ՀՌԱՀ-Ը «ԳՈՐԾ ՏՎՈՂ Է»
[17:15] 30 Նոյեմբերի, 2007
Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաընկերությանը նվիրված քննարկմանն այսօր երեւանյան ոչ մի հեռոսւտաընկերություն ներկա չէր: Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի որակմամբ՝ նշանակում է, որ հեռուստաընկերությունները մտահոգված եւ հետաքրքրված չեն իրենց գործընկերոջ ճակատագրով: Նշենք, որ քննարկումը կազմակերպել էին Երեւանի մամուլի ակումբը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Գյումրիի ՚«Ասպարեզ»ակումբը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն:
ԳԱԼԱ-ի դեպքն, ըստ Բարսեղյանի՝ աննախադեպ էր նրանով, որ վերջինս կարողացավ պաշտպանել իրեն ու պայքարել հանուն ազատ, բազմակողմանի լրատվության: Հիշեցնենք, որ ԳԱԼԱ-ում հարկային ստուգումներ էին սկվել այն բանից հետո, երբ հեռուստաընկերությունը եթեր էր հեռարձակել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթը:
Բարսեղյանի պատմելով՝ երբ ծանոթացան հարկային ստուգումներից հետո գրված ակտին, պարզվեց, որ ՚26 մլն դրամի առյուծի բաժինը կառուցվել է իբր թաքցված եկամուտների վրաՙ: Իսկ այդ գումարը, ըստ նրա՝ հաշվարկվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի ներկայացրած տեղեկանքի հիման վրա: Դրանք այն տեղեկանքներն են, որոնք ՀՌԱՀ-ը ամեն 15 օրը մեկ հեռուստաընկերություններից պահանջում է ներկայացնել իրենց հաղորդումների ծավալի, քանակի վերաբերյալ: Այդ տեղեկանքներն արդյոք ունե՞ն իրավական հիմք, թե՝ ոչ, Բարսեղյանի անցկացրած փոքրիկ հետախույզն այդ հարցի պատասխանը չի գտել: Այդ նպատակով գրավոր դիմել է ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանին, որը մինչ օրս չի պատասխանել: ՚Դա արդեն բավարար հիմքեր է տալիս մեզ դատի տալու համար այդ հանձնաժողովին՝ տեղեկատվության ազատության մեր իրավունքը խախտելու համարՙ,- ասում է Բարսեղյանը:
Ըստ ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանի՝ օրենքով ՀՌԱՀ-ին նման գործառույթներ չեն վերապահվում, որ նա բոլոր հեռուստառադիոընկերություններից պահանջի զեկույցներ, որտեղ պետք է ներկայացվեն գովազդի գրաֆիկներն ու ծավալները, տեւողությունը: ՚Այդ տեղեկանքները որեւէ իրավական հիմք չեն կարող ծառայել եւ ապօրինի են տրամադրվում: Այսօրվա մեղադրանքները, որ հնչում են ԳԱԼԱ-ի հասցեին, հենվում են հենց ՀՌԱՀ-ի տրամադրած տվյալների վրա, որոնք ներկայացվել են հարկային տեսչություն: ՀՌԱՀ-ը փոխանակ պաշտպանի խոսքի ազատությունը ընտրություններից ժամանակ, փաստորեն ստացվում է, որ ՚գործՙ է տալիս հեռուստաընկերությունների մեկի վրաՙ,- ասում է Նավասարդյանը:
Նա նաեւ ավելացրեց, որ ըստ ՀՀ Սահմանադրության՝ ՀՌԱՀ-ը ստեղծվել է խոսքի ազատությունը պաշտպանելու համար: ՚Դուք կարո՞ղ եք այս ամիսնների ընթացքում հիշել նման մի գործողություն: Միչդեռ հաշվի առնելով այսօրվա սուր քաղաքական իրավիճակը՝ նա պետք է դիմեր կառավարական եւ պետական մարմիններին՝ ասելով, որ եկեք ընտրություններից հետո հետաձգենք հարկերի, գովազդի առումով հեռուստառադիոընկերությունների հետ ունեցած բոլոր խնդիրները: Դա հնարավորություն կտա, որ մեզ չմեղադրեն կողմնակալ վերաբերմունքի համար, մեկին հետապնդելու քաղաքական նկատառումներովՙ,- ասում է Նավասարդյանը:
Հարկային պետական ծառայությունը տարածել էր նաեւ մի հաղորդագրություն այն մասին, որ ՚ԳԱԼԱ-ի կողմից օգտագործվող հեռուստաաշտարակը չի պատկանում կամ վարձակալվում նրա կողմից, այլ պատկանում է Գյումրիի քաղաքապետարանին եւ ԳԱԼԱ-ն այն անօրինական է շահագործումՙ: Ի պատասխան դրան, ըստ Բարսեղյանի՝ ԳԱԼԱ-ի նախագահ Վահան Խաչատրյանը հայտարարել էր, որ երկար ժամանակ փնտրել է աշտարակի սեփականատիրոջը: Այն որպես այդպիսին եղել է միայն նոյեմբերի 5-ին, որը, պարզվում է՝ Գյումրիի քաղաքապետարանն է: Վերջինս դիմել է ՀՀ Տնտեսական դատարան՝ աշտարակը ԳԱԼԱ-ի սարքավորումներից ազատելու համար: ՚Սա եւս փաստում է այն, որ ԳԱԼԱ-ի դեմ իշխանությունենրը փորձել են մոբիլիզացնել իրենց բոլոր ռեսուրսներըՙ,- հայտարարեց Բարսեղյանը: Սակայն աշտարակի հարցը մեծ խնդիրներ չի կարող առաջացնել. ծայրահեղ դեպքում կօգտվեն կենտրոնական աշտարակից: Այս դեպքում միայն գումարը մի փոքր մեծ կլինի:
ԳԱԼԱ-ն որոշել է հանդես գալ նաեւ հակընդեմ հայցով:
Էջանիշներ