- Հը, ի՞նչ կասես,- շփոթմունքիցս շատ գոհ, հարցրեց Ջո Բելլը:
- Կարծես նա է:
- Լսիր, տղա,- և նա ձեռքը զարկեց վաճառասեղանին,- դա հենց նա է որ կա: Ես դրանում համոզված եմ: Ճապոնացին նրան տեսնելուն պես ճանաչել է:
- Նա նրան տեսե՞լ է: Աֆրիկայու՞մ:
- Ո՛չ: Միայն քանդակն է տեսել: Բայց վերջին հաշվով դա նույնն է: Ինքներդ ահա կարդացեք, թե ինչ է գրված,- ասաց նա՝ շրջելով լուսանկարներից մեկը: Լուսանկարի հետևին գրված էր. «Փորագրություն փայտի վրա Ս. Տոկոկուլ ցեղ, Իստ Անգլիա: Ծննդյան տոներ, 1956»:
- Ահա թե ինչ է ասում ճապոնացին,- ասաց նա,- պատմությունը հետևյալն է: Ծննդյան տոնին միստր Յունիոշին, լուսանկարչական ապարատն առած, շրջել է Տոկոկուլով մեկ: Դա կորած-մոլորած մի գյուղակ է ինչ-որ մի տեղ, կարևոր էլ չէ, թե որտեղ, պարզապես մի ոչ մեծ համայնքի կեղտոտ, ցեխոտ, կավածեփ հյուղակներ են, բակերում կապիկներ, տանիքներին՝ լալկան բազեներ: Նա արդեն ուզում էր հեռանալ այդտեղից, երբ հանկարծ տեսնում է մի նեգր դռան շեմքին պպզած՝ ձեռնափայտի վրա կապիկներ է փորագրում: Միստր Յունոշիի վրա մեծ տպավորություն է գործում այդ աշխատանքը, և նա խնդրում է նեգրին էլի մի բան ցույց տալ: Դրանից հետո դուրս են բերում ուրիշ փորագրություն՝ մի երիտասարդ կնոջ գլուխ և նրան թվում է, ինչպես ինքն է ասել Ջո Բելլին, որ դա երազի պես մի բան է: Իսկ երբ նա առաջարկում է գնել այդ քանդակը, նեգրը մի տարօրինակ շարժումով, որը երևի պետք էր հասկանալ կուրծք ծեծելու նման մի բան, ասում է՝ «ոչ»: Ոչ մի ֆունտ աղը և տասը դոլարը, ոչ երկու ֆունտ աղը և քսան դոլարն ու թևի ժամացույցը, ոչինչ նրա միտքը չի փոխում: Միստր Յունիոշին ուզել է գոնե պարզել այդ քանդակի պատմությունը, որի համար ստիպված է եղել տալ մոտի ամբողջ աղը և թևի ժամացույցը: Եվ պատմությունը նրան արվել է կոտրտված անգլերենով և աֆրիկյան ինչ-որ բարբառի խառնուրդով, լրացնելով այն ձեռ ու ոտի շարժումով: Ըստ երևույթին պետք էր հասկանալ, որ այդ տարի գարնանը երեք ձիավոր էին անցել այդ կողմերով: Մի երիտասարդ կին ու երկու տղամարդ: Երկու տղամարդն էլ՝ դողէրոցքով բռնված, կարմրած, բորբոքված աչքերով, մի քանի շաբաթ ստիպված մեկուսացված, փակված են եղել մի հյուղակում, իսկ երիտասարդ կինը, որին դուր էր եկել փայտի վրա փորագրողը, քնում էր նրա հետ, նրա խսիրին:
- Դրան ես չեմ հավատում,- խորշանքով ասաց Ջո Բելլը,- գիտեմ, նա ինչ խենթություն ասես կարող էր անել, բայց չեմ կարծում, որ կարող էր այդ աստիճանի հասնել:
- Էհ, հետո՞:
- Հետո, ոչինչ,- նա ուսերը թոթվեց:- Շուտով նա գնացել է, ինչպես որ եկել էր, ձի հեծած:
- Մենա՞կ, թե այն երկու տղամարդկանց հետ:
Ջո Բելլն արագ-արագ թարթեց աչքերը:
- Կարծեմ այն երկու տղամարդկանց հետ: Հիմա դառնանք ճապոնացուն: Սա ամեն տեղ, ամենքին հարցուփորձ է արել նրա մասին, բայց ոչ ոք նրան երբևէ չէր տեսել:- Հետո զգալով իմ հիասթափությունը, ասես վախենալով, որ կարող է իրեն էլ փոխանցվել, և չուզենալով այդ, շարունակեց.- Մի բան, սակայն, պետք է ընդունեք, սա միակ հավաստի լուրն է, չգիտեմ նույնիսկ քանի,- նա սկսեց հաշվել մատների վրա, բայց մատները չհերիքեցին,- չգիտեմ քանի տարիների ընթացքում: Մի հույս ունեմ, որ նա երևի հարուստ է: Պետք է որ հարուստ լինի: Մարդ պետք է հարուստ լինի Աֆրիկայով մեկ քարշ գալու համար:
- Երևի նա Աֆրիկա ոտք չի էլ դրել,- ասացի ես վստահ, թեև կարող էի նրան պատկերացնել Աֆրիկայում, դա նրան կսազեր: Հետո այդ փայտից քանդակած գլու՜խը: Ես նորից նայեցի լուսանկարներին:
- Դուք շատ բանիմաց մարդ եք: Դե, ասացեք, նա հիմա որտե՞ղ կլինի:
- Մահացել է: Կամ հոգեբուժարանում է: Կամ ամուսնացել է: Ինձ թվում է, նա ամուսնացել ու խաղաղվել է, գուցե հենց այստեղ է, ապրում է հենց այս քաղաքում:
Նա մի պահ մտածեց:
- Ոչ,- ասաց նա գլուխը տարուբերելով,- կասեմ թե ինչու: Եթե մեր քաղաքում լիներ, նրան տեսած կլինեի: Դեհ, օրինակ, ինձ նման մեկը, որ սիրում է ոտքով շրջել, որ արդեն տասը թե տասներկու տարի ման է գալիս փողոցներով ու շարունակ որոնում է, անհանգստանում, թե չլինի՞ հանկարծ չնկատի այն մեկին, այն մեկին, որին ոչ ոք չի կարող փոխարինել, և երբեք չի հանդիպում, ասեք, արդյոք դա չի՞ նշանակում, որ այդ մեկը մեր քաղաքում չէ: Ես շարունակ տեսնում եմ կանանց, որ ինչ-որ բանով հիշեցնում են նրան, նրա տարբեր մասերը… Էհ, սլացիկ, նիհար, արագ քայլող որևէ աղջիկ…- Նա լռեց, ասես ուզում էր համոզվել՝ արդյոք ուշադի՞ր եմ լսում իրեն,- կարծում եք խելքս թռցրե՞լ եմ:
- Ոչ, պարզապես չգիտեի, որ սիրահարված եք եղել նրան: Այդքան սիրում եք:
Զղջացի ասածիս համար, խոսքերս նրան շփոթեցրին: Նա վերցրեց լուսանկարներն ու դրեց ծրարի մեջ: Նայեցի ժամացույցիս: Գնալու պետք չունեի, բայց մտածեցի, որ ավելի լավ է գնամ:
- Սպասեցեք,- ասաց նա դաստակս բռնելով:- Այո, սիրում էի նրան: Ոչ թե ուզում էի անպայման նրան…- Եվ առանց ժպտալու ավելացրեց.- Չեմ ուզում ասել, որ ընդհանրապես այդպիսի մտքեր չեմ ունեցել: Նույնիսկ հիմա էլ, իսկ հունվարի տասին կդառնամ վաթսունյոթ տարեկան, էլի այդպիսի մտքեր ունենում եմ: Եվ տարօրինակն ինչ է, ինչքան մեծանում ես, այնքան ավելի շատ են նման մտքեր գալիս գլուխդ: Հիշում եմ, նույնիսկ պատանի ժամանակ այդքան չեմ մտածել: Իսկ հիմա մի գլուխ դա է: Երևի ինչքան մեծանում ես, այնքան դժվարանում է մտածածդ գործի մեջ կիրառելը, այնքան ավելի է այդ միտքը քեզ հետապնդում: Եվ երբ լրագրում կարդում եմ իրեն խայտառակած որևէ ծերուկի մասին, գիտեմ, որ դա իր մտքերի ծանրությունից է: Բայց,- նա չափեց, մեկուկես ունցիա վիսկի լցրեց իր համար և այդպես, անխառն խմեց,- ես երբեք ինձ չեմ խայռտառակի: Երդվում եմ, որ Հոլլիի նկատմամբ երբեք այդպիսի մտքեր չեմ ունեցել: Կարելի է սիրել և առանց դրա: Այդ դեպքում լինում ես օտարի պես, բայց բարեկամ:
Երկու տղամարդ մտան բար, և ես վճռեցի, որ ճիշտ գնալու ժամանակն է: Ջո Բելլն ինձ ուղեկցեց մինչև դուռը: Նորից բռնեց ձեռքս.
- Հավատու՞մ եք:
- Որ չեք ուզում նրան դիպչե՞լ:
- Ոչ, նկատի ունեմ Աֆրիկան:
Ու հանկարծ զգացի, որ ոչինչ չեմ հիշում նրա պատմությունից, աչքիս առաջ եկավ միայն Հոլլին՝ ձի նստած հեռանալիս:
- Էհ, ամեն դեպքում, նա չկա:
- Այո,- ասաց նա դուռը բացելով,- այո, չկա:
Անձրևը դադարել էր, օդում միայն մշուշն էր մնացել, և ես, ճանապարհս թեքելով, քայլեցի այն փողոցով, ուր գտնվում էր տունը, որտեղ ապրում էի մի ժամանակ: Այդ փողոցում աճում են ծառեր, որ ամռանը նախշավոր զով ստվերներ են փռում մայթերին. սակայն հիմա տերևները դեղնած էին, գրեթե բոլորը թափվել էին, թրջվել անձրևից և դարձել սայթաքուն: Տունը գտնվում էր այդ թաղամասի մեջտեղում, հենց եկեղեցու ետևում, որի աշտարակի երկնագույն ժամացույցը խփում էր ժամերը: Իմ ապրած ժամանակից հետո այդ տունը նորոգել էին և հիմա այն շատ կոկիկ տեսք ուներ. հին փայլատ ապակիով դռան փոխարեն նոր շքեղ, սև դուռ էր, իսկ պատուհանները շրջանակել էին գեղեցիկ, նուրբ, մոխրագույն փակոցափեղկեր: Այնտեղ ապրողներից բոլորը, ում հիշում եմ, գնացել էին այդ տնից, բացի մադամ Սափֆիա Սպանելլայից, խռպոտ կոլորատուրայով այդ տիկնոջից, որն ամեն օր Կենտրոնական զբոսայգի էր գնում անվավոր չմուշկ քշելու: Որ նա այնտեղ է ապրում, գիտեմ, որովհետև սանդուղքով բարձրացա և նայեցի փոստարկղներին: Հենց այդպիսի մի փոստարկղից էլ ժամանակին Հոլլի Գոլայթլիի գոյության մասին իմացա:
Էջանիշներ