ՍԻՐԵՐԳ
Տրցակ մը հուսամ ու տրցակ մը ուրց
բե՜ր, ձեռքերովըդ դիր զույգ քունքերուս,
խուցիս մեջ ցանե յուղեր հինավուրց:
Դափը ձեռքս առնեմ նորեն այս գիշեր,
ու ձյուն լույսին հետ հոգվույս ցրցքնե
բամբիռի ծափեր, վարդի թերթ ու շեր:
Բամբիռի ծափեր, վարդի թերթ ու շեր,
բուրյան շոգիներ համպար ու մուշկի,
որ կ'երփնազօծեն երեկվան հուշեր:
Քիչ մը թեֆարիկ, քիչ մը վարդի ջուր,
արև ծիծաղի, ծաղիկ ծամերու,
զարդոսկիներու բազմաճաճանչ հուր:
Եվ համբույր աննյութ, և համբույր անանց՝
վարդով գծգծված աննյութ շուրթերու
կուսածին այգեր՝ փաղփուն լուսացանց:
Անուրջի ցայտքեր, ըղձակաթ գիծեր,
դու՜ք, շարժուձևեր կաքավ ու պարի՝
հոգիս բանտեցիք դղյակի՜ն մեջ ձեր:
Հոգիս բանտեցի՛ք դղյակին մեջ ձեր,
ճերմակ ըստեղներ հուր դաշնամուրին.
պըղինձի թույրեր, ոսկեցոլ կայծե՜ր...:
ԱՆԱՆՈՒՆ
Վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է,
ըսե՛, մասուր ու կանանչե
ցանկապատին շուքին նստած
վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է:
Ըսպիտակ, կաթ ու մազտաքե
բուրող ծաղիկ, անունդ ի՞նչ է.
ըսե՛, քի՛չ մը գեթ չե՞ս դողար,
հովիկն անուշ երբոր փըչե...:
Հըպա՜րտ ծաղիկ, անունն ի՞նչ է
պարիկին, որ անցավ քովեդ,
հեզուկ ու սև սաթի վետվետ
ցայտք մը ձըգած իր քամակեն:
Գիտե՜ս, ծաղի՜կ, անունն ի՞նչ է
դողին՝ զոր քեզ տըվավ հովիկ,
ու ձայնին՝ որ զիս կը կանչե...:
ՎԱՅՐԿՅԱՆ
Թույլ շրշյուն մը, հետո բույր մը մշկենի.
և համրագին գիրքը ձեռքես կ'իյնա վար.
երազներու պերճուհին է ու կ'անցնի,
ու կը փոթի ծովակն հոգվույս՝ մեղմավար:
Ու կը փոթի ծովակն հոգվույս՝ մեղմավար,
և ալիք մը թևը բացած կը վազե
գրկել ափունքն իղձիս ոսկի ավազե:
Ո՜վ քաղցրությունը նայվածքին իր ծաղիկ.
ո՜վ պերճությունը գընացքին իր հըպարտ.
ճամփուն վըրա՝ իր քայլերուն հետքը վարդ՝
ուր հեշտորեն կը հածի դեռ իմ մենիկ
Սիրտըս՝ բո՜ց մը՝ մըթնշաղին մեջ անհետ...:
ԱՔԱՍԻԱՆԵՐՈՒ ՇՈՒՔԻՆ ՏԱԿ
Ծաղիկներեն հուշիկ թերթեր կը թափե
բուրումներով օծուն հովիկն իրիկվան,
հոգիներուն կ'իջնե երազ մը բուրյան,
ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս սատափե:
Աքասիաներ, գինով լույսե ու տապե,
օրորվելով մաքուր շունչ մը կը հևան.
մինչ կը ձյունե ծաղիկն իրենց հոտևան՝
զոր խոլաբար հովը գրկել կը շտապե:
Ու լույսն անոնց, անխոս հուրի՜ դյութական.
հըմայագեղ ու վարսքերով արծաթե,
շատըրվանին կ'իջնե գուռին մեջ կաթե:
Ջուրը ցայտքեն ծաղիկ ծաղիկ կը կաթե,
վըճիտ, ինչպես լույսե արցունքը մանկան,
նըվագն անոր կը հեծեծե հեշտական:
Ծաղիկներեն հովը թերթեր կը թափե
Էջանիշներ