Ժողովուրդ, էս մեկը Մոխրոտիկի նման լավը չի, բայց մեջը իմաստ կա: Ուզեցել էի դրա նման բան գրեի. հումորով ու անիմաստ, բայց հակառակը ստացվեց: Իմաստ կա, բայց հումոր քիչ կա, եղածն էլ տափակություն ա: Ռաբիզն ու ժարգոնն էլ ավելի շատ ա, քան թե Մոխրոտիկի մեջ:
ՄԵՐ "ԱԽՊՈՐ" ԾՆՈՒՆԴԸ
Կար-չկար մի անճոռնի արջ կար` Վինի Պուխ անունով: Ոչ, նա ռուսական մուլտֆիլմի Վինի Պուխը չէր և ոչնչով էլ նման չէր իր ադաշին: Հիշենք մեր սիրելի հերոսին. գորշ և կլորիկ մարմին` մորթիով ծածկված, իսկական արջին վայել ծուռ վերջույթներ, արջային սեր մեղրի նկատմամբ և վոկալ տվյալներ, որոնք չունեն նույնիսկ մեր էստրադայի շատ “աստղեր”: Իսկ սա? Անճոռնի ու տձև մարմինը կանաչ գույնի էր և ծածկված չէր մորթիով: Դեմքին միշտ երևում էր մի հիմար ժպիտ, որով նա ցանկանում էր գեղեցիկ երևալ: Մեղր չէր սիրում ուտել, այլ նախընտրում էր ոգելից խմիչքներ խմել: Էլ չեմ խոսում ձայնային աղքատիկ տվյալների մասին: Հագին ուներ միայն մեկ շոր, այն էլ` չափազանց կարճ, որն ավելի շուտ լիֆի տպավորություն էր թողնում: Վինի Պուխը ուներ հավատարիմ ընկեր: Դա Պիտաչոկն էր` մի վախկոտ խոճկոր, որը ապրում էր կողքի տանը և երբեք չէր դավաճանում իր հարևանին: Բավական էր Պուխը զանգեր նրան և մի բան խնդրեր, Պիտաչոկը զգաստանում էր, զինվորի կեցվածք ընդունում ու գնում էր ընկերոջ մոտ: Եթե Պուխը տեղ էր գնում, անպայման իր հետ էր վերցնում Պիտաչոկին, քանի որ մենակություն չէր սիրում: Պիտաչոկը, ի տարբերություն Պուխի, մի քիչ տաղանդ ուներ և ընկերոջ մասին մի քառատող էր հորինել, որը դարձել էր նրա նշանաբանը: Պիտաչոկը նաև գրել գիտեր, և ճիշտ է, գրագիտություն չուներ, բայց ողջունելի էր, որ նա այդ տողերը գրել էր իր տան դռան վրա.
ուր վ0ր գնաս հէտտ Կգամ
հենՑ վ0ր Կանչես մոտտ Կգամ
մոտտ Կգամ մոտտ Կգամ
հէտտ Կգամ հէտտ Կգամ (*)
***
Մի երեկո էլ Պուխը սովորականի նման պառկած էր անկողնում և պատրաստվում էր քնել, երբ զանգ եկավ.
-Երևան, Երևան գնալու եմ,
Հիմնական Երևանում…
Վինի Պուխը վերցրեց հեռախոսը: Զանգողը նապաստակ Կռոլիկն էր` նրա “ախպերը”, որը արդեն մի քանի տարի է, ինչ մշտական բնակություն էր հաստատել Երևանում:
-Կռոլիկ ախպեր?
-Բարև ախխխպերս!
-Բարև ազիզ:
-Ինչ կա?
-Հեչ, քո մոտ?
-Ծնունդս ա:
-Լուրջ? Արա հա էլի…
-Հըըը!
-Շնորհավոր:
-Լավ ա ֆայմար: Լավ էտ կարևոր չի: Ձեզ երկուսիդ հրավիրում եմ նշելու:
-Հաաա:
-Բաաաա: Քեռիս էլ Ամերիկայից Վիսկի ա ուղարկել: Կգաք?
-Հա, կգանք,-ասաց Վինի Պուխը և քիչ մնաց ճչար ուրախությունից, բայց մի կերպ զսպեց իրեն:
-Հմի հելեք եկեք, որ վաղը առավոտվա կողմ հասնեք:
-Եղավ,-ասաց Վինի Պուխը և զանգահարեց Պիտաչոկին:
***
-Ալո:
-Ես եմ Պիտաչոկ ջան: Հել հագնվի: Խմելու գործ կա:
-Ինչ ա եղել որ?
-Մեր “ախպոր” ծնունդն ա:
-Ում?
-Էն ապուշ Կռոլիկի:
-Հա դե եկա:
***
Պիտաչոկը ծեծեց դուռը:
-Արա սպասի,-ներսից լսվեց Վինի Պուխի ձայնը,-մի հատ սիրուն հագնվեմ գամ:
Վինի Պուխը հագավ իր վերջին զանգի կոստյումը, ջինսի շալվարը, որը նրա 20-ամյակին նվիրել էր Կռոլիկը, իսկ վերջում չմոռացավ փողկապ կապել:
-Դե, հելանք:
Եվ երկուսով ճանապարհ ընկան: Մոտ տաս րոպե քայլելուց հետո Վինի Պուխը մի բան հիշեց.
-Պիատչոկ…
-Հը?
-Արա մեր “ախպերը” մեզ հրավիրել ա ծնունդ, մենք նվեր չենք տանում հետներս:
-Բա ինչ անենք…
-Փուչիկ մնացել ա?
-Չէ…
-Բա ապուշ! Երկու հատ փուչիկ ունեիր: Ինչ արիր?
-Մի հատին ես եմ կրակել քո ցանկությամբ, մի հատն էլ էն իշուն ենք նվիրել:
-Արա հաաա… Բա հրացանդ?... Էտի նվիրենք:
-Էտ ապուշի նվերն ա էտ հրացանը: Հո հետ չենք նվիրելու:
-Լավ: Ճամփին ոնց էլ ըլնի, մի հատ նվերների խանութ կլնի: Մի շիշ արաղ կառնենք:
-Բայց փող չունենք:
-Լավ չի…
-Գտա. ապառիկով կվեկալենք:
-Վայ արի փաթաթվեմ իմ հնարամիտ ընկերոջը,-և Պուխը այնպես գրկեց Պիտաչոկին, որ քիչ մնաց խեղդեր:
***
Ճանապարհը երկար էր ու հոգնեցուցիչ: Իսկ խանութ այդպես էլ չէր երևում: Եվ Պուխը, և Պիտաչոկը հոգնածությունից կախել էին գլուխները ու ռոբոտների նման առաջ էին շարժվում` հայացքները հառած դեպի գորշ ու միապաղաղ գետինը: Երկուսի կոպերն էլ արդեն ինքնըստինքյան փակվում էին: Երկուսն էլ ոչինչ չէին զգում, բացի իրենց թմրած ոտքերից, որոնք ինքնաբերաբար քարշ էին տալիս իրենց հետ: Հանկարծ Վինի Պուխը կանգնեց:
-Պիտաչոկ, նայի:
-Ինչ?
Նրանց ուշադրությունը անմիջապես գրավեց գորշ ու միապաղաղ հատակին լուսնի լույսից փայլող մի ինչ-որ առարկա:
-Ոսկի ա աչքիս,-և Պուխը վերցրեց այդ առարկան:
Դա ավելին էր, քան ոսկի. դա արաբական ոսկե լամպ էր, որի մեջ իր հանգիստն էր գտել մի փռչոտ ջին: Տեսնելով, որ ինչ-որ մեկը խանգարեց իր երկարամյա քունը, ջինը դուրս եկավ լամպից:
-Էէէէէս փառչակն ով ա...-շշնջաց Պուխը և լամպը սարսափած գցեց ձեռքից:
Իսկ ջինի դեմքը իրոք սարսափելի էր, մանավանդ այդ գիշերվա կեսին. այն ամբողջությամբ ծածկված էր մազերով, որոնք դարերով ածելու երես չէին տեսել: Մազերը և մորուքը հասնում էին մինչև նրա ոտքերը, ճանապարհին մի քանի անգամ օղակելով ցախավելի պես բարակ մարմինը:
-Սոված եմ,-ասաց ջինը և բերանը մոտ մեկ ոտնաչափ բացելով` այնպես հորանջեց, որ բերանից փչող զզվելի հոտը տարածվեց 1 կմ տրամագծով: Ջինը դարերով չէր մաքրել ատամները: Հետո, տեսնելով, որ դիմացը երկու հոգի են կանգնած, կարգի բերեց իրեն և արտաբերեց շաբլոն դարձած այս խոսքերը.
-Լսում եմ ու հնազանդվում, օ իմ տիրակալ:
-Արա էսի ջին ա,-ասաց Պիտաչոկը և սկսեց դողդողալ:
-Ինչ ա?-հարցրեց Պուխը, որը կյանքում առաջին անգամ էր այդպիսի բառ լսում:
-Ջին... Ինչ ցանկություն ասենք, կկատարի: 3 ցանկություն: Հիմա մի հատ ցանկություն ասա:
-Պիտաչոկ ջան, որ մի շիշ արաղ ուզեմ, կտա?
-Կտա, ոնց չի տա:
- Ջին ջան, մի շիշ... Մի շիշ... Մի շիշ կոնյակ տուր:
Եվ մի շիշ կոնյակ անմիջապես հայտնվեց Պուխի ձեռքում:
-Ինչ արաղ, ինչ բան. էս մի շիշ կոնյակը հետներս կտանենք որպես նվեր: Հլա 2 ցանկություն էլ կարանք ասենք, չէ?
-Այո,-պատասխանեց ջինը:
Երեքով շարունակեցին ճանապարհը: Պուխը անգամ ոսկե լամպը չվերցրեց իր հետ:
***
Առավոտյան նրանք վերջապես հասան Կռոլիկի փոքրիկ կացարանին, որը գտնվում էր Հյուսիսային պողոտայի շենքերից մեկի ներքնահարկում:
Այլևս չնկարագրեմ նրանց հանդիպման պահը, նրանց պաչիկով բարևները (ավելի ճիշտ` 3 պաչիկով, ինչպես վարվում են իսկական ախպերները, երբ երկար ժամանակ իրար տեսած չեն լինում), նրանց հարցուփորձերը միմյանց որպիսության մասին, Պուխի և Պիտաչոկի շնորհավորանքները ու մեկ շիշ կոնյակի նվիրելը: Միանգամից անցնենք բուն նյութին: Կռոլիկը, տեսնելով Ջինին, քարացավ.
-Արա էս ով ա?
-Էտի մեր ախպերն ա: Ջին ա. ինչ ցանկություն ասես, կկատարի:
-Կասկադից եք գտել?
-Չէ: Լամպից ենք գտել: Մի ցանկություն ասել ենք, հլա 2 հատ ունենք:
-Ջան: Դե որ տենց ա, էս պադվալում խի պտի փոշի շնչենք: Ինչ վիսկի, ինչ բան. էթանք Օպերա, մի հատ թույն օբյեկտ նստենք, ինչ ասես պատվիրենք: Վերջում մեր Ջին ախպորից կխնդրենք, որ փագվի:
Միտքը իրոք լավն էր: Եվ չորսով ընտրեցին Օպերայի շրջակայքի ամենաթանկ ռեստորաններից մեկը: Մատուցողներից մեկը մոտեցավ ու հարցրեց.
-Ինչ եք ցանկանում?
-10 շիշ արաղ, 5 շիշ կոնյակ, 5 շիշ էլ շամպայն: Գրի, գրի: Արխային գրի: Կփագվենք:-Վստահ ասաց Կռոլիկը և ավելացրեց,-պլյուս` 20 բաժին խորոված, 30 բաժին քյաբաբ: 4 հատ էլ շոկոլադով տորթ: Ձեռի հետ էլ` սալաթ-մալաթ:
Եվ երբ մատուցողը տատանվելով հեռացավ պատվերի համար, Պիտաչոկը սկսեց անհանգստանալ:
-Տղեք, բա որ Ջինը էտքան փող չունենա: Ինչ պտի անենք…
-Չդնես: Մեր Ջին ախպորից միլիոն դոլար էլ ուզենք, կտա: Չէ, Ջին?
-Ալլահը վկա,-պատասխանեց Ջինը:-Ընդամենը ասեք, թե որքան գումար եք ուզում, և ես կկատարեմ ձեր ցանկությունը:
-Հլը որ չգիտենք, ինչքան ա պետք,-պատասխանեց Պուխը:-Հետո որ հաշիվը բերեն, նոր կիմանանք:
-Մեր Ջին ախպերը էնքան նիհար ա, ոնց որ պոլի փեդ ըլնի,-կատակեց Կռոլիկը:-Մի լավ կկերցնենք, կխմցնենք, հետո կլողացնենք, մազերը կկտրենք, կթրաշենք, տղա կդառնա:
Մատուցողը բերեց նրանց պատվերը ընդամենը 5 րոպեում: Եվ այդ երեք «ախպերներով» չտեսի նման նետվեցին դեպի խորովածն ու քյաբաբը:
-Ջին ջան, ինչ ուզում ես կեր: Խի ես քաշվում?
Եվ ջինը նույնպես սկսեց ուտել: Դարերով նա ոչինչ չէր կերել: Կես ժամ չանցած` ամբողջ ուտելիքը վերջացավ, հիմնականում Պուխի ջանքերով: Պուխը այդքան ուտելուց հետո այնպես տռզեց, ասես պատրաստվում էր պայթել:
-Հիմա խմում ենք,-շնչակտուր կերպով ասաց նա և օղու մի շիշ վերցրեց:
-Բա բաժակները?-հարցրեց Պիտաչոկը:
-Արա ինչ բաժակ: Մեր նման տղեքը պետք ա արաղը շշով խմեն: Ով որ շշով չխմի` տղա չի: Ջին ջան, ինչ ուզում ես ու ինչքան ուզում ես, խմի: Ամաչել պետք չի:
Եվ ջինը նույնպես սկսեց խմել: Չորսով խմեցին մինչև կեսգիշեր: Դատարկվեցին օղու, կոնյակի և շամպայնի շշերը: Ջինը քնեց, իսկ Պուխը, Պիտաչոկը, Կռոլիկը, ինչպես համապատասխանաբար Չաղ, Ցանցառ, Նիկուլին, սկսեցին հազար ու մի օյինբազություններ անել:
***
Առավոտյան կողմ, երբ նրանք ուշքի եկան, իսկ ջինը արթնացավ, մատուցողը մոտեցավ ու ներկայացրեց հաշիվը. 200000 դրամ:
-Ջին ջան, երկրորդ ցանկություն,-ասաց Պուխը:-200000 դրամ եմ ուզում:
-Չեմ կարող,-պատասխանեց ջինը:
-Խի? Շատ ես խմել, ուժերդ սպառվել են?
-Ոչ: Ձեր երեք ցանկությունների լիմիտն է սպառվել:
-Ոնց թե: Արա աչքիս հլը չես օյաղցել: Երկու ցանկություն հլը ունենք ասելու:
-Ոչ: Ալլահը վկա, ձեր երեք ցանկությունների լիմիտը սպառվել է:
-Արաաաա! Մենք մի հատ ցանկություն չենք ասել?
-Ոչ: Երեք ցանկություն եք ասել, ես էլ կատարել եմ:
-Հլը հերթով թվարկի:
-Առաջին` «ջին ջան, մի շիշ արաղ տուր»: Երկրորդ` «ջին ջան, ինչ ուզում ես կեր»: Երրորդ` «ջին ջան, ինչ ուզում ես ու ինչքան ուզում ես, խմի»:
Այսպիսի անմխիթար ավարտ ունեցավ երեք ալկաշների ցոփ խրախճանքը:
________________________________
(*) ժամանակին մեր մեծ երգիչներից Տ. Ժամկոչյանը անցնելիս է եղել այդ կողմերով և տեսնելով դռան վրա գրված այս քառատողը, գրել է իր հանրահայտ երգը (ծանոթ. հեղինակի)
Էջանիշներ