Այսօրվանից հարկային ստուգումներ են սկսվել Սուքիասյան ընտանիքին պատկանող ՚Բջնիՙ գործարանում: Հարկային ստուգումներ են արվում նաեւ այս ընտանիքին պատկանող մյուս ձեռնարկություններում:

ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը այս ամենը բացատրում է իր` Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին լինելու հանգամանքով:

Ա1+

Լեւոն Տեր-Պետրոսյանի սեպտեմբերի 21-ի ելույթը հեռարձակելուց հետո Գյումրու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության նկատմամբ սկսված ճնշումների ալիքը նոր դրսեւորումներ է ստացել:

Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Վահան Խաչատրյանը երեկ Գյումրի այցելած լրագրողներին հավաստիացրել է, որ իրենց բոլոր գովազդատուները հրաժարվում են գովազդ տեղադրելուց, եթե մինչ այդ ավելի քան 26 կազմակերպություն գովազդ էր տալիս «ԳԱԼԱ»-ին, հիմա մնացել են երեքը: Գովազդից զրկված «ԳԱԼԱ»-ն որոշել է գովազդին հատկացվող եթերաժամը տրամադրել ՀՀ Սահմանադրության` խոսքի ազատությանը վերաբերող դրույթների հեռարձակմանը:

Պրն Խաչատրյանը վստահեցրեց, որ հեռուստատեսություն զանգահարած բոլոր անձինք, այդ թվում ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը միաբերան պնդել են նույն բանը` «Եթեր չտալ ընդդիմությանը»: Նաեւ զգուշացրել են` «Եթե ես շարունակեմ այդ ոճով, այսինքն` եթե մեր հեռուստաընկերությունը օբյեկտիվ լուսաբանի ընտրական գործընթացները, մեզ մոտ կլինեն ստուգումներ, որի արդյունքում կլինեն տույժեր, ես կկորցնեմ Գյումրիում ունեցած իմ ամբողջ սեփականությունը եւ ստիպված կլինեմ հեռանալ Հայաստանից: Հիմա դուք որոշեք, ճնշու՞մ է դա հեռուստատեսության նկատմամբ, թե՞ ոչ... Մինչ Լ.Տեր-Պետրոսյանի ելույթը, այդ նույն շաբաթվա ընթացքում մենք եթեր ենք տվել նաեւ ՀՀԿ-ին եւ ԲՀԿ-ին վերաբերող տեսանյութեր, մեր սկզբունքն է եթեր տալ քաղաքական բոլոր ուժերին»:

Խաչատրյանը չի բացառում, որ «ԳԱԼԱ»-ն կարող են անգամ փակել, իսկ իրավապահները հնարավոր է, որ անգամ «գործ սարքեն» ու իրեն ձերբակալեն: «Իրենք արդեն թերթերում նամյոկներ են արել, որ ես նախկինում` մի 7 տարի առաջ, զբաղվել եմ բենգալյան կրակների արտադրությամբ եւ թե` Չինաստանում վերջերս պայթյուն է տեղի ունեցել ինչ-որ գործարանում, որը նույնպես զբաղվել է բենգալյան կրակների արտադրությամբ: Այսինքն` հնարավոր է, որ 7 տարի առաջ Գյումրիում ինչ-որ տեղ պայթյուն գրանցված լինի, որը համապատասխանի այն ժամանակաշրջանին, երբ ես զբաղվում էի այդ արտադրությամբ: Դրանք արդեն տեխնոլոգիաներ են, որոնց իրենք ավելի լավ են տիրապետում», - ասում է Վահան Խաչատրյանը: Լրագրողների այցի ժամանակ էլ հեռուստատեսությունում էին հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության առաջին բաժնի պետ Գագիկ Օհանյանն` իր աշխատակիցներով, որոնք անակնկալի եկան լրագրողների ներկայությունից: «Ամեն ինչը դնել քաղաքական ռելսերի վրա չի կարելի», - կարճ կապեց Օհանյանն ու ձեռքերը շփելով անցավ գործի:

Շիրակի մարզպետ Լիդա Նանյանն էլ ասաց. «Ես չգիտեմ` ինչու ա այսպես քաղաքականացվում, կամ ինչու ա այսպես պրոբլեմ ստեղծվել: Նորմալ աշխատում են` իրենք էլ, մենք էլ», - ասաց մարզպետը: Սակայն տեղեկություն կար, որ հարկայինը հայտնաբերել է, որ «ԳԱԼԱ»-ն հարկային պարտավորությունները չի կատարել, իսկ այդ ընթացքում հարկային պետական տեսչության պետի պաշտոնը զբաղեցրել է այսօրվա մարզպետը: Նանյանն ասաց. «Հնարավոր է, որ «ԳԱԼԱ»-ն վերջին 2 տարում ստուգված չլինի եւ ինչի՞, կներեք, պետք է հատուկ ստուգվեր: Մարդիկ երեւի հարկերը նորմալ ժամանակին վճարել են, բարեխիղճ հարկատու են եղել, դրա համար էլ չենք ստուգել: Ես կարող եմ հիմնավորել, թե իմ պաշտոնավարման ընթացքում ինչի չեն կատարվել ստուգումներ «ԳԱԼԱ»-ում եւ ոչ մի անհանգստանալու առիթ չունեմ»` հայտարարեց տիկին Նանյանը:

http://zhamanak.com