Թեեւ 2005թ. փոփոխություններով որոշ չափով ժողովրդավարացել է Սահմանադրությունը, մի մարդուց կախված իշխանությունը մի փոքր տրոհվել, լիազորությունները որոշ չափով բաժանվել են նախագահի եւ ԱԺ-ի մեջ, սակայն թե ինչպես կգործեն այս փոփոխությունները, դեռեւս դժվար է ասել, մանավանդ որ` ԱԺ վերջին ընտրություններն անցան նախկին Սահմանադրության սցենարով, իսկ ընտրական համակարգը մնացել է ուղղահայաց: Իհարկե, բուրգը ձեռնտու է նրա վրա նստածին, եւ այս փոփոխությունները ոչ թե իշխանության կամքի, այլ Եվրախորհդի ճնշման արդյունք էին: Միակ ակնհայտ առաջընթացն այն է, որ Սահմանադրական դատարան դիմում են ոչ միայն պետական մարմինները, ինչպես նախկինում էր, այլեւ օմբուդսմենն ու քաղաքացիները: Բայց իշխանության մասնակի տրոհումը եղավ բուրգի վերին մասում, այն շատ չտարածվեց, միայն Երեւանի բախտը բերեց: Տեղական ինքնակառավարման ոլորտում կոսմետիկ փոփոխություններով՝ ընտրված համայնքապետին ոչ թե մարզպետի միջնորդությամբ կառավարությունը կարող է պաշտոնանկ անել, ինչպես նախկինում, այլ՝ ՍԴ եզրակացության հիման վրա: Այսուհանդերձ, տեղական մարմիններն ազատություն չստացան, նրանք կախված են նշանակովի մարզպետներից: Ինչպես քաղաքագետ Երվանդ Բոզոյանն է գտնում, իրական ժողովրդավարության համար անհրաժեշտ են ավելի արմատական փոփոխություններ Սահմանադրության մեջ, առաջին հերթին մարզերը դառնան ինքնակառավարվող, ունենան ներկայացուցչական մարմիններ, բյուջե, մարզպետներն ընտրովի դառնան, այսինքն՝ գործադիր մարմինները շատանան. մարզպետը դառնում է մարզի ֆեոդալը կախված թագավորից՝ նախագահից: «11 մարզերը 11 տոտալիտար տարածքներ են, եւ նշանակված մարզպետը, որ կառավարությունից մարզին տրված փողի կրողն է ու զոն նայողը, ինչ ասես կարող է անել համայնքապետի գլխին, - ասում է նա: - Խոսել Հայաստանում դեմոկրատական զարգացման մասին՝ առանց ապակենտրոնացված համակարգի մասին մտածելու, նոնսենս է: Ապակենտրոնացումից կառաջանա դեմոկրատական շարժում, դեօլիգարխիզացիայի պրոցես, հասարակության ակտիվացում, նա այդ ժամանակ կդնի ռացիոնալ խնդիրներ, այդտեղից կառաջանա առողջ քաղաքական մրցակցություն եւ համակարգ, կճյուղավորվի իշխանությունը եւ ընտրությունները կեղծելու խնդիրը կդառնա բարդ, քանի որ իշխանությունը չի լինի կենտրոնից կախված (եթե տեղական համակարգը կենտրոնի նշանակածն է, ապա հսկողությունը վերեւից տարածվում է ներքեւ ամեն ինչի վրա, նաեւ վերեւից կառավարելի է դառնում ընտրությունների ընթացքը), տեղական մարմինները շահագրգռված կլինեն, որ բիզնեսը ոչ միայն կենտրոնում՝ Երեւանում, այլեւ մարզերում զարգանա: Օրինակ` եթե Շիրակի մարզպետը լինի ընտրովի, մարզը բյուջե ունենա, ապա մարզի բնակիչն էլ կստանա ինքնության ավտոնոմ էլեմենտ, եւ այդ էլեմենտը կբերի տեղային գիտակցության կուլտուրա, որը Հայաստանում չկա: Իսկ քանի դեռ միակ մարդուց է կախված երկրի բարեփոխումը` միայն նախագահից, որ իր գերիշխանությամբ թագավոր է, եւ մարդիկ նախագահական ընտրություններին գնում են մտածելով լավ թագավոր ունենան` դեմոկրատական զարգացում չի կարող լինել: Մի օրինակ` Իսպանիայում միակ մարդու՝ Ֆրանկոյի իշխանությունից հետո 1978 թ. Սահմանադրությամբ կենտրոնացված իշխանությունը ապակենտրոնացվեց, ստեղծվեցին 17 ավտոնոմ մարզեր: Իսկ Ֆրանսիայում, որի քաղաքական համակարգի հետ սիրում են համեմատվել 95-ի Սահմանադրության կողմնակիցներն ու հեղինակները, երեք տիպի տարածքային ընտրովի ինքնակառավարումներ կան` ռեգիոն, դեպարտամենտ, կոմունա (վերեւից ներքեւ): 82 թվականի ռեֆորմով կառավարության ներկայացուցիչները տեղերում դադարեցին իրականացնել տեղական գործադիր մարմնի ֆունկցիաներ, եւ նրանք անցան ընտրովի ներկայացուցչական ժողովներին ու նրանց ստեղծած գործադիր մարմիններին: Իսկ այստեղ դեռեւս որեւէ «Ծըգըլ», առանց իշխանության դաբրոյի, չի կարող «ընտրվել» համայնքապետ ու «գործադիր իշխանություն իրականացնել», նրանք բոլորը իշխանության կուսակցություններից են կամ իշխանության տանիք ունեցողներ, ինչպես Աջափնյակի համայնքապետը, որ գլխավոր դատախազի եղբայրն է: Այս իրավիճակում, բնականաբար, համայնքները ինքնուրույն որոշումներ ընդունող մարմիններ չեն, նրանց գործադիր ֆունկցիան ծառայում է միայն համայնքապետի անձնական շահին: Այլ կերպ ասած` չի աշխատում ժողովրդավարության կարեւոր սկզբունքը՝ քաղաքացու ու պետության կապը, քաղաքացու մասնակցությունը կառավարմանը: Ինչպես գրում է մի քաղաքագետ, գործող տեղական ինքնակառավարումը ապահովում է անհատական նախաձեռնության զարգացումը: Հայաստանում այդ նախաձեռնությունը ոչնչացված է, եւ երկրի փրկությունը կախված չէ այն մի մարդու նախաձեռնությունից, որը երկրի շարքային քաղաքացին է:

Փաշինյանը դեռեւս կարող էր «չանհանգստանալ», քանի որ գործադիր մարմինը իրականում մեկն է մնացել, ուրեմն ի՞նչն է նրան զայրացնում, սահմանադրական փոփոխության հեռանկա՞րը, որ կարող է ի դեմս Երեւանի նոր գործադիր մարմին առաջանալ: Իսկ ի՞նչ կլինի, եթե քաղաքապետը ընտրովի դառնա: Ինչպես ծանոթներիցս մեկն է ենթադրում, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանն այսօր հանգիստ կարող է ասել. «Ես կատարում եմ այն մարդու պատվերը, ով ինձ նշանակել է` երկրի նախագահի, թող քաղաքապետին ընտրած լիներ ժողովուրդը, նրա ուզածը կանեի, ուրեմն մի զարմացեք, որ երեւանցիների շահերի դեմ եմ գործում ու կենտրոնի բնակիչներին զրկում սեփականությունից, նրանք չեն ինձ նշանակողները»: Այսինքն՝ քաղաքապետի անկախության աստիճանը, նրա ընտրված լինելը ուղիղ համեմատական է քաղաքացիների շահերի կատարմանը:

95-ի Սահմանադրությունը, մենաշնորհացնելով ամբողջ իշխանությունը, իր հետ բերեց մենաշնորհ այլ ոլորտներում՝ տնտեսության, կրոնի, լրատվության, մշակույթի, եւ վերացավ զարգացման գլխավոր խթանը՝ մրցակցությունը: Այս իրավիճակում, երբ հասարակական շարժումը որեւէ դեր չի կարողանում ունենալ որոշումներ ընդունելու վրա, վերածվում է իշխանության՝ Սահմանադրության պրոյեկցիայի, հասարակական կազմակերպությունները՝ պետության մինի մոդելների, նույնատիպ կենտրոնացված համակարգով, որին մնում է միայն գրանտային ծրագրերով փող աշխատել հասարակական գործունեության անվան տակ (հայտնի հ/կ-ներից դժվար է գտնել մեկը կամ երկուսը, որտեղ ստեղծման պահից նախագահի փոփոխություն է եղել): Այս Սահմանադրության պաշտպանների հիմնական փաստարկն այն էր, որ երկիրը պատերազմական իրավիճակում պետք է մի կենտրոնացված մարմնի պատասխանատվությամբ շարժվի, սակայն Սահմանադրությունն ընդունվեց զինադադարից հետո, երբ չկար պատերազմ, եւ հետո՝ ժամանակակից պատմությունը ցույց է տալիս, որ հաղթանակ են տանում առավել ժողովրդավարական, ապակենտրոնացված համակարգերը՝ պակաս ժողովրդավարական կամ բռնապետական երկրների նկատմամբ, ինչպես Մեծ Բրիտանիան հաղթեց Արգենտինային, եւ Իսրայելը՝ արաբական տերություններին: Ուրեմն 95թ. Սահմանադրությամբ ստեղծվեց մի ամբողջական ուղղահայաց հակաժողովրդավարական համակարգ, որի ճարտարապետը Տեր-Պետրոսյանն էր: Քանի որ երկիրը պատկանում էր մի մարդու եւ ոչ թե ամբողջ ժողովրդին, հետեւաբար մեկ ուրիշը այդ մի մարդուց կարող էր վերցնել այն, որն էլ եղավ 98 թվի հեղաշրջմամբ: Այսպիսով, Քոչարյանը դարձավ իր նախորդի ստեղծած համակարգից օգտվողը եւ ոչ թե ստեղծողը: Իհարկե, մարդիկ փոխվելու հատկություն ունեն, եւ կարելի է ենթադրել, որ Տեր-Պետրոսյանը վերանայել է պետության կառուցվածքի մասին իր հայացքները, սակայն նա իր ելույթում չքննադատեց իր ստեղծած համակարգը եւ միայն խոսեց իր ռեժիմի ձեռքբերումներից: Իսկ նրա գաղափարական խոսափող «Հայկական ժամանակը», 95-ի Սահմանադրության պաշտպանությամբ, ցույց է տալիս, որ նախկին թիմը ոչ միայն գաղափարական փոփոխություն չի կրել, այլեւ հպարտանում է ու պաշտպանում իր ստեղծած հակաժողովրդավարական համակարգը: «Իմփիչմենթը» կարծես մարզանք էր Տեր-Պետրոսյանի առաջադրումից առաջ, որի միակ ծրագիրը մարդկանց փոխարինելն էր՝ Սերժ Սարգսյանին ու Քոչարյանին՝ Տեր-Պետրոսյանով, եւ ոչ թե գաղափարական պայքարը: Իսկ եթե անձին անձով պետք է փոխարինել, ապա սովորական բնակչի համար ինչ կարեւոր է, թե մարզպետին ով է նշանակում, կամ դատարանի անարդար վճիռը Տեր-Պետրոսյանի՞ կարգադրությամբ է, թե՞ Քոչարյանի կամ Սարգսյանի: Ուրեմն Փաշինյանն ասելով «ոչ դոդացմանը», իրականում ինքը չէ՞ր փորձում դոդացնել քաղաքացիներին` հավատացնելով, որ «երկրի փրկությունը կախված է մի մարդուց, եւ այդ մարդը դու ես», բայց իրականում նկատի ունենալով, որ այդ մեկ մարդը Տեր-Պետրոսյանն է: