Ո՞վ է այդ մեկ մարդը. ասա ինչպիսի Սահմանադրություն ես ուզում, եւ ես կասեմ ինչ պետություն է ուզածդ
18:02 Yerevan | 14:02 GMT | Monday 8 October 2007
Վահան Իշխանյան
Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի խոսքը ինձ ոչ այնքան տարավ նրա կառավարման ժամանակները, ինչպես շատերին, ոչ թե առաջին հերթին հիշեցրեց, որ իր խոսքերը իշխանության մասին՝ երկիրը վերից վար կոռումպացված է, հանցագործ վարչակազմ, առաջին անգամ հենց իր ղեկավարած կառավարության մասին են ասվել, այլ՝ շատ ավելի մոտ, այս տարվա խորհրդարանական ընտրությունները, «Իմփիչմենթ» դաշինքի ընտրարշավն ու նրա լիդերի քաղաքական հայացքները:
Այդ լիդերը «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանն է, որ այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի ամենամոտ զինակիցներից է ու նրա առաջադրման գաղափարական քարոզիչը, իր թերթը դարձել է առաջին նախագահի խոսափողը, նրա հասցեին արված որեւէ քննադատական խոսքի դեմ թերթը վիրավորանքների ու հայհոյանքների նյարդային կրակահերթ է արձակում: Գարնանը ԱԺ ընտրարշավին Փաշինյանի լոզունգներն էին «Ոչ դոդացմանը, ոչ սերժանտացմանը, ոչ ռոբոտացմանը» (պաստառներում եւ տելեհոլովակում այս խոսքերը մակագրությունն էին Գագիկ Ծառուկյանի, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի՝ կարմիր գիծ քաշած լուսանկարների, այսինքն՝ «Իմփիչմենթի» հաղթանակի հաշվարկն արված էր ոչ թե գաղափարների, այլ այս երեքին անձնապես ատողների ձայների վրա) եւ «Երկրի փրկությունը կախված է մի մարդուց, եւ այդ մարդը դու ես»: Մարդիկ կային, որ հավատում էին նրա կոչերին, մայիսի 12-ից հետո նրա «1+» կոչվող նստացույցերին ողջույն էին ուղարկում, նրան ավելի վստահողները «1+» թուղթ էին կպցնում Թումանյանի արձանի վրա ու նստում կողքը՝ գումարվելով մեկերի փրկության գործին: Բայց ինչքանո՞վ էր անկեղծ Փաշինյանն իր՝ մի մարդու գործոնի, յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությամբ երկրում փոփոխություններ անելու կոչի մեջ: Այս հարցի պատասխանը ես գտա հուլիսի 7-ի նրա խմբագրականում, որտեղ համեմատում է 95թ. Սահմանադրությունը եւ 2005-ի փոփոխությունները. «Առաջինը լավ կամ վատ Սահմանադրություն էր, երկրորդը՝ հակասահմանադրություն: Որովհետեւ առաջինը պետության հիմնական օրենք էր, երկրորդը՝ պետականության անկման օրենք: Էս սահմանադրությունը գործադիր իշխանության մենաշնորհը ուզում է պետությունից վերցնել: Այսինքն՝ գործադիր իշխանությունը կարող է իրականացնել ոչ միայն պետությունը, ոչ միայն կառավարությունը, այլեւ, ասենք` Շենգավիթի Ծըգըլը, ինչին լրիվ համապատասխանում է օրվա իրականությունը: Ու եթե չլիներ Սահմանադրության 1-ին եւ 2-րդ հոդվածների անփոխարինելիությունը, մենք հիմա կունենայինք բոլորովին ուրիշ վիճակ»: Հավանաբար Փաշինյանը նկատի ունի, որ սահմանադրական փոփոխություններով Երեւանը ունենում է ներկայացուցչական մարմին, գործադիր իշխանություն, իսկ համայնքները ստանում են որոշ ազատություն (թեեւ պետությունը միայն կառավարությունը չէ, ինչպես կարծում է Փաշինյանը, այլ նաեւ համայնքների գործադիր մարմիններն են): Սա, մի խոսքով, բրգաձեւ, ուղղահայաց կառավարման համակարգի, ամբողջ իշխանությունը բրգի գագաթին նստած մի մարդու պատկանող (նախկինում՝ թագավոր, հետո՝ գենսեկ, այժմ՝ նախագահ կոչվող) համակարգի պաշտպանությունն է, որ հակասում է ժողովրդավարական սկզբունքներին, սա մի համակարգ է, որտեղ որոշումներ ընդունում ու դրանք գործադրում է մի մարմին: Ժողովրդավարության դասագրքային սկզբունքներից է կառավարման համակարգի ապակենտրոնացումը, ուղղահայացի հորիզոնականացումը: Ժողովրդավարական երկրներում կենտրոնաձիգ միակառավարման, մի գործադիր իշխանության համակարգին փոխարինեցին գնալով ինքնավար դարձող մարզային, շրջանային, համայնքային կառավարման օրգանները՝ իրենց օրենսդիր եւ գործադիր մարմիններով, ու պետությունները գործադիր մարմինների բազմազանությունից ոչ միայն անկում չունեցան, ինչպես պնդում է Փաշինյանը, այլեւ ավելի հզորացան, հորիզոնական սուբյեկտների մեջ մրցակցությունը զարգացման գլխավոր նախապայմաններից դարձավ: «Տեղական ինքնակառավարման մարմինների ուժն ու ազդեցությունը տարբեր երկրներում արտացոլում է գոյություն ունեցող քաղաքական ռեժիմի ժողովրդավարության աստիճանը: Այդ մարմինները առաջացան որպես ուղիղ հակակշիռ կենտրոնի բացարձակ իշխանության: Այս պատճառով նրանք շատ հաճախ վերածվում են ընդդիմության կենտրոնական կառավարությանը» («Կոնստիտուցիոննոյե պրավո զարուբեժնիխ ստրան», 2004, Մոսկվա):
Փաշինյանի այն տեսակետը, թե երկրի ժողովրդավարական լինելը որոշվում է Սահմանադրության 2-րդ հոդվածով՝ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին», խաբկանք է, քանի որ ամենաբռնապետական երկրներում էլ կհանդիպենք նման հոդված, Սովետի Սահմանադրությամբ էլ էր իշխանությունը ժողովրդին պատկանում, բայց 6-րդ հոդվածով այդ իշխանությունը տրվում էր Կոմկուսին: Թե ում է պատկանում իշխանությունը, կիմանանք ոչ թե Սահմանադրության մեջ գտնելով այդ հարցի պատասխանը, ինչպես վստահ է Փաշինյանը, այլ՝ թե ինչպես, ինչ մեխանիզմներով է պատկանում: Արժե հիշել դեռեւս պատմություն չդարձած 95 թվի Սահմանադրության նախագահի, կառավարման եւ դատական համակարգի բաժինները՝ պարզ դարձնելու համար, որ իշխանությունը ոչ թե ժողովրդին էր պատկանում, այլ՝ մի մարդու, եւ այդ մեկը նախագահն էր. նա է նշանակում եւ ազատում նախարարներին, վարչապետին (սա էլ մարզպետներին), գլխավոր դատախազին, նրա տեղակալներին եւ դատախազության ստորաբաժանումների գլխավոր դատախազներին, Երեւանի քաղաքապետին, նշանակում է բոլոր դատական ատյանների նախագահներին ու դատավորներին, Սահմանադրական դատարանի անդամներից չորսին ու նախագահին, կարող է դադարեցնել դատավորների լիազորությունները, նրանց կալանավորելու համաձայնություն տալ, նշանակումներ կատարել քաղաքացիական պաշտոններին, կարող է արձակել Ազգային ժողովը եւ այլն: Այդ մի մարդու նշանակած դատական եւ իրավապահ համակարգն էլ որոշում էր՝ ընտրությունները կեղծվե՞լ են, թե ոչ, հանցանք կատարվե՞լ է, թե ոչ: Եւ Տեր-Պետրոսյանի, ու այլ քաղաքացիների «հանցագործ վարչակազմ» որակումը՝ ուղղված ներկա իշխանություններին, առաջանում է հենց նման Սահմանադրության պայմաններում, երբ վերեւից կախված դատարանը, դատախազը անկարող են որոշել հանցանքը, ու նրանց փոխարեն դա անում են ուրիշները: Բրգաձեւ համակարգն արդեն ձեւավորվում էր 91 թվականի նախագահական ընտրություններից հետո, սակայն իր իրավական հաստատումը ստացավ 95-ին: Մինչ այդ դեռեւս հնարավոր էր, որ տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրվեր ընդդիմադիր գործիչ. այդպես 1991 թվին Աշտարակի քաղաքապետ (գործկոմի նախագահ) ընտրվեց դաշնակցական Հովհաննես Սուքիասյանը, սակայն արդեն ձեւավորվող բուրգը չէր կարող հանդուրժել իշխանության մեջ օտար մարմին, եւ նրան 92թ. սպանեցին: Միայն իշխանափոխությունից հետո բացահայտվեց հանցագործությունը, սակայն 2000-ին դատապարտվեցին միայն կատարողները, թեեւ բազմաթիվ վկայություններ կային, որ սպանությունը պատվիրել են ՀՀՇ-ի վերնախավի բարձրաստիճան պաշտոնյաներ: Սահմանադրությամբ փակվեց ընդդիմադիր գործչի՝ որեւէ պաշտոնում ընտրվելու ճանապարհը:
Էջանիշներ