Վերջերս "Atypical"-ը նայեցի․ չգիտեմ՝ Ռոբիա Ռաշիդն ով է, որ էսպիսի սիրուն գործ է ստեղծել, բայց նենց կգրկեի իրեն։
Պատմության հերոսը դեռահաս է՝ աուտիզմի սպեկտրում, իր շուրջը գտնվող հարազատ և ոչ հարազատ մարդկանցով։ Ինքը նույն խնդիրներն ունի, ինչ ուրիշ դեռահասներ՝ սիրային-սեռական թեմաներ և այլն, բայց դրանց արտահայտման ձևերը տարբերվում են սպեկտրից դուրս գտնվողներից։
Սա էնքան կարևոր դաս է բոլոր նրանց համար, ովքեր մարդկանց նորմալի ու ոչ նորմալի են դասում, ովքեր շատ քիչ բան գիտեն ուրիշ մարդկանց մասին ու ոչ էլ փորձում են իմանալ։ Պատմությունը երբեմն զավեշտական պահեր ունի, բայց դրանց առանցքում իրավիճակներն ու ընկալումների տարբերություններն են և ոչ թե մարդը (ու դրա համար լիքը շնորհակալություն ստեղծագործ թիմին)։
Սերիալը ընդհանուր առմամբ կարծես ահագին դրական է ընկալվել նեյրո-ատիպիկ մարդկանց կողմից, հիմնական քննադատությունը (ինչքան աչքովս ընկավ) վերաբերվում էր նրան, որ գլխավոր հերոսի դերակատարման համար նեյրո-տիպիկ դերասան էին ընտրել և ոչ թե նեյրո-ատիպիկ, թեև ֆիլմում նաև աուտիզմի սպեկտրումում ընդգրկված դերասաններ կային։
Անհամբեր սպասում եմ չորրորդ սեզոնին․ ափսոս, որ վերջինն է լինելու։
Ու մի սերիալի մասին էլ եմ ուզում գրել, որը նոր եմ սկսել նայել՝ "This is Us":
Շատ ջերմ ու սիրուն պատմություն է մի ընտանիքից սերված երեք երեխաների ու նրանց կյանքի մասին՝ լիքը ֆլեշբեքերով, որոնք ցույց են տալիս իրենց ծնողների պատմությունը, ինչպես նաև նրանց համատեղ կյանքը՝ թե երեխաների հետ, թե մինչև նրանց ծնվելը։ Ոնց որ մի գունավոր պազլ լինի (երբևիցե տեսածս ամենասիրուններից մեկը), որի բոլոր մասերը քիչ-քիչ հավաքվում են ու մի բազմաշերտ նկար ստեղծում։
Առաջին սեզոնի մեջտեղներում եմ, ու գնալով ավելի լավն է դառնում։ Էնքան հետաքրքիր ու նուրբ թեմաներ են շոշափվում՝ մարդկային հարաբերություններին վերաբերվող, ու ամենը էնքան լավ է ներկայացված, որ համարյա կատարելության է հասնում։




Մեջբերել
Էջանիշներ