորամասի վայրենի զինվորներին: Ժպիտն ու ուրախությունը վաղուց լքել էին սահմանամերձ զորամասը, թույնն ու դաժանությունը այն շրջապատել էին չորս կողմից:
Զինվորները բարբարոսացել էին: Նրանցից շատերն արդեն հանցագործ էին: Կարողանալով փախնել զորամասից նրանք հասնում էին մոտակա գյուղն ու դատարկում գյուղացիների այգիները, գողանում անասուններին, երբեմն տներից ինչ-որ բաներ թռցնում, որպեսզի ապահովեն իրենց գոյությունը: Այս վայրենացած տղաները գյուղում հասցնում էին բավարարել նաև իրենց ցանկությունները: Ասում են, գյուղում չկար 16 տարեկանից մեծ որևէ աղջիկ, ով կույս կլիներ: Զինվորները կին ու աղջիկ բռնացնում էին որտեղ ասես ու չէին հապաղում բավարարել իրենց ցանկությունները:
Սերոն ինքը այս գյուղից ոմանց հետ հասցրել էր լինել: Գիշերվա կեսին նա կարող էր լուսամուտից մտնել քսանամյա աղջկա ննջասենյակն ու նրա հետ զբաղվեր սեռական հարաբերություններով, անգամ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ աղջկա ծնողները քնած էին պատկից սենյակում:
Բայց նրան այդ ամենը չէր բավարարում, նա իրական քնքշանքի, իրական սիրո կարիք ուներ, ինչը նրան ավելի էր կատաղացնում, գազանային բնազդները արթնացնում նոր ուժով: Գիշերները երազում նա միայն իր մորն էր տեսնում ու կատաղած արթնանում՝ անիծելով իր զինվորական դառնալու որոշումը:
Այդպիսի պահերին Սերոն բնական ցանկություն էր ունենում զինվոր ծեծելու և հանգստանալու, այնպես որ անմիջապես հագնվում, դուրս էր գալիս հերթապահներին ստուգելու, որ անպարտաճանաչներին պատժի:
Այդպիսի մի օր, գիշերվա ժամը 1-ին Սերոն գնաց զորամասով շրջագայության: Այդ օրը հատկապես գազազած էր: Վաղուց, շատ վաղուց լուր չուներ տնեցիներից, կարոտն իրեն ուտում էր ներսից:
Զինվորական ճաշարանի մոտով անցնելիս ծիծաղի ձայն լսեց: Դուռը բացեց և տեսավ 4-5 զինվորների, որ արաղ էին խմում, ուտում ինչ-որ տեղից ձեռք բերած հավի միսը: Միանգամից հասկացավ, որ գողացել են: Սերոն չէր սիրում նման բաներ: Ցասումը հասավ գագաթնակետին.
- Ես Ձեր մերը, - պոռթկաց նա, - էդ որտեղի՞ց եք գողացել:
- Արա էլ քեզ սրբի տեղ մի դիր, - գոռալով պատասխանեց հարբած զինվորներից մեկը: - Յանիմ դու էլ օրինապաշտ ես: Էն օրն էն 20 տարեկան բ.-ի ծոցում դու չէիր պառկած:
- Ես քո մաման, - գոռաց Սերոն ու հարձակվելով տղայի վրա մի հարվածով տապալեց գետնին ու սկսեց ոտքով զարկել:
Ուրիշ դեպքերում զինվորի ընկերները կսսկվեին, որովհետև վախենում էին Սերոյից: Բայց օղին նրանց համարձակություն էր տվել և նրանք բոլորով, առանց պայմանավորվելու, հարձակվեցին Սերոյի վրա: Տղաներից մեկը ձեռքի տակ ընկած փայտով հաջողացրեց ուժգին հարվածել Սերոյի քթին ու ջարդած քթից արյունը սկսեց հորդալ:
Սերոն գոռաց ցավից ու հասկացավ, որ այսպես պարտություն կկրի: Ճիշտ է, ուժեղ է, բայց հակառակորդներն էլ համ ուժեղ տղաներ էին, համ էլ շատվոր էին:
Սերոն դուրս վազեց ճաշարանից: Նա գիտեր ուր էր գնում: Իր զենքը չէր վերցրել, ուրիշն էր պետք: Վազելով հասավ պահակակետ: Զենքը ձեռքին հերթապահը կանգնած տեղում քնած էր: Քացով հարվածեց սրան: Անսպասելիությունից համրացած տղան զարհուրած ընկած դիրքից նայում էր Սերոյին: Իսկ Սերոն արագ վերցրեց սրա ձեռքի զենքն ու վազեց ճաշարանի ուղղությամբ:
Սերոն իր անելիքը գիտեր: Գիտեր նաև հետևանքները, բայց դա նրան ետ չէր պահում: Սերոն նեղացած էր աշխարհից ու իր ծնողներից, ովքեր իրեն այս ճակատագրին էին դատապարտել: Ճաշարանի դուռը ներսից կողպված էր: Ոտքով ուժգին հարվածեց: Փայտե դուռը ճռռաց, բայց չբացվեց: Նորից հարվածեց: Էլի նույնը:
Հարվածի ձայները արթնացրին զինվորներից ու սպաներից շատերին: Բայց մինչ նրանք կհասնեին դեպքի վայր՝ ճաշարան, Սերոն շարունակում էր ոտքով հարվածել դռանը: Շուտով դուռը տեղի տվեց ու կոտրվեց: Սերոն ներս մտավ:
Հինգ զինվորները սարսափած կուչ էին եկել ճաշարանի մյուս ծայրում:
- Ես Ձեր մերը, լրբի լակոտներ, գողեր, էդ ինձ էիք խփում, - պոռթկաց Սերոն ու զենքն ուղղեց զինվորներին:
Ձգեց ձգանը որ կրակի ու այդ պահին ներս մտած սպաներից մեկը ոտքով հարվածեց Սերոյի ձեռքին ու ճիշտ ժամանակին: Փամփուշտը կպավ առաստաղին: Մյուս սպան ձեռքի բահով ուժգնորեն խփեց Սերոյի գլխին ու Սերոն ուշաթափված ընկավ...
Ավելացվել է 25 վայրկյան անց
* * *
- Ես իսկապես վայրենի էի դարձել, - մռայլ դեմքով իր պատմությունն էր շարունակում Սերոն: - Ու ես իսկապես կսպանեի դրանց ու նույնիսկ չէի էլ ափսոսա դրա համար: Հիմա որ հիշում եմ, սարսափում եմ: Իսկ այդ ժամանակ բռնությունից բացի ուրիշ ոչ մի բան գլխումս չկար: Մենք ապրում էինք վայրենու կյանքով, մենք կյանքի կարոտ էինք ու դա չէինք տեսնում: Ես իմ կյանքը կամ բանտում կավարտեի, կամ գժանոցում, եթե դրանից հետո ծանոթ-բարեկամ խառնելով ինձ այս զորամաս չտեղափոխեին: Ես շատ եմ մտածել իմ արածների մասին: Հոգեբանների մոտ եմ գնացել: Ես բոլոր ջանքերը գործադրել եմ փոխվելու համար ու կարծես թե դա հաջողվել է, բայց մեկ-մեկ իմ մեջ նորից զարթնում է գազանը ու նորից չեմ կարողանում ինձ կառավարել...
* * *
Դժվար է բանակում ինքդ քեզ կառավարելը: Պետք է ամեն պահի քեզ վրա աշխատես, որ քո ներսում քնած գազանը չարթնանա: Դա զինվորի պարտականություններից մեկն է...
Դա նրա գլխավոր պարտականությունն է:





Մեջբերել
Էջանիշներ