Երեւանի կենտրոնական մասում, ավելի որոշակի՝ Սախարովի հրապարակի գրեթե հարեւանությամբ է Վարդանանց 5ա հասցեն ստացած շինությունը։ Նշված հասցեում գտնվող 202,65 քմ մակերեսով այդ շինությունը 2001թ. որոշ ժամանակ գտնվել է Կենտրոն թաղապետարանի հաշվեկշռին։


Երեւի բոլորն էլ հիշում են, որ այն տարիներին Կենտրոնի համայնքապետը կարկառուն հհշական Արարատ Զուրաբյանն էր։ Նշված շինությունը կադաստրում թաղապետարանի անունով է գրանցվել 2001թ. հուլիսի 11-ին, իսկ 20 օր չանցած օտարվել (վաճառվել) «Կանանց համահայկական միությանը»՝ ի դեմս նշված միության ղեկավար Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի (նախկին նախագահի կնոջ)։ Այս փաստն արդեն իսկ հուշում է, որ թաղապետարանը շտապել է կադաստրում շինության փաստաթղթային ձեւակերպումներն ապահովելով այն «ապրանքային տեսքի» բերել հենց վաճառքի գործարքն իրականացնելու համար։

Կարծում ենք, դժվար չէ հասկանալ այն հարցի պատասխանը, թե Վարդանանց 5ա հասցեում գտնվող այդ շինությունն ինչո՞ւ է վաճառվել հենց «Կանանց համահայկական միությանը»՝ այն պարագայում, երբ Հայաստանում հասարակական կազմակերպությունների, այդ թվում` նաեւ տարածքի կարիք ունեցող կազմակերպությունների պակաս չկար։ Այլ կերպ ասած, կվաճառվե՞ր արդյոք, եթե այդ միության ղեկավարը Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը չլիներ, ավելի ճիշտ, նա չլիներ Լ.Տեր-Պետրոսյանի կինը։

Ավելին. թաղապետարանի եւ «Կանանց համահայկական միության» միջեւ 2001թ. օգոստոսի 30-ին կնքված պայմանագրով գույքը վերջինիս է վաճառվել ընդամենը 5 927 800 դրամով։ Այդ գումարը, որ (12 000 դոլար էլ չէր) մայրաքաղաքի փոքր կենտրոնում գտնվող եւ 202,65 քմ մակերես ունեցող շինության համար ծիծաղելիորեն չնչին է նույնիսկ այն ժամանակվա գների պայմաններում։ Ընդ որում, նշված գումարից միանվագ վճարվել է 2 մլն 74730 դրամը, իսկ մնացած գումարը, համաձայն սահմանված ժամանակացույցի, հավասար չափաբաժիններով պետք է վճարվեր 2002-2006թթ. ընթացքում։ Վերը նշվածն էլ ավելի հասկանալի է դառնում, եթե նկատի ունենանք, որ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը տվյալ գործարքով, թերեւս ի սկզբանե, նպատակ է ունեցել շինությունը ձեռք բերել ոչ թե «Կանանց համահայկական միության», այլ հենց իր եւ իր ամուսնու համար։

Այն, որ միությունը, որպես հասարակական կազմակերպություն, տարածքի կարիք չի ունեցել, վկայում է առքուվաճառքը կադաստրում գրանցելուց ընդամենը 2 ամիս անց «Կանանց համահայկական միության» համակարգող խորհրդի 12.11.2001թ. նիստի թիվ 5 արձանագրությունը։ Դրանով որոշվել է 202,65 քմ մակերեսով տարածքը թաղապետարանից ձեռք բերած գնով օտարել (վաճառել) Լյուդմիլա Տեր-Պետրոսյանին։ Որոշվել է ու... վաճառվել։ Պայմանագիրը կնքվել է 2001թ. դեկտեմբերի 12-ին, իսկ 8 օր անց հիշյալ գույքի նկատմամբ գրանցվել է Լյուդմիլա եւ Լեւոն Տեր-Պետրոսյանների իրավունքը որպես համասեփականատերերի։

Հետագայում, Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի դիմումի հիման վրա, նշված գույքը բաժանվել է երկու մասի (57,4 քմ եւ 145,25 քմ) եւ 2002թ. հոկտեմբերի 10-ին գրանցվել կադաստրում։ Դրանից հետո, հավաստի աղբյուրներից ստացած տեղեկատվության համաձայն, 145,25 քմ մակերեսով տարածքը 2003թ. հուլիսի 17-ին կնքված վարձակալության պայմանագրով, 20 ամիս ժամկետով, ամսական 1180 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ վարձավճարով տրվել է «Յումակս» ՍՊԸ-ին վարձակալության։ Կադաստրում վարձակալության իրավունքը գրանցվել է 2003թ. հուլիսի 21-ին, սակայն հետագայում, 20 ամիս հետո էլ նշված իրավունքի դադարման վերաբերյալ փաստաթղթեր ու դիմում չի ներկայացվել։ Տվյալ գործարքից առնվազն 20 ամսվա ընթացքում Տեր-Պետրոսյանները ստացել են 23600 դոլարին համարժեք դրամ։

Պարապ չի թողնվել նաեւ մյուս՝ 57,4 քմ մակերեսով տարածքը։ 2003թ. հոկտեմբերի 7-ին կնքված վարձակալության պայմանագրով այն 2 տարի ժամկետով, ամսական 142,500 դրամ վարձավճարով տրվել է քաղ. Աննա Հարությունյանին։ Ավելի քան 18 ամիս անց, 14.04.2005թ. կողմերի միջեւ կնքված համաձայնագրով վերը նշված պայմանագրի գործողությունը դադարել է, այդ ընթացքում Տեր-Պետրոսյանները ստացել են 2 565 000 դրամ վարձավճար։

Նույն տարածքը 2005թ. մայիսի 2-ին կնքված վարձակալության պայմանագրով 1 տարի ժամկետով, ամսական 20 000 դրամ վարձավճարով տրվել է «Արկոկոմպյուտերթրեյդինգ» ՍՊԸ-ին։ 2005թ. հոկտեմբերի 19-ին կնքված համաձայնագրի հիման վրա նշված ՍՊԸ-ի վարձակալության իրավունքը դադարել է։

Այս վերջին պայմանագրով նախատեսված վարձավճարի խիստ փոքր չափը, անշուշտ, կասկածի տեղիք է տալիս եւ առաջացնում ձեւական լինելու տպավորություն։ Փաստն այն է, որ հենց նույն տարածքը դրանից կարճ ժամանակ առաջ 142 500 դրամով է վարձակալության տրված եղել (այն էլ 2 տարով), իսկ հիշյալ ՍՊԸ-ին՝ ընդամենը 20 000 դրամով եւ 1 տարով, երբ կարճաժամկետ գործարքների դեպքում վարձավճարը սովորաբար ավելի բարձր է լինում։ Տարօրինակ է նաեւ այն, որ պայմանագրով նախատեսված ժամկետի դեռ կեսն էլ չլրացած, հիշյալ ՍՊԸ-ն կամովին համաձայնել է հրաժարվել նշված տարածքը «ջրի գնով» (մոտ 50 դոլարով) վարձակալելուց։

Սակայն փաստաթուղթը փաստաթուղթ է, եւ ընդունենք, թե Տեր-Պետրոսյանները նշված պայմանագրի գործողության 5 ամսում, ընդհանուր առմամբ, ստացել են ընդամենը 100 000 դրամ։ Այսպիսով վերոհիշյալ գործարքներից Տեր-Պետրոսյաններն, ընդհանուր առմամբ, ստացել են առնվազն 2 665 000 դրամ եւ 23 600 դոլարին համարժեք գումար։ Հիշյալ շինության 145,25 քմ մակերեսով տարածքը հետագայում նույնպես տրվել է վարձակալության. 2006թ. մարտ-ապրիլ ամիսներին Լ.Տեր-Պետրոսյանի որդու (Դավիթ Տեր-Պետրոսյանի) կողմից այն վարձակալության է տրվել «Նյու Սպորտս» ՍՊԸ-ին, որը Հայաստանում ներկայացնում է «Պումա» եւ «Դիադոռա» ապրանքանիշերը։ Ընկերության կողմից տարածքի վարձակալությունը դադարեցվել է 19 ամիս անց՝ այս ամսվա սկզբին։

Ներկայումս մյուս՝ 57,57 քմ մակերեսով տարածքում գործում է «Ռուդիի խաղալիքները» ՍՊԸ-ի խաղալիքների խանութը, սակայն տարածքի վարձակալության վերաբերյալ անշարժ գույքի կադաստրի Կենտրոն ստորաբաժանումում պայմանագիր չկա։ Ցավոք, մեզ չհաջողվեց պարզել, թե վերջին երկու գործարքի արդյունքում Տեր-Պետրոսյանները որքան վարձավճար են ստացել։

Հետաքրքիր է, իսկ Տեր-Պետրոսյանները գույքի վարձակալությունից ստացած եկամուտներից վճարե՞լ են ՀՀ հարկային օրենսդրությամբ նախատեսված հարկերը... Մեր այս հարցն ուղղված է նաեւ հարկային պետական ծառայությանը։

Ի դեպ, այս առնչությամբ կասկածները դարձան լուրջ, երբ ծանոթացանք հետեւյալ փաստին։ Հարկային մարմնում 1994 թվականից հաշվառված «Կանանց համահայկական միությունը» մինչ օրս ներկայացված հաշվետվություններում որեւէ շրջանառություն (այդ թվում` նաեւ անշարժ գույքի առքուվաճառք) ցույց չի տվել, ինչը Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի կողմից օրենսդրությունն արհամարհելու պերճախոս վկայությունն է։

Ս.ՄԱՐՏԻԿՅԱՆ
http://www.armtown.com/news/am/has/20071127/208168213/

Ինչպես գիտեք Լևոնը բնութագրեց այսօրվա համակարգը որպես Ավազակապետություն: Իրականությանը մոտ բնութագրում, և այդպես էլ պետք է լիներ, քանի որ հենց ինքն է եղել այդ Ավազակապետության հիմնադիրը ու կնքահայրը:

Առաջարկում եմ այս թեմայում հավաքել Ավազակապետության հիմնադրմնան ու կայացմանը վերաբերվող փաստեր ու նյութեր: Մի հատ նորից վերհիշենք, փող փոխելը 1993-ին, արմենթելյան արկածները, մազութը, լույսը և այլ գերշահավետ գործարքները: Կազմեք Ավազակապետության տարեգրությունը:

Այս մի նյութը վերաբերվում է ավազակապետության կնքամոր ունեցվացքին: