ԱՆԻՐԱՎ ԱՇԽԱՐՀ
Գյուղացի Համբոյի տունը նորից կռիվ էր ընկել: Համբոն ցանկանում էր փոքրիկ Գալոյի հետ միասին գնալ Երևան, որպեսզի ինքը մասնակցի “Շոգեքարշին”, իսկ Գալոն երգի ԱԼՄ-ում: Կինը դեմ էր.
-Չեմ ուզում… Էս անմեղ գառանն էլ էն անիրավ աշխարհը մի գցի, չեմ ուզում…
Բայց Համբոն դարձյալ չլսեց.
-Այ կնիկ, իզուր ես բողոքում: Տելեվիզոր եմ բերելու: Ամեն օր սերիալ կնայես: Գալոն էլ Կարապետիչի մոտ կերգի, կերգի, ադամանդ կտան: Համ էլ Կարապետիչին էն քաշածս թթի արաղից եմ նվիրելու: Գալո ջան, գնա քնի: Առավոտը 8-ին զարթնելու ենք, որ շուտ տեղ հասնենք:
***
Հաջորդ առավոտյան...
-Ժավելի՜ սպիրտ…
Դա հարևան գյուղի բնակիչ Տարզանն էր:
Տարզան.
Բիզնեսմեն: Բիզնեսը` ժավելի սպիրտի վաճառք: Ամեն առավոտ արթնանում է ժամը 7-ին և ժավելի սպիրտով լցված մի մեծ կանիստր ձեռքին` շարժվում դեպի հարևան գյուղեր, վաճառելով այդ չափազանց մեծ պահանջարկ ունեցող ապրանքը: Եվ քանի որ շրջակա գյուղերում միայն նա է ժավելի սպիրտ վաճառում, սահմանում է իր ուզած գինը: Այդ պատճառով էլ նա մեծ եկամուտներ է ստանում այդ բիզնեսից: Ամեն անգամ, երբ գնորդները դժգոհում են բարձր գներից, նա արդարանում է.
-Ինչ անեմ: Մոնոպոլիա ա…
Եվ գյուղացիները, որոնք գաղափար չունեն, թե ինչ է նշանակում այդ բառը, պատասխանում են.
-Հա, դե որ արտասահմանյան ա, ուրեմն լավն ա:
Նրա երթուղում ընդգրկված է նաև Համբոյի գյուղը: Նա միշտ այդտեղ է հասնում ժամը 8-ին: Եվ քանի որ գյուղում ոչ ոք ժամացույց չունի, ապա գյուղացիները ժամը որոշում են նրա զիլ կանչով, որից արթնանում են ամբողջ գյուղով: Բոլոր ժամադրությունները գյուղում տեղի են ունենում ժամը 8-ին, քանի որ օրվա մնացած մասում ոչ ոք ժամը չի իմանում:
Արտաքին տվյալներ.
Քիթը` կորընթարդ, ինչպես մի բլուր
Աչքերը` կանաչ, ուռած ու կլոր,
Ականջները լոշտ, մազերը փառչակ,
Նայողը կասի` այ քեզ խեղկատակ:
Ունի զիլ ձայն: Կիսամերկ է, հագին ունի ընդամենը մեկ քռչի կտոր, որտեղ նաև պահում է փողերը:
Դատվածություն չունի: Չի ծխում, չի խմում: Ամուսնացած չէ:
Համբոն զարթնեց, արթնացրեց Գալոյին և շտապ սկսեց ճանապարհի պատրաստություն տեսնել: Մի տոպրակ վերցրեց և մեջը սկսեց հաց ու պանիր դարսել: Չմոռացավ նաև իր ձեռքով քաշած օղու շիշը: Դուրս եկան տանից, առանց նանին ու Զանիին հրաժեշտ տալու:
-Դե, Գալո ջան, ճամփա ընկանք:
Կիլոմետրերը հաջորդում էին միմյանց, իսկ քարքարոտ ճանապարհը շարունակում էր իր ոլորապտույտ ընթացքը սարերի ու ձորերի միջով: Երկու ժամ քայլելուց հետո նրանք տեսան մի հուսահատ վարորդի, որը փորձում էր փոսից հանել իրեն պատկանող “Ռաֆ” մակնիշի միկրոավտոբուսը:
-Քու՛ տիրումերը,-ամեն անգամ զայրացած բացականչում էր նա, երբ ուժասպառ էր լինում այդ աժդահա մեքենան ապարդյուն հրելուց: Հետո նստում էր գետնին, մի փոքր հանգստանում և նորից անցնում գործի: Նա Ռաֆի Սամվելն էր:
Ռաֆի Սամվել.
Միկրոավտոբուսի վարորդ: Երթուղին` նայած տրամադրության և փոսերի առկայության (ավելի ճիշտ` բացակայության):
-Համբո ձյա, մեռնեմ սրտիդ, լավ ա եկար,-տեսնելով Համբոյին` Սամվելը վեր թռավ փոշոտ գետնից, թափ տվեց փոշոտված հետույքը ու փոշոտված ձեռքով սեղմեց Համբոյի ձեռքը,-խաթերական արի մառշուտկես հանենք փոսից:
-Արի Սամվել ջան,-ասաց Համբոն,-բայց մի պայմանով. ինձ ու քյորփիս ձրի կհասցնես Երևան:
-Երևաաաա՞ն-Սամվելը փոշմանած հայացքը թեքեց դեպի Ռաֆը, սակայն ևս մեկ անգամ զգալով իր անզորությունը, փոխեց հարցի բնույթը,-Երևանում ի՞նչ եք անելու…
-Դե, գնում ենք ԱԼՄ: Ես շոգեքարշի, Գալոյին էլ հետս եմ տանում, որ երգի, ադամանդ տան:
Սամվելը անզուսպ ծիծաղեց, բռնելով թուլացած փորը, հետո մի կերպ ուշքի եկավ ու հարցրեց.
-Բա էն ձեռինդ ի՞նչ ա:
-Թթի արաղ ա: Տանում եմ Կարապետիչին նվեր: Հիմա մեզ կտանե՞ս:
-Կտանեմ: Ձրի: Մենակ թե օգնեք էս դարուփոսերից հանենք: Ում կանչեցի, չկարեցավ հանի: Պապը եկավ, չկարեցավ, Տատը եկավ, չկարեցավ, Շունը եկավ, չկարեցավ, Կատուն եկավ, չկարեցավ, տո էն շաղգամ պոկող Մուկն էլ եկավ, սկի ինքը չկարեցավ: Հադին, Հուդին, Չատին, Մատին եկան փորձեցին, էլի չեղավ: Ասեցին մենակ Սուտասան Որսկանը կարա, էն էլ ափսոս տունը չի: Բանակում ա:
Համբոն լարեց ուժերը, հրեց Ռաֆը, իսկ վերջինս հաստատակամ կանգնած էր իր տեղում` լուսարձակների արհամարհական արտահայտությամբ:
-Գտաաա՜,-հանկարծ բացականչեց Համբոն, լոռեցու սովորույթի համաձայն` “ա”-ն երկարեցնելով մինչև անվերջություն,- միասին բրթենք:
-Ոնց չէի ֆայմել,-և Սամվելը, որը իրեն համար խոտերում քաշված ծխում էր, վեր կացավ տեղից,-Համբո ձյա, դու բրթի, ես էս ա հետս մարդ կբերեմ:
Մի քանի րոպե անց Սամվելը երևաց` Պապիկի, Տատիկի, Կատվի և Շան հետ միասին:
Սկսեցին հրել: Պապիկն ու Տատիկը` դեմից, Համբոն, Շունը, Կատուն, Գալոն` հետևից, իսկ Սամվելը, ղեկին նստած, քաջալերում էր նրանց.
-Ժողովուրդ, քիչ մնաց:
Ի վերջո բոլորը ուժասպառ եղած նստեցին: Եվ քանի որ տարբեր ուղղություններով էին հրում միկրոավտոբուսը, այն մնացել էր տեղում կանգնած:
-Չէ, ճար չկա. գնամ Մկանը կանչեմ,-ասաց Սամվելը և գնաց Մկան հետևից:
Քիչ անց երկուսով եկան:
-Իմ համար սաունայում պառկած դնջանում էի, ինչի հանիր,-զայրացավ Մուկը:
-Դե 5 հոգով չեն կարում բրթեն, ասեցի մենակ դու կկարենաս,-ասաց Սամվելը և դարձավ հրողներին,-ժողովուրդ, Մուկը ասում ա` մառշուտկեն պիտի կռիշից հանվի: Ուրեմն դուք միասին հետևից կբրթեց, Մուկն էլ կբարձրանա կռիշ, որ իրան չխանգարեք: Ես էլ մեջից խոդի կտամ:
Համբոն, Գալոն, Տատիկը, Պապիկը, Շունն ու Կատուն հետևից, իսկ Մուկը` կտուրին նստած, սկսեցին առաջ տալ միկրոավտոբուսը, որը վերջիվերջո ենթարկվեց նրանց և դուրս եկավ ճանապարհի երես:
-Ձեր տեղը ամեն ինչը պտի ես անեմ,-ասաց Մուկը և հեռացավ:
Սամվելը դժկամությամբ, բայց այնուամենայնիվ որոշեց Համբոյին ու Գալոյին անվճար հասցնել Երևան:
-Տենց եմ անում, որ չասեք մենակ Կարապետիչն ա մարդկանց ձրի տեղ տանում մառշուտկով:
***
Ճանապարհը շարունակվում էր: Լսվում էր միայն մեքենայի շարժիչի ներդաշնակ բզզոցը, որը թուլացնում էր Համբոյի ու Գալոյի նյարդերը, որոնք շատ էին հոգնել քայլելուց ու “Ռաֆը” հրելուց և լուռ նիրհում էին հետևի նստարանին: Աշնանային քամին կիսաբաց պատուհանից ներխուժելով` խուտուտ էր տալիս Գալոյի փոշոտ երեսը, չթողնելով նրան քնել: Ձգվում էր ճանապարհը, իր հետևում թողնելով Լոռվա սարերն ու ձորերը, իսկ առջևում Երևանն էր, որտեղ շտապում էին հայր ու որդի:
***
Վերջապես նրանք տեղ հասան:
-Էսի Կոմիտասն ա,-ասաց Սամվելը,-էն շուշաբանտով տեղն էլ ԱԼՄ-ի շենքն ա:
-Մերսի,-ասաց Համբոն,-շատ շնորհակալ եմ:
-Լավ: Մեծ բան չեմ արել: Մի հատ նվեր կուզեի սրա համար, էն էլ մոտներդ ոչ մի բան չկա:
-Ուզում ե՞ս էս արաղից տամ, կես բաժակ խմես,-և Համբոն օղու շիշը մեկնեց Սամվելին:
-Տո չէ հա, գիժ եմ, ինչ եմ: Բա որ ԳԱԻ-ն ասի “հո արա”: Դե, ձեզ հաջողություններ:
Համբոն և Գալոն հրաժեշտ տվեցին Սամվելին ու բարձրացան “ԱԼՄ-ի շենք”:
***
Ամեն ինչ որոշված էր: Հանդիպումը` վաղը ժամը 3-ին, ԱԼՄ-ի ստուդիայում: Իսկ մինչ այդ, հայր ու որդի օրվա մնացած մասը որոշեցին շրջել քաղաքում:
***
Էլիտար շենքեր, շատրվաններ, հսկա հրապարակ, Օպերայի շենք… Այդպիսի բաներ Համբոն և Գալոն կյանքում չէին տեսել:
***
Գիշեր էր: Նստել էին Կրկեսի դիմաց:
-Ապի, սրանք ժամ ունե՞ն:
-Հա, բա ոնց, սրանք էլ են մեր նման հայ քրիստոնյա:
-Եկեղեցի չեմ ասում, ժամ եմ ասում: Սրանք ժամ ունե՞ն,-և Գալոն ցույց մայթի ծայրին կանգնած երկու էգերի:-Ուզում եմ իմանամ ժամը քանիսն ա:
-Հա, գնանք հարցնենք:
Մոտեցան: Համբոն հարցրեց.
-Քիրա: Ժամ ունե՞ք:
Էգերը շրջվեցին: Երկուսն էլ կապիկի հայացքներով, մինչև կոկորդը պուդրայած, մինչև ատամները քսված պառավներ էին: Նրանց աչքերը սուպեր ադամանդներ դարձած` փայլեցին : Մեջներից բոյովը խոսեց.
-Հիսուն դոլարից պակաս մտքովդ չանցնի:
-Հիսուն դոլաաաա՞ր,-ապշեց Համբոն:
-Լավ, քառասուն դոլար:
-Էս ինչքան շատ ես ուզում...
-Ինչ էլ պնդերես են էս գեղցիք: Լավ, երեսուն դոլար տուր:
Մեջներից կոլոտը չդիմացավ:
-Օֆ… Հերիք չի եկել ա, երեխուն էլ հետն ա բերել: Համոզեցիր, քսան դոլարին էլ եմ համաձայն:
-15 դոլար,-խոսեց բոյովը:
-10 դոլար,-ծղրտաց կոլոտը:
Վիճաբանությունը շուտով վերածվեց ծեծկռտուքի:
-Գնացինք, Գալո-նրանց վիճաբանության նյութից անտեղյակ` ասաց Համբոն,-էս քաղաքում մարդիկ ինչ քծիպ են: Գնանք քնենք:
Պառկեցի Կրկեսի մուտքի մոտ:
-Երգելուց չհուզվես, Գալո ջան: Կարևորը, քո ուժերի վրա վստահ լինես: Հետո ով գիտի երգիչ դառնաս: Ինքդ երգեր կգրես, կերգես, աստղ կդառնաս, կթռնես Ամերիկա` համերգների: Ամերիկաները մարդկանցից զգույշ կլինես: Ստացածդ փողը աղջիկների ու խմելու վրա չծախսես, մեկ մեկ էլ Հայաստան կուղարկես, որ լավ ապրենք: Քեզ էլ լավ կնայես, գիշերները չբացվես, ճամփեքն անցնելուց էլ ուշադիր եղի: Որ դու էլ ավտո ունենաս, խմած չքշես, օրեր են, կմթնեն, բայց դու ճամփեքին չքնես…
Պատմում, էր Համբոն, իսկ Գալոն ննջում էր: Մեքենաների աղմուկը, երաժշտական խանութներից լսվող ռաբիզն ու ռուսական շանսոնը, տոնավաճառներում տիրող աշխուժությունը, տարատեսակ ազդանշանները, այս բոլորը ղժվժում էր նրա գլխում: Շուտով նա քնեց: Իսկ երազում նա երգում էր: Եվ ոչ թե «ԱԼՄ»-ի ստուդիայում էր, այլ` հոր ասած “Ամերիկայի բեմերում”:
***
Ժամը 14:50-ն էր: Համբոն և Գալոն մուտք գործեցին “ԱԼՄ”-ի ստուդիա: Ճանապարհին նրանց կանգնեցրեց պահակը:
-Ու՞ր…
-Շոգեքարշի: Տղիս էլ տանում եմ, որ երգի…
-Մոտներդ զենք, թմրանյութ ունե՞ք:
-Չէ, քե մատաղ, մենք աղքատ մարդիկ ենք: Մեզ ո՞րտեղից զենք կամ թմրանյութ:
-Էն ինչ շիշ ա:
-Թթի արաղ ա: Տանում եմ Կարապետիչին նվեր:
-Նայեմ:
Պահակը բացեց շիշը, և մի արբեցնող հոտ տարածվեց շրջակայքում: Բայց շշում ոչ թե թթի օղի էր, այլ` ժավելի սպիրտ...
-Թու, կնիկս շիշը փոխել ա…-Կմկմաց Համբոն, բայց դա արդարացում չէր:
Համբոն և Գալոն հեռուստաէկրաններին հայտնվելու փոխարեն աքսորվեցին դեպի իրենց հայրենի լեռները և հայտնվեցին “Թմկա բերդ” կոչվող քրեակատարողական հիմնարկում...
շարունակելի...
Էջանիշներ