Պետք չէ թաքնվել մարդու իրավունքների կարգախոսի տակ: Երբ մեր իշխանությունները Եվրախորհրդի պարտադրանքով վավերացրին կրոնական օտարածին խմբերի անարգել մուտքը Հայաստան` նրանք հայ հասարակությանը հուսադրում էին, թե կձևավորվի այնպիսի օրենսդրական դաշտ, որով հնարավոր կլինի ապահովել կրոնական կառույցների պետական վերահսկողությունը, և որ ամենակարևորն է` նրանց թույլ չի տրվի ազգային անվտանգությունը խարխլող գործունեություն ծավալել: Խոստացված օրենսդրական դաշտը չստեղծվեց: Անգամ չբարեփոխվեց Կրոնի մասին անկատար օրենքը, որն իր անլիարժեքությամբ ասես կանաչ լույս վառեց աղանդավորական քայքայիչ գործունեության առաջ: Եվ այսօր իրողությունն այն է, որ կրոնական կառույցներն ամբողջությամբ դուրս են մղված վերահսկողության դաշտից, պետական ոչ մի մարմին իրավասություն չունի նրանց հետևելու: Իսկ քանի դեռ ապահովված չէ նրանց գործունեության թափանցիկությունը, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Հայաստանը զերծ է աղանդների քայքայիչ ազդեցությունից: Կրոնական օտարածին կառույցների ներհոսքը Հայաստան, անշուշտ, իրագործվեց Եվրոպայի թեթև ձեռքով: Բայց չմոռանանք, որ նրանց հետագա ակտիվացման հարցում ինքներս մեղքի բաժին ունենք` մեր անտարբերության, անհեռատեսության, մասամբ էլ` ստրկամտության պատճառով: Եվրախորհուրդը մեզ պարտադրեց գրանցել կրոնական կազմակերպություններին (դա մասնավորապես վերաբերում էր Եհովայի վկաների գրանցմանը), բայց նույն ԵԽ-ն հաջորդ կետով իսկ առաջարկեց ստեղծել մի անկախ մարմին, որն զբաղվելու էր կրոնական կառույցների գործունեության մասին տեղեկատվության հավաքմամբ և դրանք պետական մարմիններին տրամադրելով: Այս քայլն անշուշտ պետությանը հնարավորություն կտար վերահսկիչ աչքը նրանց վրա պահել: Իսկ ի՞նչ արեցինք մենք. նախ ստրկամտորեն շտապեցինք կատարել ԵԽ-ի առաջին պահանջը, մինչդեռ այն, ինչը բխում էր մեր երկրի շահերից` անտեսեցինք ու մոռացանք: Այդպես էլ չստեղծվեց կրոնական կառույցների գործունեությունը վերահսկող անկախ մարմինը: Խղճի ազատության հովանավոր Եվրոպան, որ արդեն վաղուց իր վրա զգում է աղանդավորների ավերիչ ներգործությունը, վերջին տասնամյակում ստիպված է եղել մի շարք զսպիչ օրենքներ ու հռչակագրեր ընդունել: Դրանցից է նաև 1999ին վավերացված Եվրոպական պետությունների համընդհանուր հռչակագիրը, որով այդ երկրներին առաջարկվում է միջոցներ ձեռնարկել մարդկանց իրավունքները քայքայիչ աղանդների ոտնձգություններից պաշտպանելու համար: Հռչակագիրը նաև հնարավորություն է տալիս մերժել նրանց` կրոնական կազմակերպության կարգավիճակ ստանալու պահանջը (դա ենթադրում է հարկային և իրավական արտոնություններ): Սակայն աղանդավորական ցանցի մեջ հայտնված մեր երկիրն ամենևին ուշադրություն չի դարձնում այս հռչակագրի դրույթներին: Փոխարենն ահ ու դողով մի բան ենք մտածում` հանկարծ թթու խոսք չասենք կրոնական կառույցների հասցեին, թե չէ հանկարծ կարժանանանք նրանց միջազգային աղմուկին: Եվ այսօր ստղծվել է մի այնպիսի վիճակ, որ եթե հանկարծ երկրի իրավասու մարմինները համարձակվեն ո՜չ թե մեղադրել, այլ ընդամենը կասկած հայտնել աղանդավորական այս կամ այն կառույցի կողմից մեր երկրում իրականացվող վտանգավոր քարոզչության մասին` եվրոպաներում մի այնպիսի սարսափելի աղմուկ կբարձրացնեն, թե` եկեք, փրկե՜ք, Հայաստանում ճնշում են մեզ, բռնանում են մեր իրավունքների վրա: Հետևանքն էլ կլինի այն, որ մի օր էլ եվրոպական որևէ կառույցում ի հայտ կգա Հայաստանի ժողովրդավարության մակարդակը կասկածի տակ դնող հերթական զեկույցը… Հատկանշական է, որ մեզանում կրոնական կառույցներին առնչվող քննարկումները սովորաբար ընթանում են մարդու իրավունքների և խղճի ազատության հոլովույթում: Հաճախ աղանդավորական կառույցների նկատմամբ հասարկության վերաբերմունքով է փորձ արվում չափել երկրի ժողովրդավարության մակարդակը: Սրանից օգտվելով է, որ կրոնական կառույցները ճարպկորեն թաքնվում են մարդու իրավունքների մասին բարձրաձայնող կարգախոսների հետևում: Հասկանալի է, որ այս վտանգավոր ուղղորդումները թելադրվում են դրսից, բայց անհասկանալի է, թե ինչու ենք մենք անվերջ կուլ տալիս դրսի խայծը: Մինչդեռ կրոնական կազմակերպությունների խնդիրը հարկ է դիտարկել ոչ թե մարդու իրավունքների, այլ հենց երկրի ազգային անվտանգության տեսանկյունից: Անգամ ժողովրդավարական Եվրոպայում, եթե կրոնական տվյալ կառույցն ազգային անվտանգության առումով դիտվում է վտանգավոր, նրա գործունեությունը միանշանակորեն դադարեցվում է: Այսկերպ Ֆրանսիայի իշխանությունները երկրից վտարեցին «Եհովայի վկաներ» կոչվող կրոնական կառույցը: Հայերս, որ այնքան սիրում ենք ընդօրինակել Եվրոպային, չգիտես ինչու` այս հարցում չենք ուզում նրա օրինակին հետևել: Բայց այն ավերը, որ մեր երկրում իրականացնում են աղանդավորական «հրոսակները», այլևս պարտավորեցնում է հայտարարել, որ դրսից ներմուծված կրոնական կազմակերպությունների գործողությունները Հայաստանում հասել են այնպիսի ծավալների, որ վտանգում են ազգային անվտանգությունը: Ընդամենը մեկ օրինակ. եթե Եհովայի վկաների գաղափարախոսության առանցքում տվյալ երկրի հասարակական, պետական ինստիտուտներին չենթարկվելու և երկրի սահմանադրությունը մերժելու քարոզչությունն է, ի՞նչ է սա, եթե ոչ ազգային անվտանգությունը խաթարող վարվելակերպ: Այնպես որ ժամանակն է վճռականություն հանդես բերել ու գործնական քայլեր ձեռնարկել քայքայիչ աղանդների գործունեությունը մեր երկրում վերջնականապես դադարեցնելու համար:
Էջանիշներ