Ես համաձայն եմ Manon–ի հետ այն հարցում, որ խնդիրն ավելի գլոբալ է, և Հայաստանը գուցե պարզապես վառ օրինակ է։ Մենք Հայաստանն ենք տեսնում, ուստի կարող ենք միայն Հայաստանի մասին վստահ խոսել, բայց չեմ կարծում, թե աշխարհի մյուս մասերում հումանիզմի պակաս չի նկատվում։
dvgray, քո նշած փաստերը՝ հումանիտար օգնությունների, ներդրումների, հատկապես Լենինականի երկրաշարժից հետո տարբեր երկրների անհատների ցույց տված իսկապես հսկայական ու անգնահատելի օգնությունը, իհարկե, անժխտելի է։ Սրտացավ ու օգնելու պատրաստ անհատներ միշտ էլ եղել են ու կլինեն, բարեբախտաբար։ Ուղղակի ամբողջ խնդիրն այն է, որ նման օգնությունները հաճախ շատ քիչ առնչություն են ունենում հումանիզմ կոչվող երևույթի հետ։ Նմանատիպ նյութական օգնությունները շատ հարուստների համար դառնում են մի տեսակ սովորություն, ինքնահաստատման ու ինքնաճանաչման միջոց, որը կատարվում է հաճախ առանց առանձնապես մարդասիրական զգացմունքների մղման։ Շատ բարեգործներ կան, որոնք, չնայած իրենց կատարած ահռելի նյութական ներդրումներին այս կամ այն ոլորտներում և այլն, իրականում բարու շատ քիչ տարրեր են կրում իրենց հոգում, ավելին՝ այդպիսի մարդկանց մեջ շատ են պատահում այնպիսիք, որոնց կարելի է բառացիորեն հակադրել բարի հասկացության հետ... Այդ նույն հանրահայտ բարեգործները կարող են ամենաչնչին կենցաղային հարցերում հումանիզմի այնպիսի բացակայություն դրսևորել, որ նրանց արած բարեգործությունն իսկապես վերածվի ձևականության։ Ի վերջո, ստացվում է, որ բարեգործները նրանք են, ովքեր շատ փող ունեն, ոչ թե շատ բարություն։ Դա, իհարկե, չի նշանակում որ չեն կարող բարի լինել, ուղղակի ասածս այն է, որ այդ հայտնի բարեգործություններն այսօր շատ մարդկանց համար ընդամենը անուն ձեռք բերելու միջոց են, ոչ թե իսկական հումանիզմի դրսևորում։ Բոլորս էլ գիտենք, որ բոլոր հայտնի մարդիկ այսօր զբաղվում են բարեգործությամբ, դա մի տեսակ մոդա է, նունիսկ պատվի հարց, իսկ թե ինչպիսին են այդ մարդիկ իրենց մտերիմների, ընկերների, հարազատների ու ենթակաների հետ հարաբերություններում, Աստված գիտե։ Ամեն դեպքում բարեգործությունը հումանիզմի հետ նույնացնելը խիստ սխալ եմ համարում։
Օսկար Ուայլդի խոսքերից հիշեցի, որ գուցե մի քիչ խիստ է ասված ու նրան հատուկ խայթիչ տոնով, այնուամենայնիվ, դրանում հաստատ ճշմարտություն կա. «Բարեգործները կորցնում են իրենց ողջ մարդկայնության զգացումը. դա նրանց բնորոշ հատկանիշն է»։
Այնպես որ հումանիզմի դրսևորումները պետք է փնտրել ամենակենցաղային, ամենասովորական մարդկային հարաբերություններում, որովհետև ավելի «բարձր օղակներում» այն հումանիզմի փոխարեն հաճախ բարեգործության հանդերձանքով անմարդկայնությունն է հանդես գալիս...
Էջանիշներ