Արդեն 5 տարի է` ինչ փոխնակ (суррогат) մայրության մեթոդը կիրառվում է Հայաստանում, որպես մարդու վերարտադրողականությանը նպաստող միջոց:
«Թեև մեզանում դեռևս դժվար է ընկալվում փոխնակ մայրությունը, այնուհանդերձ մարդիկ աստիճանաբար սկսում են հավատալ և ընդունել այս մեթոդը, և դրա ապացույցն այս ճանապարհով ծնվող երեխաների տարեցտարի աճն է»,-ասում է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոևը:
Այս տարբերակն օգնում է ընտանեկան զույգին ունենալ երեխա այն դեպքում, երբ կնոջ օրգանիզմը լուրջ հիվանդության կամ արգանդի բացակայության պատճառով ի վիճակի չէ կրելու հղիություն:
Սուռոգատ մայրը կատարում է այսպես ասած` ինկուբատորի դեր` 9 ամիս իր արգանդում մեծացնելով փորձանոթում ստացված` կենսաբանական ծնողներից վերցրված սաղմը: Ծնվելուց հետո երեխան հանձնվում է կենսաբանական ծնողներին, իսկ փոխնակ մայրն իր աշխատանքի դիմաց ստանում է 10.000-12000 դոլլարին համարժեք դրամ` ՀՀ օրենքի սահմանում նախապես նոտարի մոտ կնքված պայմանագրին համապատասխան: Այս ճանապարհով երեխա ունենալ ցանկացողներին անհրաժեշտ է լրացուցիչ` նվազագույնը 5000 դոլար` տարբեր տեսակի հետազոտությունների համար:
«Երեխան բացարձակապես ժառանգական որևէ կապ չի կարող ունենալ փոխնակ մոր հետ, ուստի հետագայում մայրերի միջև հավանական խնդիրները գրեթե բացառվում են, քանի որ նախ երեխան օրինական ձևով է հանձնվել իր իսկ կենսաբանական ծնողներին, և մյուս կողմից անհրաժեշտության դեպքում բժշկագենետիկական փորձաքննությունը ևս մեկ անգամ կհաստատի այդ փաստը»,- նշում է պրոֆեսոր Գեորգի Օկոևը:
Պրոֆեսորի հավաստմամբ, փոխնակ մայր դառնալ ցանկացողները Հայաստանում շատ են, սակայն համապատասխան ստուգում անցկացնելուց հետո նրանց թիվը բավական կրճատվում է: Այսինքն, եթե ամսվա կտրվածքով դիմումները 10-ն են, ապա նրանցից բժշկական պահանջներին համապատասխանում են միայն 2-ը: Ըստ այդմ էլ՝ կենսաբանական ծնողներ դառնալու պահանջը մնում է շատ ավելի:
«Փոխնակ մայր դառնալու համար դիմող կինը պետք է լինի հոգեկան և սոմատիկ առողջ վիճակում, տարիքային սահմանը լինի 18-35-ը, ինքնուրույն ծննդաբերած մեկ կամ ավելի երեխայի առկայությունը ցանկալի է»,- ասում է պրոֆեսոր Օկոևը: Վերջինիս խոսքերով լինում են դեպքեր և այն էլ ոչ հազվադեպ, երբ փոխնակ մոր դերը ստանձնում են զույգերի հարազատները, այսինքն քույրը եղբոր համար, քույրը քրոջ կամ նույնիսկ մայրն աղջկա համար` ելնելով, իհարկե ֆինանսական վիճակից: Այս դեպքում նույնպես կնքվում է համապատասխան նոտարական պայմանագիր, բայց առանց ֆինանսական փոխհատուցման պահանջի:
Հայ Առաքելական եկեղեցին պաշտոնական որևէ դիրքորոշում չի արտահայտել այս հարցի շուրջ: Սակայն մեր հարցին ի պատասխան, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը նշեց, որ Հայ եկեղեցին ընդունելի չի համարում փոխնակ մայրությունը` համարելով այն որպես զուտ կոմերցիոն գործարք՝ դեմ բոլոր բարոյական նորմերին:
«Փոխնակ մայրությունն առաջին հերթին քայքայում է մոր եւ երեխայի սրբագույն կապը: Ցավոք, այս մեթոդով ծնվող երեխաների թիվը մեծ տարածում է գտել ողջ աշխարհում, սակայն Առաքելական եկեղեցու համար միանշանակ այն ընդունելի չէ` ելնելով Աստծո սկզբունքներին դեմ գնալու հանգամանքից »,-նշեց Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Էջանիշներ