Artgeo
Նախ, Ձեր հարցը որքան հրատապ, նույնքան հնամաշ է։ Գրերի գյուտից հետո հայատառ գրեթե ամեն մի պատմիչի մոտ նմանատիպ բովանդակությամբ մի գլուխ կա, որն ի դեպ, այդքան էլ չի տարբերվում այսօր հնչող գնահատականներից։ Դրա համար շատ հեռու (այսինքն Մատենադարանի պահոց) մի գնա։ Կարդա Մ.Խորենացու «Ողբը» կամ էլ Լեո–յին (որը հիմա կարող է ոճի իմաստով մի քիչ պաթետիկ թվալ, բայց՝ ինֆորմացիոն է)։

Երկրորդը՝ ընդհանրացնել ամբողջ սփյուռքահայությանը մեկ ընդհանուր անվանակարգում կարծում եմ սխալ է։ Մանավանդ որ դուք ամենայն հավանականությամբ նկատի եք ունեցել այն սփյոռւքահայերին, որ ստորադասում են հայրենիքի շահերը կուսակցության շահերին, որն էլ իր հերթին իր նպատակները ներդաշնակեցնում է օտար երկրների հատուկ ծառայությունների կամ վերազգային, կոսմպոլիտ–ֆինանսական կազմակերպությունների հետ։

Սփյուռքահայերի մեծ մասը, անկախ գաղթի թվագրումից, արտերկրում են հաստատվել ճակատագրի բերումով։ Նրանց մեծ մասը շատ արժանավոր, շատ համեստ ու գրագետ մարդիկ են, որոնք առիթի դեպքում կարող են և օգնում են Հայաստանին։ Ու հենց այդ պատճառով Ձեր անվանակարգում նրանց գտնելը ուղղակի ցավ է պատճառում։ Գոնե հենց այն իմաստով, որ նոր սերունդը, որպես վտանգ կամ վնաս կարող է նաև նրանց տեսնել։ Կարող եք անունը փոխել և դնել, օրինակ՝ անհատներ։ Դա ավելի ճշգրիտ կարտացոլի պատկերը։

Ինչ վերաբերում է մեր «թշնամիներին», ապա, կներեք կրկնվելու համար, բայց չկան հավերժ թշնամիներ ու բարեկամներ, կան հավերժ շահեր։ Զոհի կեցվածքով և այսօրվա վիճակի համար մեղավոր գտնելը՝ ներսում կամ դրսում թույլ մարդու վարքագիծ է։ Իսկ որ երկիրը չէր ցանկանա օգտագործել մեկ այլ երկրի հանուն իր շահերի։ Իհարկե կուզենար։ Ու եթե այդպես է ստացվում, ապա մեղավորը օգտագործվողն է, ոչ թե օգտագործողը։

Կարծում եմ ավելի կարևոր է տեսնել կամ փնտրել, թե որ երկրի հետ են շաղկապված մեր կենսական շահերը, որ երկրի հետ բարեկամությունից կարող ենք հնարավորին չափ օգուտ քաղել և որ երկրի հետ պետք է առավելագույնհը զգույշ գտնվենք։

Այդ իմաստով, իմ տպավորությամբ, շատ սաղմնային վիճակում են գտնվում հենց Վրաստանի հետ հարաբերությունները։ Անգամ ցնցումներով հանդերձ, դա մի երկիր է, որը ապահովում է մեր կապը արտաքին աշխարհի հետ։ Այդ առումով մենք «պարտավոր» ենք ջերմացնել հարաբերությունները Վիրքի հետ։ Հակառակ դեպքում, կորցնելու շատ բան կունենանք։ Ու մեր «պոտենցիալ բարեկամը» կարող է դառնալ «վտանգավոր թշնամի»։ (Ի դեպ, սոցհարցման տվյալներով վրացիները հայերին չեն համարում բարեկամ երկիրը, ինչը շատ, շատ վատ է):

Ռուսաստանի մասին չեմ ուզում գրել, որովհետև շատ ծավալուն կլինի։ Հետո էլ այնտեղ գործոնները շատ են։