...Այսպես կասեր թավ ձայնը, և ունկնդիրներին կթվար, թե նա ին-որ տեղից ծանոթ է իրենց, բայց նրանք դեռ չէին ճանաչի ճամփորդին, և երիտասարդի մի ձայն նորից հարց կտար.—
—Ո՞ՐՆ Է ՔՈ ԵՐԿԻՐԸ, ՃԱՄՓՈՐԴ…
Բայց ճամփորդն իսկույն չեր ասի, թե իր երկիրը Հայաստանն է. այդպես հետաքրքիր չէր լինի և դա չէր վայելի տասնյակ դարերի պատմություն ունեցող մի երկրի ու ժողովրդի զավակի։
Նա ուշադիր կնայեր հարց տվող երիտասարդին, կլսեր նվագախմբի ու երգչախմբի խռովահույզ ձայներն ու կասեր.—

«Իմ երկիրն այն է, որ գտնվել է Բիբլիական Արարատ լեռան ստորոտում, առասպելական դրախտի տեղում, և որտեղ կյանքը դարերով դժոխքի էր նման…
Այն երկիրը, որտեղ դարեր շարունակ պատերազմ ու աղետ է ներմուծվել և արտահանվել որբ ու գաղթական, ներմուծվել ոճիր ու խավար՝ լույս ու հանճար արտահանվելով, և գազանություն ու բռնություն ներմուծվելով՝ բարություն և ազատության տենչ արտահանվել…
Քարաշատ այն երկիրը, որտեղ քարե տուն ուներ միայն Հիսուսը, և որը հաճախ չէր կարողանում մի կտոր քար դնել իր ամենից սիրելի զավակների շիրիմներին…
Իմ երկիրն այն է, որտեղ գետերը դարեր շարունակ իրենց բաշը ժայռերին են խփել, անգործությունից գազազել ու պղտորվել՝ ծարավ թողնելով մի քայլ հեռու ընկած հողերը, և նո՜ր են միայն լույս ու կանաչ դառնում…
Այն երկիրը, որի հողը դարեր շարունակ ոռոգվել է դառը քրտինքով և նոր է միայն մարդուն տալիս դարերով կուտակված իր քաղցրությունը…
Առասպելական Վահագնի պես եղեգան փողի հրից ու բոցից ծնված այն երկիրը, որը դարերով տառապել է պատերազմների չար կրակներից և նոր է միայն ջերմանում գործարանների ու հնոցիների բարի հուրերից…
Հնոց մագաղաթների ու գրքերի այն երկիրը, որն իր երեսունվեց տառերի խիզախ ջոկատով դարեր շարունակ դիմադրել է իրեն ձուլել ու ոչնչացնել սպառնացող բոլոր ոսոխներին…
Այն երկիրը, որի սկզբում լեռների մեջ կորած, իսկ ապա՝ օտար ափերում կռունկի պես թևածող երգը հիմա հասնում է արար աշխարհին…»