Որպես գրառմանս հնչած արձագանքների պատասխան, կասեմ հետևյալը:
Այսօր ոչ ոք չի կասկածում, որ Վազգեն Մանուկյանը մեծ հայրենասեր է:
Այսօր ոչ ոք չի կասկածում, որ Վազգեն Մանուկյանն ունի վերլուծական միտք:
Այսօր ոչ ոք չի պատրաստվում հերքել այն վիթխարի գործը, որ Վազգեն Մանուկյանն արել է մեր երկրի համար:
Բայց հարցը սրա մասին չէ: Արդյո՞ք Վազգեն Մանուկյանն ավելի մտահոգ է երկրի ճակատագրով, քան մի շարքային հայրենասեր (կամ ոչ շարքային, այլ ավելի մեծ, ավելի նվիրյալ): Չեմ կարծում: Կարծում եմ, որ ամեն մեկս էլ խիստ մտահոգ ենք մեր երկրի ճակատագրով: Վազգեն Մանուկյանն իսկապես ունի վերլուծելու մեծ ունակություն: Գիտեմ, որ մաթեմատիկոս է: Ուրեմն կկարողանա ինքնուրույն դնել ու
հաշվել 1996 թվականին ստացած իրական թե ոչ իրական ձայները և դրանից հետո 1998-ին ստացած ձայները, ապա 2003-ին ստացած ձայները: Ես Վազգեն Մանուկյանին անձամբ չեմ ճանաչում, ճիշտ այնպես, ինչպես և չեմ ճանաչում Լևոն Տեր-Պետրոսյանին, շարժման տարիներին շատ փոքր եմ եղել իսկ հետագայում չէի կարող լուրջ և ինքնուրույն դատել ընտրությունների մասին: Միայն հիմա, այս տարիքում կարող եմ ինքնուրույն վերլուծել և հեռվից նայել թե ինչ է եղել բոլոր այս տարիներին: Ես եկել եմ այն եզրակացության, որ Վազգեն Մանուկյանն անշուշտ ունի իրեն նվիրված, իրեն հավատացող, գաղափարները կիսող, լուրջ ընտրազանգված: Բայց այդ ընտրազանգվածը, դժբախտաբար, ճիշտ այնքան է, ինչքան Վազգեն Մանուկյանը ձայներ է շահել 1998-ի և 2003-ի ընտրություններին: 1996 թվականի ընտրություններին նրան ձայն տված մարդկանց մեծ մասը ընդամենը ուզում էր քվեարկել Լևոնի դեմ, «գործիք» դարձնելով Մանուկյանին: Կարծում եմ, որ Վազգեն Մանուկյանը, վիրավորվելու փոխարեն, պետք է կարողանա այսքանը հաշվի առնել և ճշգրիտ հաշվարկել իր ունեցած ընտրազանգվածը: Ավելին, ենթադրում եմ, որ Վազգեն Մանուկյանի հայրենասիրությունը և պետությանն անմնացորդ նվիրվելու ցանկությունը շատ հաջող, իրենց օգուտի համար կարողացել են օգտագործել այլ ուժեր (դա կլինի ՀՅԴ-ն, թե իր կուսակցությունը ժողովրդին հռչակած Քոչարյանը կամ մեկ ուրիշը): Եթե խոսում են ամբիցիաների մասին, նկատի ունեն այն հանգամանքը, որ Մանուկյանը սա չի կարողանում հաշվել, մեղադրում է Տեր-Պետրոսյանին ռևանշիզմի մեջ, մոռանալով, որ երբ Տեր-Պետրոսյանը տանը նստած իր «Խաչակիրները և հայերը» գիտական աշխատանքն էր գրում և բացահայտ մտադրություններ ցույց էլ չէր տալիս մեծ քաղաքականություն վերադառնալու, այդ նույն ռևանշիզմի մեջ արդեն տասը տարի է նրան մեղադրում էին նույն Վազգեն Մանուկյանը, Արշակ Սադոյանը, Շավարշ Քոչարյանն ու մյուսները: Մենք հոգնել ենք դա լսելուց: Կարծում ենք, որ Տեր-Պետրոսյանի ժամանակ եղել են սխալներ և մեծ սխալներ: Եղել են կադրային վատ նշանակումներ, բայց Վազգեն Մանուկյանը եղել է վարչապետ, հավաքել է իր կաբինետը, նշանակել է նախարարներ: Դրանց մեջ եղել են և շատ լավ նախարարներ և շատ վատերը և նույնիսկ այնպիսիք, որ փողերն առած փախել են Հայաստանից: Դրանում մեզնից ոչ ոք չի մեղադրում Վազգեն Մանուկյանին, որովհետև հավատում ենք, որ ամենալավ ձգտումներով էր իր ընկերոջը նշանակել նախարար, վստահել էր նրան և իր մեղքը չէր, որ իր կողքին հայտնվեցին նաև բազմաթիվ պատեհապաշտներ: Նույն Վազգեն Մանուկյանը թող տեսներ, թե իր մտերիմ զինակից ընկերները՝ Դավիթ Վարդանյանը, Շավարշ Քոչարյանը, Արշակ Սադոյանը, Սեյրան Ավագյանը և մյուսները որտեղ են: Մեկը պաշտոն ստացավ, մյուսը դարձավ ընդդիմադիր հենց նաև Մանուկյանին, երրորդ անհայտ է, թե ու՞մ խաղն է խաղում: Ի՞նչ երաշխիք ունենք, որ Վազգեն Մանուկյանը նախագահ դառնալու դեպքում այդպիսի կադրային սխալներ չի անի: Կարծում եմ, որ Մանուկյանն ինքը գոնե այդ հարցում իրավունք չունի մեղադրելու Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչն անում է միշտ նաև այս անգամ էլ խոսելով թիմի մասին:
Եթե վերադառնանք Ղարաբաղի խնդրին, ապա ո՞վ ասեց, որ մեզնից որևէ մեկը հստակ պատկերացնում է թե ինչպե՞ս պետք է լուծվի այդ բազմաչարչար հարցը: Մի բան պարզ է. ոչ ոք, ոչ Վազգեն Մանուկյանը, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը կամ նույնիսկ Արամ Կարապետյանը չեն պատրաստվում Ղարաբաղը ծախել, հանձնել կամ որևէ նման բան: Խնդիրն այստեղ
քաղաքականության մեջ է, թե ով ինչպես կկարողանա միջազգային հանրության կարծիքը այս պահին փոխել հոգուտ Ղարաբաղի: Ամենակարևորը, որ պիտի արվեր Ղարաբաղի համար, չի արվել. Ղարաբաղը չպետք է հայաթափվեր, հակառակը՝ մեր բոլոր հնարավորությունները պետք է օգտագործվեին այնտեղ գյուղեր շենացնելու, մարդկանց ապահովելու համար: Դրա փոխարեն ստեղծվեցին բոլոր հնարավորությունները որ Ղարաբաղցիները ինքնակամ լքեն իրենց երկիրն և գնան Ռուսաստան կամ գան Հայաստան: Սա մեր ամենամեծ պարտությունն է, գոնե իմ կարծիքով և դրանում մեղավոր են, ճիշտն ասած, այսօրվա իշխանությունները, այլ ոչ թե նախկին, որովհետև ինձ էլ քաջ հայտնի է, որ մենք այստեղ ապրում էինք շատ սուղ պայմաններում, որպեսզի վերականգնվեր պատերազմից ավերված Ղարաբաղը և դա ճիշտ քաղաքականություն էր: Երբ խոսում են, և հիմնականում խոսում են Վազգենականները, մթի և ցրտի մասին, ես կարծում եմ, որ Հայաստանի յուրաքանչյուր ազնիվ և մտածող քաղաքացի վիրավորվում է, որովհետև մենք թիկունք էինք և այնքան արիություն ունեինք, որ դիմացանք այդ ամենին, որպեսզի պատերազմում հաղթեինք: Երգեր պետք էր գրվեր ոչ միայն նրանց հասցեին, ովքեր պատերազմի դաշտում էին, այլև նրանց մասին, ովքեր թիկունքում էին, դիմանում էին զրկանքներին՝ հանուն Արցախի ազատագրման: Նսեմացնել այդ ամեն ինչը, նշանակում է կամ ոչինչ չհասկանալ, կամ թշնամու ջաղացին ջուր լցնել և ցույց տալ մեր թուլությունը: Մենք թույլ ազգ չենք: Ճիշտ է, ես չեմ համարում, որ համաշխարհային ազգ ենք, ինչպես ասում է Վազգեն Մանուկյանը, բայց նաև այնքան թույլ չենք և անկամ, որ ենթարկվենք նորանոր սադրանքներին:
Ես այնքան մեծամիտ չեմ, որ կարծեմ, թե կարող եմ կամ իրավունք ունեմ խորհուրդներ տալ Վազգեն Մանուկյանին, քանի-որ իսկապես համարում եմ, որ նա ինձնից անհամեմատ խելացի և հայրենասեր է, պարզապես ես շատ կուզեի, որ Վազգեն Մանուկյանը կարողանար իր մեջ ուժ գտնել և կանգնել Լևոնի կողքին, իրեն իսկապես նվիրված ընտրազանգվածով և տար հնարավորություն, որ Լևոնը կարողանար գոնե ինչ-որ չափով կարգավորել եղածը ու հեռանար արժանավայել և այդ դեպքում, հավատացած եմ, որ 3 տարի անց Լևոնի ողջ ընտրազանգվածը կկանգներ Մանուկյանի կողքին, որովհետև ինչ էլ որ ասի պարոն Մանուկյանը, նրանց միավորող շատ ավելին է, քան բաժանողը և դա հասկացավ նաև ու կոչ արեց միավորվելու նրանց ավագ ընկերը՝ լուսահոգի Ռաֆայել Ղազարյանը:
Ես շատ ցավում եմ, որ նետված բազմաթիվ արտաքին ու ներքին մարտահրավերների պարագայում նորից իրար դեմ դուրս են գալիս հին մարտական ընկերները, որովհետև կողմերից մեկը չի ուզում մյուսին ներել և սովորական քաղաքացիներն էլ, ում համար հայրենիքը տարածք չէ, ուղղակի ապրելու վայր չէ, այլ հայրենիք՝ այդ բառի իսկական իմաստով, ընկել են երկու քարի արանքը, որի շնորհիվ, ցավոք, իշխանության կգա երրորդ ուժը:
Կարծում եմ, որ մեր խնդիրը այսօր շատ հստակ է. անկախ նրանից, թե մենք ում ենք համակրում, պիտի կարողանանք տարանջատել մեր քաղաքական հայացքները ընկերական շփումներից և հասկանանք, որ բոլորիս հայրենիքը մեկն է, նաև այն երկուսի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Մանուկյանի պայքարի շնորհիվ ձեռք բերած ազատ, անկախ Հայաստանը:





Մեջբերել
Էջանիշներ