Քաղաքական քննարկումնե՞ր, թե՝ շարքային բամբասանք

Ընդհանուր նկարագրություն

Այսօր երկրի տերն, ասում են, ժողովուրդն է: Այս ժողովուրդն էլ շատ լուրջ է ընդունել այդ պնդումն ու ամբողջ օրը նստած քաղաքական քննարկումներ ու քաղաքական բանավեճեր է անցկացնում: Այդ քաղաքական բանավեճերը տրանսպորտում են ու բակում, հիմնարկում ու խանութում ու նույնիսկ ինտերնետում, որտեղ այդպիսի բանավեճերի հնարավորություններ են ստեղծվել:

Սա լավ է: Թող ժողովուրդը հասկանա, որ ինքն է մեր երկրի տերն ու սկսի քաղաքական ակտիվ կյանքով ապրել: Շատ լավ է: Բայց ախր ու՞ր է Ձեր բանավեճը:

Այս բանավեճերը սկսվում ու ավարտվում են գոռգոռոցներով, ու որ կողմից շատ մարդ կա, ձայներն էլ ավելի բարձր են, նրանք էլ հաղթում են, բայց դե պարտվողն էլ, այսինքն այդ պահին քիչ մարդկանցով եղած ու փոքր-ինչ ավելի ցածր խոսացած մարդն էլ, ոչ մի կերպ չի ուզում ընդունել, որ ախր ինքը պարտվել է, ու ասում է. «Տեսար դրանց ո՞նց տեղը նստացրի»: Այդ դրանցը իր ընկերներն են, դեռ քիչ առաջ հետները նստած նարդի էր խաղում ու որովհետև նարդին իբր-թե սպորտ է, սպորտն էլ իբր թե բարեկամացնող բան է, կրվելուն պես սկսեց իրեն վատ զգալ, թե՝ ախր ինչու՞ պետք է իր հարևանն իրեն հաղթի: Ու քանի-որ սպորտով չէր կարող կռիվ անել, ռևանշի համար որոշեց քաղաքական բանավեճի անցնել: Ու որովհետև ինքը Լևոնի օրոք լավ էր ապրել, ասաց՝ թե. «Էս ընտրություններին պիտի Լևոնին ընտրեմ»: Ու քանզի ու վասնզի իր հարևանն էլ հիմա էր լավ ապրում, թանկանոց նարդի ուներ, փղոսկրյա զառերով բոլորին հաղթում էր, ասաց «Արա, հո չե՞ս գժվել, Սերժից ճիշտը չկա»: Ու այս մարդիկ, որ քիչ առաջ հայ էին կոչվում, որ քիչ առաջ հարևան էին կոչվում, հանկարծ դառան Լևոնական ու Սերժական: Այս Սերժականը Լևոնականին էր «ծակ հիշողություն» ասում, Լևոնականն էլ Սերժականին՝ «տրաքած փուչիկ»: Թե ինչու՞ հենց տրաքած փուչիկ, չգիտեմ, հիմա մարդը մի բան պիտի ասեր, որոշեց հենց փուչիկ ասել: Բայց դե ախր էս Սերժականը էդ անձնական վիրավորանքը չէր կարող տանել ու ասաց, թե. «Փուչիկն էլ ես, հլա մի բան էլ ավել»: Նա էլ թե. «էդ ես չեմ փուչիկ, էդ դու ես ծակ»: Հետո այսպես իրար ի՜նչ ասես ասում էին, ո՜նց ասես գոռում էին: Հարևանն էլ եկավ, ձայները լսեց, սրանցից մեկի կնոջը հարցրեց. «Էս ի՞նչ են անում»: «Բանավիճում են», - ասաց կնիկը: «Դե որ բանավիճում են, արի ես էլ իմ խոսքը ասեմ» - ասաց այս մարդն ու մոտենալով մեր Սերժականին ու Լևոնականին ասաց. «Արա, Ձեզ ասում եմ, որ Վրաստանը վարի ա էթում»: «Սաղ Լևոնն ա մեղավոր» - ասաց Սերժականը, որ նույնիսկ չէր էլ լսել, թե հարևանն ի՞նչ է ասում: Լևոնականն էլ տակ չմնաց ու ասաց «Սաղ Սերժն ա մեղավոր»: Էն հարևանն էլ, թե. «երկուսն էլ մեղավոր են», որովհետև մտածեց, թե երևի մի բան գիտեն էլի, որ ասում են, հո անկապ չեն կրակում: «Տո սաղ Լևոնի ժամանակ սկսվեց»: «Տո սաղ Սերժի օրով կշարունակվի»: «Կաշառակեր ա», «Մարդասպան ա», «կհիշացնեմ», «կհիշեմ» ու սենց խոսում էին ու մեկը մեկին չէին լսում:

Անունն էլ դրել են, թե քաղաքակիրթ բանավեճ է: Տո վա՜յ ձեր քաղաքակիրթ բանավեճը...



շարունակելի...