Ուզում եմ նորից խոսել «ընկճվել» բառի արտասանության մասին: Չնայած ես վստահ էի, որ արտասանվում է ընկճըվել, բայց ձեռքիս տակ բավարար չափով ապացույցներ չունենալու պատճառով լռեցի:
Ես որոշեցի դիմել տատիկիս, որն, ի դեպ, պրոֆեսոր է: Նա էլ հիմնավորում չգտավ, բայց շարունակեց պնդել, որ ճիշտ է ընկճըվել, և ընկըճվել ձևն անգրագիտություն է և այլն (տատիկս թեև լավ մասնագետ է, բայց շատ էմոցիոնալ է, ներեք նրան): Այնուամենայնիվ, ես խնդրեցի, որ գրավոր ապացույց գտնի, քանզի ֆորումի անդամների համար չեմ կարծում, թե պրոֆեսորի բանավոր խոսքը կանցնի: Մենք միասին բազմաթիվ բառարաններ բացեցինք: Շատերում գրված էր բառի ծագման մասին, բայց միայն մի տեղ գտանք արտասանությունը: Մալխասեանցի բառարանում բառը վանկատված էր. «ընկ-ճը»: Գրված էր նաև բառակազմությունը. «ըն-գուճ»: Մինչդեռ ոչ մի տեղ չհանդիպեցինք «ըն-կըճ» տարբերակին: