Ճիշտն ասած առաջին անգամ էի կարդում Լևոն Տեր-Պետրոսյանի այս հոդվածը։ Նրանք, ովքեր դեռ չեն կարդացել անպայման թող կարդան, ովքեր կարդացել են, թող նորից կարդան, քանի որ ըստ ինձ այս հոդվածը այսօր էլ բավականին արդիական է։ Ի դեպ, անկախ նրանից Լևոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի կամ մեկ այլ մարդու կողմնակից եք։ Խնդրում եմ կարդալ ամբողջությամբ, հետո արտահայտվել։
Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն։
ԼՐՋԱՆԱԼՈՒ ՊԱՀԸ
Սեպտեմբերի 26-ի իմ մամլո ասուլիսը, ավելի ճիշտ՝ ասուլիսի Ղարաբաղին նվիրված հատվածը մամուլում եւ ընդդիմության կազմակերպած հավաքներում բուռն կրքերի բորբոքման առիթ տվեց: Ինձ համար դա անակնկալ չէր, եւ ինչ-որ չափով ես նույնիսկ ավելի խիստ հակազդեցություն էի սպասում:
Անակնկալը բանավեճի որակն էր, իսկ պարզ ասած՝ բանավեճի իսպառ բացակայությունը: Խոստովանում եմ, ես չհասա իմ նպատակին, այն է՝ մամուլում եւ հրապարակային ժողովներում լուրջ բանավեճ ծավալել հայ ժողովրդի առջեւ ծառացած ամենակնճռոտ խնդրի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների շուրջ:
Ընդդիմության արձագանքը դուրս չեկավ հայհոյանքի, վերագրումների, պիտակավորումների ու խեղաթյուրումների շրջանակից: Չարվեց ոչ մի բանական առաջարկ, չներկայացվեց ոչ մի այլընտրանքային ծրագիր, չբերվեց ոչ մի հիմնավոր հակափաստարկ: Սրանից կարելի է անել երկու հետեւություն. կա´մ ընդդիմությունը չունի ղարաբաղյան կարգավորման որեւէ ծրագիր, կա´մ եթե ունի, բայց թաքցնում է, այնքան էլ ազգանպաստ գործով չի զբաղված. ավելի խիստ որակումից ես զերծ եմ մնում:
Ի՞նչ հասկացավ ժողովուրդը ընդդիմության հանած աղմուկից. որ Արցախի համար մենք արյուն ենք թափել, որ գրավված տարածքները վերադարձնելով վտանգվում է Արցախի գոյությունը, որ հանուն Արցախի հայ ժողովուրդը նորից պատրաստ է արյուն թափելու, որ մենք թքած ունենք համաշխարհային կարծիքի վրա, որ մենք ծնկի կբերենք ե´ւ Ադրբեջանը, ե´ւ միջազգային հանրությունը, որ մենք ազգովի կդառնանք ֆիդայի:
Իսկ հետո՞: Ոչ ոք չփորձեց պատասխանել հետեւյալ պարզ հարցերին.
- այս ամենը անելուց հետո մենք կհասնե՞նք մեր բաղձալի նպատակին, թե՞ ոչ.
- երբ մենք թքենք աշխարհի երեսին, նա մեզ ինչո՞վ կպատասխանի.
- թափվելու է Կինոյի տանը հավաքված 500 հոգու՞, թե՞ մեր ժողովրդի անմեղ արյունը:
Առնվազն վերջին հարցին կարելի է միանշանակ պատասխան տալ. հինգ հարյուրի գլխից մի մազ անգամ չի պակասի, անկախ այն բանից, թե նրանք այսօր ինչպիսի զոհողությունների գնալու պատրաստակամություն են հայտնում: Երբ Արցախը վտանգի մեջ էր, երբ հակառակորդն ընդհուպ մոտեցել էր Գանձասարին, նրանցից ոչ ոք չարձագանքեց Վազգեն Սարգսյանի կոչին ու չմիացավ մահապարտների գնդին: Ուրիշի արյան գնով փառք որոնողներից ու հերոս ձեւացողներից մեր ժողովուրդը պետք է որ կուշտ լինի:
Ընդդիմության շփոթը, բացի քաղաքական նկատառումներից, գուցեեւ մասամբ բացատրվում է անտեղյակությամբ, որ բնական է, քանի որ Ղարաբաղում եւ Հայաստանում հակամարտության կարգավորման գործընթացին փորձագիտական մակարդակով տիրապետում են ընդամենը վեց հոգի՝ Ա. Ղուկասյանը, Ռ. Քոչարյանը, Ա. Արզումանյանը, Վ. Օսկանյանը, Ժ. Լիպարիտյանը եւ ես:
ԲԱՆԱՎԵՃԻ ԱՌԱՐԿԱՆ
Ինչեւէ, բանավեճ չստացվեց, բայց դա ո´չ ինձ, ո´չ էլ մեր հասարակությանը չպետք է հիասթափեցնի: Միեւնույն է, ազգի ճակատագիրը տնօրինելու հավակնող ցանկացած քաղաքական գործիչ կամ մտավորական վաղ թե ուշ ստիպված է լինելու հրաժարվել հայհոյախոսությունից (խոսքս հոգեկան հիվանդների մասին չէ) եւ ժողովրդի առջեւ հանդես գալ կոնկրետ հաշվարկված ծրագրով:
Չսպասելով դրան, ես այսօր էլ պատրաստ եմ լրջորեն քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ցանկացած բանական առաջարկ, համաձայն եմ ցանկացած մակարդակի հրապարակային բանավեճի:
Սակայն բանավեճը կարող է առարկայական լինել միայն նախապես կողմնորոշվելով մի քանի ելակետային դրույթների շուրջ, այն է.
- Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի պատերազմի՞, թե՞ խաղաղ բանակցությունների միջոցով.
- հնարավո՞ր է, արդյոք, հավերժորեն կամ թեկուզ երկար ժամանակով պահպանել ստատուս-քվոն եւ Ղարաբաղի խնդրի չկարգավորված վիճակը.
- Ղարաբաղին եւ Հայաստանին ձեռնտու է հարցի կարգավորվա՞ծ, թե՞ չկարգավորված վիճակը.
- հարցը պետք է լուծվի փոխզիջումով, թե՞ կողմերից մեկի պարտությամբ, եւ այդ դեպքում ո՞վ է լինելու պարտվող կողմը:
Այս դրույթների շուրջ ես հստակ կերպով արտահայտվել եմ բազմիցս եւ այսօր էլ պնդում եմ, որ
- պատերազմը պետք է բացառվի, ուստիեւ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի միայն ու միայն խաղաղ բանակցությունների միջոցով.
- ստատուս-քվոն երկար ժամանակով պահպանել հնարավոր չէ, որովհետեւ դա թույլ չեն տա ո´չ միջազգային հանրությունը, ո´չ էլ Հայաստանի տնտեսական կարողությունները.
- Ղարաբաղին եւ Հայաստանին ձեռնտու չէ հարցի չկարգավորված վիճակը, որովհետեւ դա զգալիորեն խոչընդոտում է Հայաստանի, հետեւաբար նաեւ Ղարաբաղի տնտեսական զարգացմանը, բարդություններ ստեղծում միջազգային հանրության եւ մանավանդ հարեւան երկրների հետ հարաբերություններում, որոնք կարող են ճակատագրական նշանակություն ունենալ.
- Ղարաբաղի հարցի լուծման միակ տարբերակը փոխզիջումն է, որը նշանակում է ոչ թե մի կողմի հաղթանակ եւ մյուսի պարտություն, այլ հակամարտության հագեցման վիճակում ձեռքբերված հնարավոր համաձայնություն:
Թող չփորձեն ժողովրդին մոլորեցնել՝ ասելով, թե փոխզիջումն այլընտրանք ունի. փոխզիջման այլընտրանքը պատերազմն է:
Փոխզիջման մերժումը եւ մաքսիմալիզմը (առավելագույնը եւ ոչ թե հնարավորը ձեռքբերելու ձգտումը) Ղարաբաղի իսպառ կործանման եւ Հայաստանի վիճակի վատթարացման ամենակարճ ճանապարհն է:
Խոսքը չի վերաբերում Ղարաբաղը տալուն կամ չտալուն: Խոսքը վերաբերում է Ղարաբաղը հայկական պահելուն. 3000 տարի այն բնակեցված է եղել հայերով եւ 3000 տարի հետո էլ պետք է բնակեցված լինի հայերով:
Իմ ընտրած ուղին ապահովելու է այդ հեռանկարը եւ հնարավորություններ պահպանելու՝ հասնել մեր բաղձալի նպատակին: Արկածախնդիրների ուղին տանելու է դեպի անխուսափելի պարտություն: Մենք մի անգամ արդեն, «Ստամբուլը արյան ծով» դարձնելով, կորցրել ենք Արեւմտահայաստանը, իսկ մի այլ անգամ՝ պահանջելով Սեւրի դաշնագրով գծված տարածքները՝ կորցրել ենք Արեւելահայաստանի կեսը:
Փոխզիջման էությունից բացի կարեւոր է նաեւ փոխզիջման պահը: Ակնհայտ է, որ փոխզիջման դեպքում հասանելի առավելագույնը ձեռքբերելու հնարավորություն ունի ուժեղ կողմը: Հայաստանն ու Ղարաբաղն այսօր ուժեղ են քան երբեւէ, բայց հակամարտության չկարգավորման դեպքում մեկ-երկու տարի հետո անհամեմատ թուլանալու են: Այն, ինչ մերժում ենք այսօր, ապագայում խնդրելու, բայց չենք ստանալու, ինչպես բազմիցս եղել է մեր պատմության մեջ:
Պետք է իրատես լինել եւ հասկանալ, որ միջազգային հանրությունը երկար չի հանդուրժելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունը, քանի որ այն սպառնում է տարածաշրջանային համագործակցությանն ու անվտանգությանը, ինչպես նաեւ Արեւմուտքի նավթային շահերին: Վաղ թե ուշ կողմերին պարտադրվելու է կարգավորման մի փոխզիջումային ծրագիր, որը լինելու է ոչ թե հարցի իրավական, այլ քաղաքական լուծում, թեեւ աշխարհի ուժեղները դա հրամցնելու են որպես միջազգային իրավունքի օրինակելի դրսեւորում: Ո´չ Ադրբեջանը, ո´չ էլ Ղարաբաղն ու Հայաստանը փոխզիջումից խուսափել չեն կարողանալու, ինչպես չկարողացան խուսափել բոսնիական եւ արաբա-իսրայելյան հակամարտության կողմերը:
Փոխզիջումը, սակայն, միայն պարտադրանք չպետք է դիտել. ընդհակառակը, հակամարտող կողմերն իրենք դեռ պետք է հսկայական ջանքեր գործադրեն նրա շուտափույթ կայացման համար, որովհետեւ այլընտրանքն, ինչպես ասվեց, պատերազմն է ու ժողովուրդների նորանոր տառապանքները:
Փոխզիջումն ընտրություն չէ լավի ու վատի միջեւ, այլ վատի ու վատթարի միջեւ, այսինքն՝ փոխզիջումն ընդամենը վատթարից խուսափելու միջոց է, որից հակամարտող կողմերը հարկադրաբար օգտվում են, երբ հասել են վատթարի գիտակցմանը եւ ի վիճակի են դրսեւորել քաղաքական կամք ու անհրաժեշտ խիզախություն:
Փոխզիջման դիմելիս կողմերը սովորաբար առաջնորդվում են մի քանի նկատառումներով, այն է. ազատվել իրենց բնականոն կենսագործունեությունն ու զարգացումն արգելակող եւ լուրջ վտանգներով հղի հակամարտությունից. սառեցնել խնդիրը, հետաձգել այն՝ ժամանակ շահելու, ուժեր կուտակելու եւ ավելի բարենպաստ հանգամանքներում հօգուտ իրենց լուծելու նպատակով. խուսափել անկանխատեսելի բարդություններից՝ հույս փայփայելով, որ հետագայում ժողովուրդների հարաբերություններում նոր մտածողության արմատավորման եւ արժեքների վերագնահատման հետեւանքով խնդիրը կարող է կորցնել իր սրությունը, եւ սահմաններն, օրինակ, չունենան այն նշանակությունը, որ ունեն ներկայումս: Այդ մտածողությունն ու արժեքների վերագնահատումը այսօր տիրապետող են Եվրոպայում, վաղը կարող են տիրապետող դառնալ նաեւ Մերձավոր արեւելքում, որի մասնավոր վկայությունն է, թերեւս, արաբա-իսրայելյան խաղաղության գործընթացը:
Փոխզիջումն ինչ-որ չափով բավարարելու է հակամարտության բոլոր կողմերին, բայց միաժամանակ ամբողջովին չի գոհացնելու ոչ մեկին: Նախագահ Ալիեւը դա ներկայացնելու է որպես Ադրբեջանի հաղթանակը, ես փորձելու եմ ներկայացնել որպես Հայաստանի հաղթանակը: Ադրբեջանական ընդդիմությունը համարելու է, որ Ալիեւը դավաճանեց ու ծախեց Ղարաբաղը: Հայաստանի ընդդիմությունը համարելու է, որ ես դավաճանեցի ու ծախեցի Ղարաբաղը:
Նման դեպքերում չպետք է բացառել, իհարկե, Ռաբին - Պերեսի սինդրոմի ազդեցությունը: Բայց չի կարելի անտեսել նաեւ Նաթանյահուի սինդրոմը, որը անզիջող դիրքերից գալով իշխանության գլուխ, կարճ ժամանակ անց, թեեւ դժկամությամբ, ստիպված եղավ շարունակել Ռաբինի ու Պերեսի սկսած խաղաղության գործընթացը:
Էջանիշներ