...
Ու այդ օրվանից Սուլթանը հոգեբանի մոտից իր պոչը չի քաշում։ Մեկ պատահաբար հայտնվում է նրա հոգեգռփական սեանսներին, մեկ օրդերը ձեռքին՝ մտնում տունը խուզարկելու, մեկ էլ հարցաքննման է քարշ տալիս նրա պացիենտներին։ Իսկ գիշերները փակվում է իր ոստիկանական քարանձավում ու քրքրում արխիվները, որ Վերգոյի մասին ինչ–որ տեղեկություն գտնի։
Իսկ մինչ այդ, Մունդառի Բայղուշ գյուղապետը որոշում է մի մեծ խնջույք կազմակերպել Վերգոյի պատվին, որ կարողանում է իր ոսկի արհեստով այդքան օջախներ շեն պահել։ Գյուղական փարթիին հրավիրվում են բոլոր մունդռիկները։ Ու նշանակված ժամին ամենքը հավաքում են գյուղի մեյդանում, որ մի լավ քեֆ անեն։ Վերգոն էլ, շոյված նման պատվից, զուգվում–զարդարվում է, դուրս գալիս գյուղամեջ։ Բոլորը գալիս են, բացի ոստիկանապետ Սուլթանից։ Խնջույքը ստիպված սկսում են առանց նրա։ Թամադա է նշանակվում գյուղապետ Բայղուշը ու մեկը մյուսի հետևից ճոխ բաժակաճառեր ասում, իսկ Ֆիրգուշն էլ ու տնփեսա եկած էշը կողքից ոգևորում են նրան իրենց սիրահարված աչքերով։
Մունդռցիներն ու Վերգոն մի լավ ուտում–խմում են, փորները լցնում, քեֆները հազար անում։ Չանչն էլ սեղանից ահագին ալան–թալան է անում՝ վերջում չմոռանալով բոլորի ափսեներից կլեպները հավաքել, պահել գրպաններում, որ մունդռցիների աչքը մտցնի իր մահացու մանիան։
Բայղուշի հերթական բաժակաճառի ժամանակ, երբ արդեն որերորդ անգամ խմում էին իրենց հոգեբան ընկերոջը մաքուր հոգու և ազնիվ գործի կենացը, հայտնվում է Սուլթանը՝ իր ոստիկանական հեծանիվին նստած ու վրայի կապույտ, աղմկոտ ազդանշանը միացրած։
– Սուլթա՜նը,– ուրախացած բացականչում են մունդռիկները։
– Էս քեֆ եք անում, հա՞,– ասում է Սուլթանը՝ իջնելով հեծանիվից ու անջատելով դրա անդուր ոռնոցը,– դե բերեք մի կենաց էլ ես ասեմ։
– Ասա, Սուլթան ջան, ասա,– միաբերան գոռում են գյուղացիները,– բաժակ տվեք էս մարդուն։
Բայղուշն իր ձեռքով լցնում է իրենց ոստիկան օձի բաժակը։
– Այ գյադա, էս դո՞ւ էլ ես ստեղ,– ասում է Սուլթանը՝ նկատելով Չանչին,– դե լավ, սպասիր, քեզ քիչ մնաց, էսա չանչերիցդ կախեմ բանտախցում, կաշիդ կլպեմ։
– Սուլթան ջան, էլ բարկանալդ ո՞րն է, հիվանդ տղա է, գեղումը ամենքս էլ գիտենք,– փորձում է նրա զայրույթը մեղմել Բայղուշը։
– Ոչ մի հիվանդ էլ չի,– բաժակը սեղանին հարվածելով՝ բղավում է Սուլթանը,– ձեզ բոլորիդ խաբել են, մունդռիկներ։
Վերգոն գամվում է տեղում։ Գյուղացիները զարմացած իրար են նայում։ Իսկ ոստիկանապետը պոչը տնկում է Վերգոյի վրա։
– Էս ձեր փեշակավոր տղեն ոչ մի զիբիլ էլ չի, հոգեբան էր խաղում գլխներիս, սրա՜ն նայեք, հարիֆ մունդռիկներ էր գտել,– ասում է ու բաժակը նորից վերցնելով՝ լցնում բերանը,– ես իմ կենացը խմեցի։
– Էս ի՞նչ ես ասում, Սուլթան ջան,– մյուս գլուղացիների նման իրար է խառնվում Բայղուշը։
– Ի՞նչ եմ ասում, տես, թե ինչ եմ ասում։
Ու Սուլթանը դոշին կպցրած աստղի տակից հանում է մի հին փաստաթուղթ և կտրուկ շարժումով բացում այն։ Ապշած մունդռիկների առջև է հայտվում Վերգոյի սևուսպիտակ նկարը՝ վրան գրված. «Փնտրվում է սերիալ օձ խուզող, գտնողներին խոստանում ենք դրամական պարգև»։
– Ո՞նց թե, – ճչում է Բայղուշը՝ նայելով իր կողքի սիրաքստած էշին։
– Սա ոչ մի հոգեբան էլ չի, ամեն ինչ պարզել եմ։ Խաբեբայի մե՜կն է, հանցագո՜րծ։ Ես գիտեի, չէ՞, ես ախր գիտեի... Էդ դո՜ւ էիր խուզել մեր կուկլա Մարալին,– շարունակում է բղավել Սուլթանը։
Եվ այստեղ մեծ աղմուկ է բարձրանում։ Բոլորը հասկանում են, թե ինչ խաղ է իրենց գլխին խաղացել ճարպիկ խոպանչին։
– Մեզ էլ է խուզել,– աղաղակում են խաբված մունդռիկները,– հարամ լինի քո ամեն ինչը, Վերգո տղա, թո՜ւ...
Տեսնելով խաբված մունդռցիների կատաղած դեմքերը ՝ Վերգոն լցնում է տակը, ինչպես և սազական է իրեն հարգող ամեն մի Վերգոյի։
Սուլթանը կանգնում է նեղն ընկած Վերգոյի առջև ու գյուրզայանում.
– Հըն, կլեպտամանկա, հի՞մա ինչ կասես։
Խոպանչին, տեսնելով իր շուրջը հավաքված մի նախիր մունդռցիների զայրույթից կարմրած աչքերը, որոշում է իր կաշին փրկելու համար մոտները խղճահարություն առաջացնել.
– Մեղավոր եմ, բայց խղճացեք... ախր մուրազի վրա տղա եմ։
– Էդ բեմուրազն էլ մենք էին, հա՞,– վրա է տալիս կատաղած Շերիֆը։
– Փակե՜լ բանտախցում ավազակին, ո՜չ մի ներում,– լսվում է ամեն կողմից։
Միայն երրորդ անձ դարձած էշն է, որ երախտապարտ աչքերով շարունակում է նայել Վերգոյին՝ մտքում օրհնելով նրա բարի գործը ու չհասկանալով, թե այդ հիմար մունդռիկները ինչ են ուզում մեծ բարերարից։
Բայղուշն էլ, գրկելով իր Ֆրիգուշին, մի կուշտ լաց է լինում, հետո հազիվ–հազիվ հավաքում իրեն ու նորից կանգնում սեղանի գլխին։
– Հեչ լավ բան չեղավ, ժողովուրդ ջան,– ասում է գյուղապետը,– հեչ...
Ու տեսնելով, որ Սուլթանը և մունդռիկները արդեն ոլորում են Վերգոյի թևերը, որ գցեն հեծանիվի վրա ու տանեն բանտ՝ ձեռքի շարջումով կանգնեցնում է նրանց։
– Հլը, կացեք, մունդռցիք։ Բան եմ ասում... Հա, Վերգոն հեչ լավ տղա դուրս չեկավ, անջիգյարը...
Գյուղացիները համաձայնելով ախուվիշ են անում։
– Բայց նրան բերդումը փակելուց մեր պրաբլեման չի կորի,– շարունակում է գյուղապետը,– մեր էսքան ունեցվածը, որ դա կերավ, էլ չեմ ասում... մարալնի ուշերբը... բա դրա հարցը ո՞նց պիտի լինի...
Ու Բայղուշը, նորից հիշելով իր գլխին եկածը, աչքերը լցնում է ու մղկտալով հայտնում իր որոշումը.
– Մեր Մունդառը հնացել է, քանդուքարափ էղել, շինարություն անող չունենք։ Ես էսպես եմ մտածում։ Բերեք Վերգոյին ու էն չանչոտ ջեբկիրին դնենք էդ գործի վրա, թող բանվորություն անեն, համ փեշակ կսովորեն, համ էլ մեզ տված վնասը դրանով կփակեն։
Մունդռիկները միտք են անում, Սուլթանի հետ գցում–բռնում ու համաձայնում են։
Վերգոն, որ ավելի մեղմ որոշում էր սպասում այդքան օգնած Բայղուշից, փորձում է փոխել դատ ու դատաստանի ընթացքը։
– Էդպես ո՞նց կլինի, ի՞նչ շինարարություն, ախր ես չեմ կարող, մի հատ իմ մատղաշ ձեռքերին նայեք... Հիմա ի՞նչ եմ անելու։
– Ի՞նչ պիտի անես, ընկել ես, պիտի քաշես,– պոչը օդում տնկելով՝ արտաբերում է Սուլթանը ու դրանով փակում դատը։
Այդպես էլ անում են։ Հոգորին ու Չանչին պինդ նստացնում են շինարարության վրա։ Ասում են՝ երկուսն էլ կարգին շինարար են դառնում, սկսում են ազնիվ քրտինքով վաստակել իրենց հացը։ Մունդառն էլ սիրունանում, նորանում է, ծլում, ծաղկում։ Բայղուշն ու Ֆրիգուշը որոշում են իրենց փսիխասերդեչնի պրաբլեման երկուսով լուծել, հիասթափված էշին էլ հետ են ուղարկում հորանց տուն։ Իսկ Սուլթանին կարգին հետախուզական աշխատանքի համար երկրորդ աստղն են տալիս, որը հպարտությամբ կախում է չեղած դոշից ու ասում են՝ նրա մասին անգամ թիվի–ով են ցույց տալիս։ Ինչ վերաբերում Չանչին, ապա նա երբեմն կարոտով հիշում է իր հիվանդության օրոք վայելած անցած–գնացած օրերը, բայց այսուհետև չանչով–գլխով մտնում է իր նոր փեշակի մեջ ու կարգին մարդ դառնում։ Վերգոն էլ հասկանում է, որ ծեփի հետ աշխատելը օձ խուզելուց ավելի հաճելի է և կարևորը՝ սթրեսներից հեռու։ Թե չէ, ինքն էլ հո լա՞վ գիտեր, եթե խաբեբա խոպանչու լարված աշխատանքը շարունակեր, կարող էր համ լիբիդոյի փսիխոսոմատիկ բորբոքում ստանար, համ էլ, հեռու մեզնից, սումբլիմացիայի շիզոիդ դրսևորում ձեռք բերեր...
Հենց այս մտքերի վրա էլ երկնքից երեք զամբյուղ խաշած ձու է ընկնում, մեկը՝ աչքը ձվին մնացած Չանչին, մյուսը հոգու շինարար Վերգոյին, երրորդն էլ՝ հոգեբաններից մինչ օրս խերվածներին։ Անուշ լինի։