Այս հեքիաթը ծնվել է Ջայպուր-Դելի-Դոհա–Մյունխեն քսանժամյա ճանապարհին, որի ժամանակ հոգնածությունից չմեռնելու լավագույն ելքը ցնդաբանելն ու դրանից զվարճանալն էր:
Արդյունքը հանձնում եմ ձեզ:

Քարայրի Մանյակը


Մութ քարայրներից ու դաժան մանյակներից վախեցողներին խորհուրդ չի տրվում կարդալ:


Կար, չկար, մի փոքր–մոքր մարդ կար, անունը՝ Մնացական: Ապրում էր նա իր գյուղանման ավանում, սովորական մի կյանքով: Երբ դեռ երիտասարդ էր, շատ ձգտումներ ուներ, որոնք այդպես էլ անկատար էին մնացել. կյանքում առանձնապես ոչ մի բանի էլ չէր հասել:
Դրա միակ պատճառն իր կարծիքով սեփական անունն էր, որը կանխորոշել էր իր ճակատագիրը: Որպեսզի իր զավակներն էլ անվան դաժան գերին չդառնան, ամեն մեկի անունն ընտրել էր մեծ զգուշությամբ և հատուկ նպատակով: Այսպիսով, ուներ նա չորս որդի՝ Հրայր, Նորայր, Ժիրայր և Քարայր: Առաջին երեք զավակները, ենթարկվելով անվան մոգական ուժին, հենց այնպիսին էին, ինչպիսին վայել է իրենց անվանը. Հրայրը կրակի կտոր էր, ձեռներոց ու գործունյա, Ժիրայրը ժիր էր ու ճարպիկ, օձից մազ խուզող, իսկ Նորայրն էլ ստեղծագործ էր ու նորարար:
Ինչ վերաբերում է կրտսեր որդուն, ապա Մնոն ցանկանում էր, որ Քարայրը լինի ուժեղ ու քաջ մի աժդահա, որին տեսնելիս բոլորը վախից լեղապատառ լինեին: Քրոն իսկապես խոշորամարմին, ժայռանման մի զանգված էր, բայց արի ու տես, որ անվան զորությունը սրանից ավել չէր գնացել, ու տղան, հակառակ բոլոր անվանակախարդական օրենքների, սարսափելի վախկոտ էր և թույլ:
Ավագ եղբայրներն արդեն վաղուց գտել էին իրենց տեղն այս կյանքում, դարձել մեծ ու հաջողակ մարդիկ, ամեն մեկը՝ մի տաք երկրում, իսկ քսանվեցամյա Քրոն դեռ վախենում էր անգամ տնից մենակ դուրս գալ: Ի՞նչ դուրս գալու մասին է խոսքը, նույնիսկ տանն էր վախից դողում: Բավական է մի ճանճ հայտնվեր օդում, որ մեր Քարայրը սարսափից ճչար.
- Վայ, պաբա ջան, մոծակը, մոծաաա՜կը...
Ու դբըռ ջանն առած՝ ամբողջ տնով մեկ վազեր` փախչելով ճանճից:
- Այ տղա, ամոթ չի՞, մի հատ քո ջանդակին նայի, բա էտ պստիկ ճանճից վախենա՞լ կլինի,- հոխորտում էր Մնոն:
- Պաբաաա՜... մոծաաա՜կը...
Երբ տեղ-մեղ էր գնում, Մնացականն աշխատում էր տղային էլ իր հետ դուրս հանել, ինչքա՞ն կարող էր այդ աժդահան մնալ չորս պատերի արանքում՝ ամեն անգամ ճանճից թաքնվելու համար մկան ծակին յոթ թուման տալով: Բայց դրսում վտանգն ավելի մեծ էր...
Հերիք է, որ Մնոն մի քայլ այն կողմ դներ, ավանի տղաներից մի երկուսը անմիջապես օգտվում էին Քարայրին ծաղրելու հարմար առիթից:
- Քրո՛, Քրո՛, մոտիկ արի, ֆոկուս ցույց տանք,- ասում էր նրանցից մեկը:
Քարայրը, ամբողջ մարմնով դողալով, սկսում էր հայացքով փնտրել հորը.
- Ինքը Քրո չի, այլ Քուրո,- հռհռում էր մյուս տղան:
Նրա ընկերը, ձայնը սարսափազդու ու խռպոտ դարձնելով, շարունակում էր.
- Քուրո, Քուրո, մոտ արի, քեզ տանք թափով մի քացի:
Ու բոլորը պայթում էին ծիծաղից:
- Պաբաաա՜...
Փոքրամարմին Մնոն վազելով վրա էր հասնում ու մեջքով փորձում փակել իր տղային հանդուգն ջահելներից:
- Ի՞նչ եք ուզում էս էրեխուց: Դու մի հատ քո տարքին նայի, այ լակոտ, չե՞ս ամաչում: Բա դու... Սենց մի հատ թարս որ չե՜մ տվել,- սպառնում էր Մնոն:
Երիտասարդները, չուզենալով վիրավորել բախտից առանց այն էլ նեղացած ծեր Մնոյին, քթի տակ ծիծաղելով հեռանում էին:
Քրոն սիրում էր նկարել: Բայց նկարածը միայն թիթեռներ էին, որոնցով գունազարդում էր անգամ տան պատերը: Հայրն անդադար համոզում էր, որ փորձի այլ բաներ էլ նկարել, բայց Քրոն, հերթական թուղթը վերցնելով, նորից պատկերում էր նույնը...
- Ի՞նչ պիտի լինի էս քյոռփիս հետ, ոչ ուժ ունի, ոչ խելք, ոչ շնորհք,- դարդ էր անում Մնոն:
Երբեմն, երբ այցելում էր իր ավագ որդիներին, նրանց ընկերները, որոնք իրականում չէին ճանաչում Քարայրին, հարցուփորձ էին անում նրա մասին: Մնոն լուրջ դեմքով ու շինծու հպարտությամբ ասում էր.
- Փոքր տղաս էլ, գլուխ գովել չլինի, կենսաբան-արվեստագետ է, հիմա էլ օր ու գիշեր դիսերտացիայի վրա է աշխատում:
Իսկ երբ վերադառնում էր իր հարազատ տուն-տեղը, նայում էր այս ու այն կողմ թափրտված թիթեռոտ թղթերին ու ինքն իրեն բարկանում.
- Թու՛ քո դիսերտացիայի վրա...
Ու դեռ կարգին չթքած՝ մեկ էլ տունը դղրդում էր Քարայրի ոտների տակ:
Մնոն հոգնած գլուխը կախում էր ուսերին.
- Հազար եմ ասել, էտ անտեր պատուհանը փակ պահեք, ճանճ չմտնի...
...
Հարևան ավանում այդ նույն ժամանակ ապրում էր մի աղջիկ, անունը՝ Մանյակ: Հավանաբար նրա ծնողներն էլ, հետևելով անվան կախարդական օրենքներին, ուզեցել էին, որ իրենց աղջիկը լինի շքեղ մանյակի նման փայլուն ու չքնաղ: Բայց նույն չար բախտը վրա էր հասել նաև այս օջախին, և աղջիկը, ճիշտ հակառակի նման, անտանելի գեշ էր, այնքան, որ նույնիսկ մանյակի ու ապարանջանի փայլն էր խամրում նրա վրա: Ոտքերը ծուռ ու բարակ էին՝ մեջը ոչինչ չպարունակող փակագծերի նման, մազերը այնքան քիչ էին, որ հինգ քայլ հեռավորության վրա, մի աչքդ էլ արևից կկոցած՝ անսխալ կհաշվեիր հատիկ- հատիկ: Ատամներն էլ ոնց որ Նոյի թվի զաբոռ լինեին՝ ցից-ցից ու ամեն մեկը մի կողմ թեքված, բերանից դուրս թափվող: Իսկ ականջներն այնքան մեծ էին, որ ցանկացած ականջող մխրճվում էր ուսերի մեջ ու քրքրում այդ ոսկրակույտի չեչոտ մաշկը:
Մի խոսքով, իրենց կողմերի չինարն էր: Ու նրան տեսնելիս մարդու լեզուն էլ չէր պտտվում ասելու՝ աստված էլ բեթարից ազատի: Էլ բեթարը ո՞րն է, ես չասեմ, դու ասա...
Մանյակը տարված էր ժամանակակից ռեպ երաժշտությամբ և նույնիսկ սեփական հիպ-հոպ խումբն էր ստեղծել, որում բացի իրենից ևս երեք չինար կար՝ մեկը մեկից ջոկած, բայց դե ոչ մեկն էլ Մանյակին չէր հասնի՝ ոչ տեսքով, ոչ տաղանդով: Ամիսը մեկ հավաքվում էին իրենց ավանի կենտրոնական պուրակում ու բոլոր բնակիչների համար համերգ տալիս: Խղճահարությունից, պարապից կամ էլ մարդամեջ դուրս գալու ցանկությունից դրդված՝ բնակիչները պարտաճանաչ կերպով ամեն ամիս գալիս էին համերգի: Նստում էին պուրակում ու ամբողջ համերգի ժամանակ մեկը եղունգներն էր խարտում, մեկը մարդու շալվարն էր կարկտում, մեկը քնում էր, մյուսներն էլ հավեսով լվացք էին անում՝ լվանալով ավանի բոլոր դուրս ընկածների փչացած ու կեղտոտ ոսկորները: Մանյակն ու իր «Սարի սմբուլ» վոկալ-պարային անսամբլն էլ գոհ ու երջանիկ ելույթ էր ունենում: Իսկ համերգի նախորդ երեկոն ու գիշերը Մանյակը, որպես հատուկ ավանդույթ, անց էր կացնում մոտակայքի անտառակում՝ իբրև թե մայր բնությունից ներշնչանք ու ոգեշնչում ստանալու համար:
Եվ մի օր էլ՝ հերթական ելույթից առաջ, Մանյակը սովորականի նման դուրս էր եկել ծառ ու խոտի օրհնանքը ստանալու: Մի պահ թողնենք նրան այստեղ և վերադառնանք մեր քարայրը... ահ, հազար ներողություն... Քարայրին:
- Պաբաաա՜...
- Զահրումա՛ր:
Մնացականի համբերության բոլոր դույլերը լցվեցին ու շուռ եկան Քրոյի գլխին.
- Տո գրող ու ցա՛վ: Հերի՛ք էղավ, բո՛լ էղավ:
Նա բռնեց անկյունում կծկված տղայի ոտքը, ու մի կերպ-մի կերպ քաշեց, բերեց Քրոյին դռան մոտ:
- Պաբա ջան, ի՞նչ ես անում,- զարհուրեց Քարայրը:
Մնոն, էրեխու քաշից ճկռած ու զոռ տալուց կարմրատակած երեսով, հազիվ արտաբերեց.
- Նավսը տնից հանում եմ...
Ու տղայի դողացող ոտքը բաց չթողնելով՝ մյուս ձեռքով բացեց տան դուռը: Քրտնքի մեջ կորած, մեջտեղից կիսվելով՝ Մնոն իր ջանավարին հանեց, շպրտեց դուրս:
Հազիվ էր հասցրել Քրոն ուշքի գալ ու ոտքի կանգնել, երբ նրա գլխին թիթեռնիկների կարկուտ տեղաց:
- Էս էլ քո դիսերտացիան, գնա պաշտպանի՛,-ու բոլոր նկարները դուրս շպրտելով՝ Մնացականը շրխկոցով փակեց դուռը:
Քարայրը մնաց մութ փողոցում մեն-մենակ: Երկար լաց ու կոծից և դուռը բացելու աղերսանքներից հետո նա ի վերջո հուսահատվեց, հավաքեց իր նկարները ու դողացող քայլերով շարջվեց անհայտ ուղղությամբ՝ մերթընդմերթ ֆսֆսացնելով քիթը: Շուրջն ամեն աննշան շարջումից ու ձայնից վեր թռչելով՝ նա հասավ մի ավանը մյուսին միացնող անտառակին: Չիմանալով, թե այսուհետև ինչ պիտի լինի իր հետ, նստեց անտառակի ծառերից մեկի տակ ու հոնգուր-հոնգուր լաց եղավ: