- Երևի մտածեցիք, թե որևէ մեկը ձեզ միլիոն է թողել, այո՞:
- Ամենևին: Մտածեցի պարզապես, որ այդ Բերգդորֆն ուզում է իր պարտքը ստանալ: Բայց և այնպես մտա խաղի մեջ ու գնացի փաստաբանի մոտ (եթե, իհարկե, նա իսկապես փաստաբան է, որին ես խիստ կասկածում եմ, քանի որ կարծես գրասենյակ էլ չուներ, միայն հեռախոսով հանձնարարություններ էր ընդունում, իսկ իր հանդիպումները նա միշտ նշանակում էր «Երկնային ուտեստներում», որովհետև շատ գեր էր և կարող էր ուտել միանգամից տասը աղացած շնիցել երկու աման թանձր կերակրահյութով, և մի ամբողջ լիմոնի կարկանդակ): Նա ինձ հարցրեց արդյոք համաձայն կլինե՞մ մխիթարելու մի ծեր, միայնակ մարդու և դրա համար շաբաթական հարյուր դոլար ստանալ: Ես նրան ասացի. սիրելիս, դուք սխալվել եք միսս Գոլայթլիի հարցում, ես ձեր իմացած դայակներից չեմ, այդ գործով չեմ զբաղվում: Եվ հոնորարան էլ ինձ չցնցեց, ես կարող եմ նույնքան վաստակել հենց միայն կանացի հարդարան մտնելով: Քիչ թե շատ շուք պահպանող ուզածդ ջենտլմենը հիսուն դոլար տալիս է աղջկան հարդարան մտնելու համար, իսկ ես միշտ վերցնում եմ և տաքսւ փողը՝ ևս հիսուն դոլար: Բայց այդ ժամանակ նա ասաց, որ իր կլիենտը Սալլի Թըմաթոն է: Խեղճ Սալլին, ասաց նա, երկար ժամանակ ինձնով հիացել է a` la distance և ես բարի գործ արած կլինեմ, եթե համաձայնեմ շաբաթը մի անգամ այցելել նրան: Դեհ, ես չկարողացա ասել ոչ. դա այնքա՜ն ռոմանտիկ էր:
- Չգիտեմ ինչ ասեմ: Այստեղ մի խարդախ բան կա:
Նա ժպտաց:
- Կարծում եք սու՞տ եմ ասում:
- Մի պատճառով՝ այնտեղ երբեք թույլ չեն տա, որ ով ուզի այցելի բանտարկյալներին:
- Իհարկե թույլ չեն տալիս: Այնքա՜ն են բարդացնում: Դրա համար էլ ես հիմա համարվում եմ նրա զարմուհին:
- Ուրեմն այդպես հեշտ ու հանգի՞ստ, մի ժամ իր հետ զրուցելու համար ձեզ հարյուր դոլա՞ր է տալիս:
- Նա չի տալիս, փաստաբանն է տալիս: Միստր Օ'Շոնեսսին անմիջապես ինձ փոստով ուղարկում է փողը, հենց որ ես նրան հայտնում եմ եղանակի մասին տեղեկությունը:
- Իմ կարծիքով, դուք փորձանքի մեջ կարող եք ընկնել,- ասացի ես և լամպն անջատեցի, քանի որ դրա կարիքն այլևս չկար, առավոտյան լույսն արդեն ողողել էր սենյակը, և աղավնիներն էլ ուրախ ղունղունում էին հրշեջ սանդուղքին:
- Ինչու՞,- շատ լուրջ հարցրեց նա:
- Անպայման ինչ-որ օրենքներ կլինեն ինքնությունը կեղծողների վերաբերյալ: Չէ որ դուք նրա զարմուհին չեք: Իսկ այդ ի՞նչ հաղորդումներ են եղանակի տեսության:
Նա հորանջեց, ափով թեթևակի ծածկելով բերանը:
- Ոչինչ: Պարզապես հեռախոսով հաղորդում եմ միստր Օ'Շոնեսսիի գրասենյակ, որպեսզի նա իմանա, որ այնտեղ եղել եմ: Սալլին ինձ ասում է, թե ինչ հաղորդեմ, ասենք օրինակ. «Կուբայում փոթորիկ է» կամ «Պալերմոյում ձյուն է գալիս», մի անհանգստացեք, սիրելիս,- մոտենալով մահճակալիս, ասաց նա,- վաղուց արդեն սովոր եմ ինքս իմ մասին հոգ տանել:
Առավոտյան լույսն ասես թափանցում-անցնում էր նրա միջով, և երբ նա վերմակը բարձրացնելով քաշեց մինչև կզակս, լույսի անդրադարձումից նա երևում էր թափանցիկ ու թեթև, ինչպես մանուկ: Հետո նա պառկեց կողքիս:
- Դեմ չե՞ք: Ուզում եմ պարզապես մի քանի րոպե հանգստանալ: Եվ արի չխոսենք: Քնենք:
Ձևացրի, թե քնած եմ: Շնչում էր խորը և համաչափ: Կողքի եկեղեցու ժամացույցը խփեց կես ժամ, հետո մի ժամ: Ժամը վեցն էր, երբ նա նիհարիկ թևով քնքշորեն դիպավ թևիս, վախենալով, թե ինձ կարթնացնի:
- Խեղճ Ֆրեդ,- շշնջաց նա, ասես խոսում էր ինձ հետ, սակայն ինձ հետ չէր խոսում:
- Որտե՞ղ ես, Ֆրեդ: Մրսում եմ: Սառնասուն քամի է:
Նրա այտն իջավ ուսիս՝ տաքուկ ու խոնավ:
- Ինչու՞ ես լալիս:
Նա ետ քաշվեց, նստեց:
- Օ՜, աստծո սիրուն,- ասաց նա քայլելով դեպի պատուհանն ու հրշեջ սանդուղքը:- Ատում եմ քիթն ուրիշի գործերի մեջ խոթողներին:
Էջանիշներ