Զավեշտի հասնող տգիտություն
19:37 Yerevan | 15:37 GMT | Friday 30 November 2007
Հեղինե Մանուկյան

«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանին ՀՀ-ում 10 տարվա մշտական բնակության տեղեկանք չտրամադրելը, այն դեպքում, երբ Կարապետյանը 2003-ին մասնակցել է նախագահական ընտրություններին եւ փաստորեն այն ժամանակ բավարարել է ՀՀ Սահմանադրության այդ պահանջին, վկայում է այս իշխանությունների զավեշտի հասնող տգիտության մասին:

Զավեշտն այն է, որ անձնագրերի եւ վիզաների վարչության պետը` Ալվինա Զաքարյանը, չի փոխվել. նա է 2003-ին Ա.Կարապետյանին տվել այդ տեղեկանքը եւ նա է 2007-ին մերժել նրան: Բացի այդ` Ա.Զաքարյանը չի վիճարկում Արամ Կարապետյանի քաղաքացիության հարցը եւ չի նշում, թե ինչն է պատճառը, որ այլ երկրի քաղաքացիություն չունեցող անձին չի տրամադրում նշված փաստաթուղթը: 2005թ.-ին Արամ Կարապետյանը նոր անձնագիր է ստացել, որտեղ առկա է համապատասխան կնիք, ըստ որի` նա 1992թ.-ից գրանցված է եւ բնակվում է Դավիթաշենի 26 շենքի 64 բնակարանում: Հենց այդ նույն հիմքով էլ այս տարվա մայիսին Կարապետյանին տրվել է համապատասխան փաստաթուղթ, որի հիման վրա էլ վերջինս իրավունք է ստացել մասնակցել ԱԺ ընտրություններին: «Դուրս է գալիս շատ հետաքրքիր մի բան` ըստ Սերժ Սարգսյանի, Գորիկ Հակոբյանի, Ռոբերտ Քոչարյանի` երբ պետք է` փաստաթուղթ գոյություն ունի, երբ պետք է` փաստաթուղթ գոյություն չունի: Շախիշախի (նկատի ունի շահնշահի) երկիրն է դառել` տղեք, աջ կանգնեք, տղեք, ձախ կանգնեք, օրենք ընդհանրապես չի գործում, բեսպրեդել, ես ուրիշ խոսք չեմ կարող ասել»:

Մենք փորձեցինք պարզել, թե ինչի հիման վրա, ինչ կերպ է հաշվարկվում մշտական բնակություն ունենալու ցենզը: Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը ասաց, որ այն հաշվարկվում է ըստ մշտական հաշվառման վերաբերյալ կարգի, այսինքն` սկսած այն օրվանից, երբ տվյալ քաղաքացին հաշվառվել է տվյալ հասցեում: Պրն Պողոսյանն ասաց նաեւ, որ «իրավակիրառական պրակտիկայում չկա համապատասխան չափման միավոր, ըստ որի հաշվառվի քաղաքացու բնակության ցենզը, թե տվյալ մարդը քանի օր, քանի վայրկյան է ապրել այդ հասցեում եւ այլն: Բավարար է միայն հաշվառված լինելը»: Իսկ ինչ վերաբերում է Արամ Կարապետյանին վերը նշված փաստաթուղթը չտրամադրելուն, դա, ըստ Պողոսյանի, միանշանակ քաղաքական պատվեր է եւ զուրկ իրավական բացատրությունից: Մնում է ենթադրել, որ ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանից իշխանություններն իրոք զգուշանում են, եւ վերջինիս ընտրական պայքարի ամենասկզբում լիկվիդացնելով, զերծ են մնում ինչ-ինչ վտանգներից: Չէ՞ որ Կարապետյանն իր ասուլիսներից մեկում խոստացել էր, որ գալիք ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ հեռուստատեսությամբ ներկայացնելու է պետական բարձրաստիճան չինովնիկների մասին զարհուրելի կոմպրոմատներ: Երեկ էլ ՆԺԿ ղեկավարը հայտարարեց, որ քանի որ որպես նախագահի թեկնածու չի կարող օգտվել հեռուստաեթերից, իր մոտ եղած «հաստափոր» դոսյեներն, այնուամենայնիվ, ներկայացնելու է հանրությանը: «Ես խնդրելու եմ, որ գրանցված թեկնածուներից ոմանք իրենց օրական եթերի մի բաժինը իմ փողով տրամադրեն ինձ: Յուրաքանչյուր ոք հեռուստատեսությամբ կարող է ելույթ ունենալ որեւէ թեկնածուի օգտին: Եթե իսկապես ընդդիմադիր են, եթե իսկապես մտածում են համակարգը փոխելու մասին, ուրեմն եթեր կտրամադրեն», - վստահեցրեց Կարապետյանը:

http://www.zhamanak.com/article/7675/