Տարիներ առաջ, երբ տարվել էի Ֆ. Սքոթ Ֆիցջերալդով, և հայրս իմացավ այդ մասին, ասաց.
- Հեմինգուեյն իր վեպերից մեկում գրել է նրա մասին:
- Որու՞մ:
- Կարծեմ «Ֆիեստան» էր:
- Հա՞… Ես դա կարդացել եմ, բայց ոչինչ չեմ հիշում… Երևի պետք է նորից թերթել:
- Չէ՛, չէ՛, սխալ ասացի: «Տոն, որը միշտ քեզ հետ է» գիրքն է:
Իմ գրապահարանում Հեմինգուեյի անգլերեն հատորներ կային, որոնցից միայն «Ծերունին և ծովն» էի կարդացել. «Ֆիեստայի» հայերեն թարգմանությունն ունեի, որոշել էի ինձ նեղություն չտալ: Հորս ասածից հետո հերթով հանեցի ու նայեցի վերնագրերը, սակայն չգտա իմ ուզածը: Հետո ևս մեկ անգամ մեկ առ մեկ ուսումնասիրեցի հատորները, բայց չկար ու չկար:
Կարծեմ մոռացա այդ գրքի մասին կամ որոշեցի սպասել այն պահին, թե երբ վերջապես մի տեղից կհայտնվի:
Ամենահեշտ տարբերակն արտասահմանում փնտրելն էր, բայց երբ հաջորդ տարի մեկնեցի Գերմանիա, մասնագիտական հովերով շատ էի տարված, և միակ գեղարվեստական գիրքը, որ գնեցի, Ֆ. Սքոթ Ֆիցջերալդի պատմվածքների ժողովածուն էր:
Հետո չգիտեմ՝ ինչ պատահեց, որ նորից հիշեցի «Տոն, որը միշտ քեզ հետ է»-ն: Այս տարի ամբողջ Ամստերդամը ոտքի տակ տվեցի, որ գտնեմ: Ու չնայած այնտեղ գրախանութները երեք-չորս հարկանի էին, իմ ուզած գիրքը չկար ու չկար:
Երևան վերադառնալուս ընդամենը մի քանի օր էր մնացել, և ես որոշել էի ծախսել վերջին փողերս: Շրջում էի քաղաքում, երբ նկատեցի «Ամերիկյան» կոչվող գրախանութը. այնտեղ եղել էի, բայց վերին հարկեր, չգիտեմ ինչու, չէի գնացել: Որոշեցի մեկ անգամ ևս մտնել: «Եթե այստեղ չլինի,- մտածեցի, կնշանակի, որ անիմաստ է փնտրելը. պարզապես չկա ու վերջ»:
Արդեն ասել եմ, որ Ամստերդամի գրախանութները մի քանի հարկանի էին, իսկ այս մեկն այնքան մեծ էր, որ անգամ հարկերի արանքների աստիճանների վրա էին գրքեր շարած, և դարակներն այնքան բարձր էին, որ վերինները չէի էլ կարողանում տեսնել, չնայած տեսողությունս բավական սուր է: Մեկ-երկու ժամ փնտրելուց հետո վերջապես գտա փնտրածս: Կզարմանաք, թե ինչ էի անում այդքան երկար. չէ՞ որ գրքերը շարվում են ըստ թեմաների, այն էլ՝ այբբենական կարգով: Այո՛, այո՛… ես մի կերպ գտել էի "Fiction" բաժինը, հասել էի "G" տառին ու շարունակությունը չգիտեի՝ որտեղ փնտրել, մինչև հասկացա, որ պարզապես մյուս սենյակում պետք է նայել:
Երբ վերադարձա Երևան ու վերջացրի այն գիրքը, որը դեռ Ամստերդամում էի սկսել, նայեցի գրապահարանիս, փորձեցի նորն ընտրել: Ինձ հետ հինգ գիրք էին բերել՝ բոլորն էլ իմ ընտրությամբ ու իմ ճաշակով: Չգիտեի՝ որից սկսել: Նման դեպքերում վիճակ գցելն օգնում է. երբ պատահական գիրք է ընտրվում, միանգամից հասկանում ես, թե որն է քո սրտով: Ու իսկապես. ընտրեվեց Աննա Բրոնտեն, իսկ ես վերցրի Հեմինգուեյը:
Առաջին նախադասություններն ինձ միանգամից կլանեցին. "Then there was the bad weather. It would come in one day when the fall was over. We would have to shut the windows in the night against the rain and the cold wind would strip the leaves from the trees in the Place Contrescarpe…"
Ես կարդում էի պարբերություն առ պարբերություն, կանգ էի առնում, մտածում, վերընթերցում: Սկզբում գերել էր այն, որ գրելու մասին էր. "... It was a pleasant cafe, warm and clean and friendly, and I hung up my old waterproof on the coat rack to dry and put my worn and weathered felt hat on the rack above the bench and ordered cafe au lait. The waiter brought it and I took out a notebook from the pocket of the coat and a pencil and started to write…"
Ինչ-որ տրամադրություն կար այստեղ, որ փոխանցվում էր ինձ: Ի տարբերություն աշխարհի մնացած բոլոր գրքերի, այս մեկը չէի ուզում վերջացնել. այդ տխուր պահը հնարավորինս հետաձգում էի՝ ինձ ստիպելով, որ չկարդամ կամ նույնն անընդհատ կրկնելով: Երբեմն նույնիսկ չէի դիմանում ու բարձրաձայն էի կարդում: Այնքա՜ն սահուն, այնքա՜ն մտերմիկ էր գրված:
Հետո նկարագրություններով հափշտակվեցի: Մի անգամ մոտ մեկ ժամ շարունակ ես և ընկերուհիս՝ Նազելին, փորձում էինք հետևյալ տողերը հայերեն թարգմանել. "With so many trees in the city, you could see the spring coming each day until a night of warm wind would bring it suddenly in one morning. Sometimes the heavy cold rains would beat it back so that it would seem that it would never come and that you were losing a season out of your life. This was the only truly sad time in Paris because it was unnatural. You expected to be sad in the fall. Part of you died each year when the leaves fell from the trees and their branches were bare against the wind and cold, wintry light. But you knew there would always be the spring, as you knew the river would flow again after it was frozen. When the cold rains kept on and killed the spring, it was as though a young person had died for no reason."
Իհարկե, ինչ-որ բան ստացվեց, բայց երկուսս էլ հասկացանք, որ անիմաստ է. կորում էր ողջ պատկերը, զգացողությունը: Մենք լռեցինք, և ես առաջ անցա…
Այս գիրքը նրանով էր յուրահատուկ, որ միայն պատկերներ չէր ստեղծում, այլ ազդում էր բոլոր զգայարաններիդ վրա: Դու շոշափում էիր, լսում, համ ու հոտ, անգամ քաղց զգում:
Սենյակում ահավոր աղմուկ էր: Մի քանիսն անկյունում հավաքված լուսանկարվում էին, մեկ ուրիշը հեռախոսով երաժշտություն էր միացրել, մյուսն անգլերեն էր պարապում, ես էլ ֆրանսերենս էի հանել, բարձրաձայն կարդում էի: Քիչ անց Վարդանը սկսեց ֆրանսերեն հանրահայտ երգերից նախադասություններ ասել, և ես փորձում էի թարգմանել: Չգիտեմ, թե ինչպես եղավ, որ խոսակցությունը բոլորովին այլ ուղղություն ստացավ:
- Հեմինգուեյն է իր գործերում շատ ֆրանսերեն արտահայտություններ օգտագործում,- ասաց Վարդանը:
- Հա՛, հատկապես «Տոն, որը միշտ քեզ հետ է» վեպում:
- Ես հիմա հենց այդ գիրքն եմ կարդում:
- Ես էլ,- ասացի ու պայուսակիցս հանեցի նշված գիրքը:
Հետո մենք խորացանք գրքի բովանդակության մեջ: Հետաքրքիր ու գեղեցիկ տողերն էինք հիշում և պատմում միմյանք:
- Դու՞ էլ «Հրեշտակների քաղաքում» տեսար այդ գիրքը, դրա համար կարդացիր:
Ես նորից զարմացա. իմ սիրած ֆիլմերից էր, որտեղ հնչում են իմ սիրած երգերը, դեռ մի բան էլ ավելանում է մի գիրք, որն իմ սիրելիների ցանկում գրանցվելու բոլոր հնարավորություններն ունի… Ու չնայած այդքան շատ դիտել էի ֆիլմը, չէի նկատել, որ այդ գրքի մասին խոսվում է:
- Ես ռուսերեն եմ կարդում, այն էլ՝ համակարչով: Յուրաքանչյուր ֆրանսերեն բառի համար ստիպված իջնում եմ մինչև վերջ, որ ծանոթագրությունները նայեմ… Բայց գեղեցիկ է նկարագրում, չէ՞:
Հետո վերցրեց գիրքը, սկսեց կարդալ: Քիչ անց ասաց.
- Լսի՛ր, սիրուն է, չէ՞. "She was very pretty with a face fresh as a newly minted coin if they minted coins in smooth flesh with rain-freshened skin, and her hair was black as a crow's wing and cut sharply and diagonally across her cheek."
Երբ հասա Ֆ. Սքոթ Ֆիցջերալդին նվիրված գլուխներին, ավելի ուժեղ տարվեցի. սիրածս գրողի մասին էր, պետք էր ամեն ինչ ներծծել: Ես լսել էիի, որ նրա «Գիշերն անույշ է» վեպի հերոսուհու նախատիպն իր կինն էր, բայց ուշադրություն չէի դարձրել. գիրքը կարդացել էի որպես մի սովորական գեղարվեստական ստեղծագործություն, որն ինձ ցնցել էր: Իսկ Հեմինգուեյը գրում է. "Scott did not write anything any more that was good until after he knew she was insane."
Վստահ էի, որ Զելդան Նիքոլն է, և Հեմինգուեյը հենց «Գիշերն անույշ է» վեպը նկատի ուներ վերևում: Մի տեսակ բոլորը խառնվել էի իրար. Էռնեստը, Սքոթը, Զելդան, Նիքոլը:
Մեր շրջապատում ապրող գրողների գործերի նախապատմությունները մենք միշտ էլ իմանում ենք, չնայած իմ խորին համոզմամբ դա ընթերցողի գործը չէ: Մի տեսակ ուրիշ էր թափանցել իմ սիրած գրողի բնավորության, կյանքի մեջ, զգալ, որ նա իմ մտերիմն է, հարազատը, հասկանալ նրան: Ու գիրքը վերջացնելուց հետո նորից վազեցի գրապահարանի մոտ, որպեսզի տեսնեմ, թե արդյոք ունեմ Ֆ. Սքոթ Ֆիցջերալդի "The Rich Boy" պատմվածքը, որի մասին նշում է Հեմինգուեյը:
Ու տարօրինակն այն է, որ այս ամենի արդյունքում ես սիրեցի Փարիզը: Այնտեղ երկու ամիս շրջելը բացի զզվանքից ու ձանձրույթից ուրիշ ոչինչ չառաջացրեց իմ մեջ, իսկ հիմա սիրում եմ: Դա նման է նրան, որ երբ որևէ մեկը կողքիդ է, ձանձրանում ես, հոգնում նրանից, բայց երբ հեռանում է, հանկարծ հիշում ես նրան ու հասկանում, թե որքան շատ ես սիրում ու կարոտում:
Հեմինգուեյն ասում է, որ դա ամենահարմար վայրն է գրելու համար: Ես հավատում եմ նրան: Եվ եթե երբևէ մի օր ցանկանամ շա՜տ-շա՜տ գրել, ապրել դրանով, լինել աղքատ ու երջանիկ, կմեկնեմ Փարիզ…
There is never any ending to Paris and the memory of each person who has lived in it differs from that of any other. We always returned to it no matter who we were or how it was changed or with what difficulties, or ease, it could be reached. Paris was always worth it and you received return for whatever you brought to it. But this is how Paris was in the early days when we were very poor and very happy.
Էջանիշներ