Նոյեմբերի 16-ին Երեւանի Ազատության հրապարակում
տեղի ունենալիք հանրահավաքի կազմակերպիչներ` ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՙՀանրապետություն՚ կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանը նախօրեին կոչ են հղել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որ ներկայացնում ենք ստորեւ. ՙՍիրելի հայրենակիցներ. ս/թ նոյեմբերի 16-ին` ժամը 17-ին, ձեզ հրավիրում ենք Ազատության հրապարակ՝ մասնակցելու մեր կազմակերպած հանրահավաքին։ Ինչպես նախորդ հանրահավաքի նախօրյակին, իշխանության ներկայացուցիչները՝ ոստիկանները, թաղապետարանների աշխատակիցները, հարկային տեսուչները, կփորձեն սպառնալիքներով, անօրինական ստուգումներով, վարչարարական ճնշումներով ձեզ ետ կանգնեցնել առաջիկա հանրահավաքին մասնակցելու մտքից։ Այդ մարդիկ պետք է գիտակցեն, որ անհատական պատասխանատվություն են կրում իրենց յուրաքանչյուր գործողության համար, եթե անգամ կատարում են իրենց վերադասների ապօրինի հրահանգները, եւ խոսքը ոչ թե քաղաքական, այլ քրեական պատասխանատվության մասին է։ Խնդրում ենք` ձեր դեմ կիրառվող բոլոր բռնարարքների, ահաբեկումների, վարչական, տնտեսական եւ հարկային ճնշումների մասին կազմել կոնկրետ եւ մանրամասն տեղեկանքներ եւ ուղարկել ՙԱրմատ՚ կենտրոն (Երեւան, Բուզանդի 26) կամ ՙՏեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնության գրասենյակ՚ (Երեւան, Եկմալյան 16)։ Թող ժողովրդի կամքի վրա բռնացող ոչ մի ոստիկան, հարկային տեսուչ, համայնքապետարանի աշխատակից կամ թաղային հեղինակություն չկարծի, որ չորս ամիս հետո խուսափելու է քրեական պատասխանատվությունից։ Իշխանությունների կողմից հանրահավաքը խոչընդոտելուն ուղղված ջղաձիգ քայլերը ցույց են տալիս, որ քոչարյանասերժական ռեժիմը վախեցած է ոչ այլ ինչից, եթե ոչ խոսքից։ Խոսքից վախենում են միայն այն ժամանակ, երբ այն ճշմարիտ է։
Իսկ ճշմարիտ խոսքը նշանակում է, որ մեր գործն էլ է ճշմարիտ։ Ուրեմն՝ բոլորս դեպի Ազատության հրապարակ։
Հանրահավաքի կազմակերպիչներ`
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆ՚
www.hzh.am
Էջանիշներ