Պարոն Եղիայեանը այս գրառումը կատարել է արևմտահայերենի քննարկման թեմայում, բայց հարցը վերաբերում է ուղղագրությանը.
Մեջբերում Եղիայեան-ի խոսքերից Նայել գրառումը
Կռունկ ջան,
Ուրախ եմ տրամադրութեանդ համար, և իսկոյն կը կատարեմ իմ առաջարկս:
Միասնական ուղղագրութեան հասնելու ճամբուն վրայ իբրև նախաքայլ կ'առաջարկեմ.
1. Արևելահայոց կողմէ՝
Վերականգնել պատմական երեք հիմնական երկբարբառները՝ ԵԱ- ատեան, պատեան, մատեան, նայիրեան և այլն. ՈՅ- յոյն, նոյն, գոյն և այլն. ԻՒ կամ Իւ- արիւն, սիւն, ճաջիւն և այլն:
Շատ դիւրաւ ու մեքենականօրէն վերականգնելի է նաև բառավերջի Է-ն՝ Վահէ, բազէ, ափսէ:
2. Արևմտահայոց կողմէ՝
Վերացնել բառամէջի Է-ն՝ պարտէզ, աղէտ, պարէն: Գրել պարտեզ, աղետ, պարեն:
Վերացնել բառամէջի Օ-ն՝ կարօտ, պաշտօն, նարօտ: Գրել կարոտ, պաղտոն, նարոտ:
Վերացնել բառավերջի Օ-ն, որ արդէն հայերէնի մէջ գոյութիւն չունի, նաև օտար բառերու և փաղաքշական անուններու վերջէն՝ ծո, քիլո, Պորտո, Աւո, Կարո և այլն:
Տարի մը ետք կարելի է բերել բարեփոխումներու երկրորդ ցանկ մը:
Առայժմ այսքան. տեսնենք ի՛նչ կը մտածեն մեր ընթերցողները:
Կրկնեմ հասկացածս և ամփոփեմ հասկանալիքս:
մտքերս շարադրեմ մոտավորապես այսպիսի սխեմայով՝ 1. առաջարկված փոփոխությունները ո՛ր բառերին են վերաբերում (կոնկրետ այս կամ այն բառը ինչպես է գրվելու), 2. ի՛նչ է տալու այս վերափոխումը բառերի իմաստաբանական կողմը թափանցիկ դարձնելու համար (շատերն են խոսում իմաստաբանության մթագնման մասին նոր ուղղագրությունում), 3. ի՛նչ բացառություններ են սպասվում:
Առաջինը: ԵԱ-ի վերականգնումը նշանակում է յա-ի վերացու՞մ: Ազգանուններում, ածականներում (է՞լ որտեղ կա): Մի հարց ունեի՝ իսկ ինչպես գրել ձայնավորից հետո, բայց տեսա Եղիայեան ազգանվան մեջ ու հարցս թուլացավ: Բայց և այնպես, ես գիտեմ Հաննեյան ազգանունը: Սա ինչպե՞ս ենք գրելու:
Հա՛, հոլովաձևերում կա՝ արեամբ, ձյուն/ձյան՝ ձեա՞ն տակ: Այսինքն՝ ազգանուններն էլ հոլովաձև են:
Դ՛Արտանյանն ինչպե՞ս է գրվելու: Այլևս զրկվելու ենք նրան հայ համարելու երջանկությունից:
Երկրորդ առաջարկը:
ՈՅ- յոյն, նոյն, գոյն և այլն. ԻՒ կամ Իւ- արիւն, սիւն,
ույ - յու հայելաձև հակառակ երկհնչյունները դառնում են ո(ւ)յ [ես այսպես եմ գրի առնում ըստ իմ սովորության] և ի(ո)ւ (ի դեպ՝ ինչու՞ վարանեցիք մեծատառ վյունը մեծատառ ինիի կողքին գործածել
ություն/ության հոլովումը կդառնա ութիւն / ութեան
Ուրիշ ո՞ր բառերում կհանդիպի իւ / եա հերթագայությունը:
Փոխառյալ բառերում ոյ ապա ույ ինչպե՞ս կհաղորդվեն: Կորեական Ցոյ ազգանումը կկարդանք Ցո՞:
Լավ, փոխառյալներն այդքան կարևոր չեն: Հակառակ դեպքում՝ բացառություն կհամարենք:
Երրորդը վերաբերում է բառավերջի է-ին: Ափսոս՝ հանգաբառարան չունեմ: Բացի Ձեր բերած օրինակներից ուրիշ բառ է-ով վերջացող հիմա միտս չի գալիս:
Եվ մի վերջին հարց: Չգիտեմ՝ ինչու՛ է-ն և օ-ն իմ աչքին շաղկապվում են: Երևի երկուսն էլ այն պարզ ձայնավորներն են, որոնք հայերենում ունեն իրենց երկբարբառները (ե և ո)՝ բառասկզբում և բառամիջում ու վառավերջում գրվելիս: Արդ, ինչու՞ եք առաջարկում օ-ն հետևողականորեն հանել բառամիջից ու բառավերջից, իսկ է-ն միայն բառամիջից:
Կարծում եմ, որ իմաստաբանական-պատմական հիմքեր ունեք: Կներկայացնե՞ք:
Շնորհակալություն: