Իրիկունը (Ըլլայի՜, Ըլլայի՜ շարքից)
Սա իրիկունն ըլլայի ես,
և հըպեի ճակատին ամեն անցորդի.
չքնաղագեղ ու նըվաղուն համուրդի
սա իրիկու՜նն ըլլայի ես:
Սա իրիկունն ըլլայի ես,
լի երգովը թռչուններուն, մարդերուն,
ու տարրերուն աղաղակովը տրոփուն՝
սա իրիկու՜նն ըլլայի ես:
Սա իրիկունն ըլլայի ես,
թույլ, նազենի, շղարշային, վարդաբույր,
ու ծըփայի զերթ ոսկեսար վարագույր
վըրան ամե՜ն հոգգի:
Սա իրիկունն ըլլայի ես,
լի զանգակին ղողանջներուն երկնաճեմ,
խնկապատար,օծուն,ջահված ժամի պես
սա իրիկունն ըլլյի ես:
Սա իրիկունն ըլլայի ես,
իմ անդորրիս մեջ ոգևար աղջկան
մարող ճրագին բոցեր տալու իմ ցոլքես
Սա իրիկունն ըլլայի ես:
Սա իրիկունն ըլլայի ես,
լի գոռ ծափովն օվկիանի ջուրերուն,
սյուքին ծաղիկ մեղեդիքովն ակաղձուն,
սա իրիկունն ըլլայի ես:
Սա իրիկունն ըլլայի ես,
որ կը մարի սատափ բարձին վրա ցայգուն,
թոթափող վարսքը գունագող ու ծըփուն,
Սա իրիկունն ըլլայի ես:
Սա իրիկունն ըլլայի ես,
համայնական, չքնաղ, քաղցրիկ, լուսագես.
և ամենուն տայի հուրքես, ոսկիես:
Սա իրիկու՜նն ըլլայի ես:
Էջանիշներ