Վարդգես Սուրենյանցի հուշաքարը կբացվի Ախալցխայում
Հայ ականավոր գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի հուշաքարը օգոստոսի 1-ին հանդիսավոր կերպով կբացվի նկարչի հայրենքիում՝ Ախալցխայում։
Նշենք, որ հուշաքարի բացման գաղափարի հեղինակները մի քանի անհատներ են՝ Սոս Սահակյանը, Գագիկ Գինոսյանը, Սամվել Աղեկյանը, Սամվել Հովեյանը։ Տվյալ գաղափարը պետք է իրագործվեր դեռևս հունիսին, սակայն դա տեղի չէր ունեցել մի շարք խոչընդոտների պատճառով, որոնք ստեղծվել էին Վրաստանում։
Ինչպես Tert.am–ի հետ զրույցում հայտնեց մտահղացման հեղինակներից մեկը՝ Գագիկ Գինոսյանը, խնդիրներ, իրոք, եղել են, սակայն հետագայում իրենք հանդիպել են Ախալցխայի քաղաքապետի հետ, և վերջինս խոստացել է հարթել բոլոր խնդիրները։ Այսպիսով, հանդիսավոր արարողությունը տեղի կունենա օգոստոսի 1-ին, իսկ հայկական կողմից հուշաքարի բացմանը կմասնակցեն Հայաստանի նկարիչների, կոմպոզիտորների և գրողների միությունների նախագահները, Պատմության և Արվեստի ինստիտուտների տնօրենները։
Վրացական կողմը հանճարեղ գեղանկարչի հուշաքարի բացմանը նույնպես ներկայացված է լինելու բարձրաստիճան պաշտոնյաներով։
Էջանիշներ