Գրենք ինչ գիտենք-չգիտենք ձմեռային թեմաներից... (ինքս ուղղակի չէի կարող այսօր չգրել ստորև բերված բանաստեղծությունը, որը շաաատ եմ սիրում)
Վահագն Դավթյան
Տաք ձյունը
Այսօր իջնում է առաջին ձյունը...
Եվ տա՜ք է ձյունն այդ, ախ, այնքան է տաք,
Որ ինձ թվում է, թե ձյուն չէ բնավ,
Որ դա ամպերի կարոտն է մաքուր,
Եվ որ ամպերը թեթևանում են իրենց կարոտից:
Մայթերին կախված մշուշը դալուկ
Ձյունի օրորվող փաթիլների հետ
Իմ բաց ճակատն է քնքշորեն շոյում...
Բայց ինձ, սիրելի՛ս, քո տաք ձե՜ռքն է պետք:
Նայիր, այս մայթին դեռևս չկա ոչ մի ոտնահետք,
Իսկ ես կուզեի, որ իմ այս մոլոր հետքերի կողքին
Ոտնահետքերդ տպվեին մանրիկ,
Իսկ ես կուզեի, որ այս ձյունը տաք
Օրհնության նման ու բարության պես
Իջներ երկուսիս ուսերի վրա և հասակն ի վար,
Քանզի իր մաքուր ու տաք քնքշանքով այս ձյունը
Շա~տ է մեր սիրուն վայել:
Կուզեի հիմա քո աչքերի մեջ ես անվերջ նայել
Ու քեզ շշնջալ տողերն այն երգի, որ դեռ չեմ գրել,
Բայց որոնք արդեն վերուվարում են երակներիս մեջ
Եվ ինձ շշնջում.
- Սե՜րը... նման է նա ճշմարտության,
Կես ճշմարտությունն ինչի՜ է նման,
Ինչի՜ է նման կես սերն աշխարհում...
Այսօր է միայն, որ քեզ չեմ տեսել,
Եվ կապույտ բոցով կարոտս է այրվում:
Այսօր է միայն, որ քո ձեռքի հետ
Չեմ կիսել քնքշանքն իմ այրվող ափի
Ու մոլորվել եմ, չգիտեմ արդեն,
Թե որտեղով է անց կենում, իրավ,
Սահմանագիծը բախտավորության ու տառապանքի:
Ու եթե հանկարծ գայիր դու, անգի'ն,
Եթե պատահմամբ ելնեիր իմ դեմ,
Ելնեիր ձյունո՜տ, ցողո՜տ, ծիծաղկո՜տ,
Հավատա՛, հոգի՛ս,
Որ եթե անգամ ես լուռ մնայի,
Չշշնջայի տողերն այն երգի, որ դեռ չեմ գրել,
Դու կլսեիր շշունջը նրանց.
-Սե՜րը... նման է նա ճշմարտության,
Կես ճշմարտություն չի լինում կյանքում,
Չի լինում կես սեր...
Ու եթե սերը կիսվում է հաճախ,
Ապա կիսվում է լոկ երջանկության ու տառապանքի,
Իսկ տառապանքն այդ (քա՜ղցր տառապանք),
Հավատա, որ նույն երջանկությունն է:
Այսօր իջնում է առաջին ձյունը...
---------------------------------------------------
Մանկական
Հայրապետ Հայրապետյան
Առաջին փաթիլները
Նազ ու տուզով, օրորվելով,
Իրար կողքի, թևանցուկ,
Փաթիլները ճամփա ընկան
Օդի միջով կամացուկ:
Թեթև-թեթև իջնում են վար`
Պտտվելով անդադար,
Պար են գալիս, խաղում անվերջ
Լայն ու արձակ օդի մեջ:
Ամպը գոչեց. «Արա՛գ իջեք,
Իմ սիրելի՛ բալիկներ,
Չգիտե՞ք, որ կարոտ են ձեզ
Այնքան փոքրիկ մանուկներ»:
Փաթիլները զվարթացան,
Թևին տվին ու անցան,
Մեկիկ - մեկիկ գետին իջան,
Իռառ գռկած ձյուն դարձան:
Մանուկները դուրս վազեցին՝
Առած սահնակ ու սղղան,
Եվ սկսվեց երգ ու ծիծաղ,
Զվարթ խաղերը ձմռան:
(ինչ-որ բան հիշեցրե՞ց)
Էջանիշներ