Կարծեմ առաջին դասարանից դպրոցում սովորեցրել են, հենց գրաբարն են սովորեցրել, իսկ աշխարհաբարը մինչև հիմա էլ չգիտեմ... Դե, տարիներ շարունակ, այսպես ասած, default–ով քրիստոնյա եմ համարել ինձ ու համարվել, իսկ հետո, երբ որոշ չափով ծանոթացա և ուսումնասիրեցի այլ կրոնական ուսմունքներ, դադարեցի ինձ քրիստոնյա համարելուց ոչ թե որովհետև դեմ եմ քրիստոնեությանը, այլ ուղղակի զգացի, որ այդ ամենին ավելի լայն հայացքով նայելու դեպքում ես կոնկրետ կրոնի կարիք չունեմ, ինչը, սակայն, չի խանգարում ինձ հավատացյալ լինել։ Պարզապես այն քրիստոնեությունը, որ այսօր մատուցվում է, չի պատասխանում իմ մեջ ծագած բոլոր հարցերին, միևնույն ժամանակ ինձ հուզող բոլոր հարցերի պատասխանները ես գտել ու գտնում եմ այլ աղբյուրներում։
«Հայր մեր»–ն ասելու մեջ իմաստ տեսնում եմ այն դեպքում, եթե մարդը խորապես գիտակցում է, թե ինչ է ասում ու ինչի համար, իսկ եթե ուղղակի սերտած ոտանավորի պես թութակավարի կրկնում է՝ առանց իմաստի մեջ խորանալու և հասկանալու, ապա դրա մեջ ոչ մի իմաստ չեմ տեսնում. դրա փոխարեն կարող էր նույն հաջողությամբ որևէ ոտանավոր արտասանել...
Ինքս ժամանակ առ ժամանակ ասում եմ «Հայր մերը», բայց միայն այն ժամանակ, երբ զգում եմ, որ ուզում եմ ասել, պահանջ ունեմ. աղոթելն ինձ համար երբեք ռեժիմի պես բան չի եղել ու, համոզված եմ, որ չի լինի։ Բացի դրանից, համարում եմ, որ աղոթել կարելի է նաև սեփական մտքերով ու սեփական խոսքով. ինձ թվում է՝ դա շատ ավելի անկեղծ, սրտաբուխ ու ճշմարիտ աղոթք կլինի, քանի որ մարդն այդպիսով ոչ թե կրկնում է ուրիշի խոսքերը, այլ հենց իր սեփական հույզերն ու մտքերն է հղում առ Աստված։
Ինչևէ, ամեն մարդ ինքն է որոշում, թե ինչպես հաղորդակցվի Աստծո հետ. կարևորը դրանով հոգու խաղաղություն ու խղճի հանգստություն ձեռք բերելը կամ պահպանելն է։
Ես ինքս առավել հաճախ հենց իմ բառերով եմ հաղորդակցվում Աստծո հետ։ Ուրիշ բան, որ Աստծո իմ ընկալումը գուցե շատ առումներով տարբերվում է շատերի ընկալումից։
Մի հարց էլ կա, որ ինձ վաղուց հուզում է. «Եվ մի տանիր զմեզ ի փորձություն»։ Ատվածաշնչում ասված է, որ Աստված ոչ մեկին չի փորձում... Եթե այդպես է, ապա էլ ինչու՞ ենք աղոթքի մեջ Աստծուն խնդրում, որ մեզ փորձության չտանի։Մի՞թե ավելորդ չէ այս խնդրանքը... Այ էդ մասն ասելիս մի քիչ դիսկոմֆորտ եմ զգում, ճիշտն ասած...
![]()
![]()
Էջանիշներ