Քանի որ այս բաժնում բազմաթիվ ստեղծագործություններ են տեղադրվում ու բազմաթիվ կարծիքներ են հայտնում մյուսները, խորհուրդներ են տալիս, որոշեցի, որ լավ կլինի՝ էթիկայի կանոններ գրել: Ես սրանք գրում եմ ելնելով սեփական փորձից, օգտվելով այլ աղբյուրներից (մասնավորապես, այս ամառ տեղի ունեցած workshop-ից, որին մասնակցում էին կին գրողներ): Եթե ուրիշ առաջարկներ կան, կարող ենք ավելացնել:
Երբ կարծիք ես հայտնում…
1. Ստեղծագործությունը կարդալիս պետք է մոռանալ, թե ով է հեղինակը, ինչ կյանքով է ապրում, ինչ գիտես նրա մասին: Նույնը և կարծիք հայտնելիս: Այսինքն, կարծիքդ պետք է լինի նույն տոնով, նույն ոճով անկախ նրանից, թե ում ես հայտնում: Հիշի՛ր, թե ինչ ես զգում, երբ քո գրածների մասին են խոսում: Աշխատի՛ր այնպես հայտնել կարծիքդ, որ եթե նույնը քեզ ասեին, դու կընդունեիր:
2. Պետք է հնարավորինս հիմնավոր գրել: «Լավ է», «վատ է» արտահայտությունները ոչինչ չեն ասում: Ստեղծագործողին ավելի օգտակար է լսել «լավ է, որովհետև…», «ինձ հատկապես այս մասը դուր եկավ, որովհետև…», «ինձ այս մասը դուր չեկավ, որովհետև…» տիպի կարծիքներ:
3. Եթե որևէ բան անհասկանալի է, մի՛ շտապիր այդ հատվածի մասին կարծիք հայտնել, այլ փորձիր նախ հեղինակին հարցրե տալ, խնդրել, որ բացատրի:
4. Ընդունի՛ր հեղինակի աշխատանքը այնպիսին, ինչպիսին նա այն գրել է: Խորհուրդ մի՛ տուր գրել այնպես, ինչպես ինքդ կգրեիր: Կարելի է առաջարկություններ անել, միայն համոզվիր, որ թե՛ հեղինակին, թե՛ քեզ պարզ է, որ առաջարկություն է:
5. Գրական հերոսներին մի՛ անձնավորիր: Նրանք մնում են սոսկ հերոսներ, անկախ նրանից, թե որ դեմքով է հեղինակը գրել:
6. Լեզվական սխալների հետևից մի՛ ընկիր:
Երբ կարծիք ես ստանում…
1. Ուշադիր կարդա բոլորը, բայց մի՛ շտապիր պատասխանել, վեճի բռնվել, չհամաձայնել, պաշտպանել գրածդ: Քեզ ժամանակ է պետք, որ կարողանաս զանազանել օգտակարը ոչ պիտանիից:
2. Կարող ես հարցեր տալ, եթե կարծիքը պարզ չէ:
3. Երբ ուզում ես բացատրություններ տալ գրածիդ մասին, նկատի ունեցիր, որ դա հենց այն է, ինչը բացակայել է քեզ մոտ:
4. Եթե այնպիսի կարծիք ես լսում, որի հետ բացարձակապես համաձայն չես, պարզապես անտեսիր, հարձակում մի՛ գործիր: Ամենահեշտը դու այն կարծիքը կընդունես, որը համապատասխանում է քո սեփական մտահոգություններին: Ուշադրություն դարձրու նաև այն կարծիքներին, որոնք միաժամանակ մի քանի հոգի են ասել:
5. Հաշվի առ, որ կարծիք հայտնողները պրոֆեսիոնալներ չեն, կարող են գտնվել քեզ համար ոչ բարենպաստ հոգեվիճակում:
6. Վերջում չմոռանաս շնորհակալություն հայտնել բոլորին՝ անկախ նրանից, թե ինչ են ասել: Վերջիվերջո, ժամանակ են տրամադրել քո գրածին:
Էջանիշներ